HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Արման Պետրոսյան․ «Անշարժ գույքի գործարքները կնվազեն, գների նվազման մասին վաղ է խոսել»

Անշարժ գույքի շուկան զգայուն է և արդեն արձագանքում է երկրում տիրող տնտեսական իրավիճակին։ Ի՞նչ ազդեցություն է ունենում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանի անշարժ գույքի շուկայի վրա, ի՞նչ դինամիկա է արձանագրվել, և ի՞նչ է կանխատեսվում։ Այս հարցերի շուրջ զրուցել ենք Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանի հետ։

Պարոն Պետորոսյան, ինչպե՞ս է անշարժ գույքի շուկան արձագանքում ճգնաժամային երևույթներին։

Նախ և առաջ սկսվում են նվազել անշարժ գույքի նկատմամբ գործարքները։ Եթե այդ գործարքների նվազումը մի քանի ամիս և ավել է տեւում, սկսում են նվազել անշարժ գույքի գները։

Այսինքն, այս իրավիճակը պետք է ավելի երկա՞ր տևի, որ անդրադարձ ունենա գների վրա։

Այո, ճիշտ եք։ Այս պահին կարող ենք պնդել, որ մարտ ամսին կունենանք անշարժ գույքի գործարքների քանակների նվազում (վերլուծությունն ավելի ուշ է ամփոփվում-հեղ․)։ Թե գների նվազում երբ կլինի, դա պարզ կդառնա նրանից, թե որքան կտևի այս իրավիճակը։ Ամեն դեպքում, մենք 2020 թվականի փետրվարին գործարքների քանակի աճ ենք արձանագրել։ Մասնավորապես, եթե համեմատենք 2019 թվականի փետրվարի հետ,  գործարքների քանակի 24.3% աճ ենք արձանագրել։ Նաև վերջին երկու տարիներին արձանագրվել է անշարժ գույքի գների շարունակական աճ, ու չեմ կարծում, որ մեկ-երկու ամիսը կբերի գույքի գնի նվազման։ Պետք է մի փոքր երկար տևի այս իրավիճակը, որ նաև դա ազդի անշարժ գույքի գների վրա։

Փորձենք ավելի պարզ նկարագրել իրավիճակը։ Ի՞նչ է տեղի ունենում. երբ քաղաքացին տեսնում է, որ ֆինանսական և տնտեսական առումով բարդ իրավիճակ է, խուսափո՞ւմ է գործարք կատարելուց։

Զուտ սպասման պրոցես է տեղի ունենում։ Մարդը սպասում է, այդ պահին ներդրում չի անում։ Այսինքն՝ ուզում է ավելի տեսանելի լինի իրավիճակը, ավելի կանխատեսելի լինի հետագան։ Այդ պահին ձեռնպահ է մնում ֆինանսական մեծ գործարք կատարելուց։ Դժվարանում եմ ասել, որ այս պահին նման իրավիճակ է։ Մենք այս պահին ավելի շատ արձանագրում ենք գործարքների քանակի նվազում մի քանի այլ պատճառներով։ Օրինակ՝ սպասարկման գրասենյակները չեն աշխատում, դիմումներն առցանց ենք ստանում։ Դիմումների քանակն ակնհայտ նվազել է, բայց եթե վաղը գրասենյակը բացենք, հնարավոր է` նույն քանակի կամ ավելի շատ դիմումներ ընդունենք։

Դուք դիմումների նվազումը պայմանավորում եք գրասենյակների փակ լինելո՞վ։

Այո, գրասենյակների փակ լինելով, քանի որ ոչ բոլորն են այսօր կարողանում առցանց դիմում գրել, որոշ դիմումների դեպքում նաև էլեկտրոնային ստորագրության պահանջ կա։ Որոշ մարդիկ, այս պահին ունենալով դիմում, սպասում են գրասենյակները բացվեն, որովհետև այդպես են սովոր, և առցանցը մի քիչ խորթ է իրենց համար։

2018 թ.–ին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններով պայմանավորված` անշարժ գույքի շուկայում էական աշխուժություն գրանցվեց։ Այդ ժամանակվանից մինչ օրս դինամիկան ինչպիսի՞ն էր։

Սկսած 2018 թ.-ի ապրիլ–մայիս ամիսներից՝ անշարժ գույքի շուկան ինտենսիվորեն աճել է։ Ամիսն ամսվա համեմատ արձանագրել ենք թե´ գործարքների քանակների աճ, թե´ գների աճ։ Այդ դինամիկան մինչև 2020 թվականի փետրվար պահպանվել է։ Այդ ժամանակվա իրադարձությունները միայն դրական անդրադարձ են ունեցել անշարժ գույք շուկայի վրա, և որևէ ճգնաժամ չենք ունեցել։

Այս պահին որևէ առանձնահատուկ բան չկա, միակ խոչընդոտը, որ գրասենյակները չեն աշխատում, և երևի թե բանկային համակարգն է պասիվացել։ Թե հետագայում այս ամենն ինչ ազդեցություն կունենա, ժամանակը ցույց կտա։ Նաև` թե ինչքան կտևի այս իրավիճակը։

Մեկնաբանություններ (2)

Սուսաննա
Ակյնհայտ է , որ ինչպես բոլոր ոլորտները այնպես էլ անշարժ գույքի շուկան փլուզվելու է, թեպետ անշարժ գույքի գործակալները դեռ տարվա սկզբից էլ դժգոհում էին , որ գործարքները նվազել են և գներն էլ ուռճացված են արհեստականորեն 2018 թվականի հեղափոխությունից հետո և հիմնականում հենց դա էր պատճառը շուկայի դադարին: Կոռոնավիռուսով պայմանվորված գնանկումը անխուսափելի;
Գոռ
Ւնձ թվում է այսքանը, որ փողոցում մի պատահական մարդու հարցնեիք, էլի նման բաներ կասեր, բայց ամենակարևոր լուրջ պատճառը այդպես էլ չլսեցինք պաշտոնիայի կողմից (բանկը պասիվ է կամ գրասենյակը փակ է...)։ Ժամանակակից աշխարհում մարդիք նման գլոբալ ճգնաժամ չեն տեսել, որը անմիջապես իրենց կյանքին է սպառնում, չես կարող ասել այստեղ վտանգավոր է գնամ մի ուրիշ երկիր, վտանգը համատարած է, բնականաբար անորոշությունից նման գործարքները այսօր և մոտ ապագայում չեն լինի, ինչու չէ գիտակցելով որ վաղը գույքը չէ իրենց կյանքը փրկելու, փաստացի եղած գումարները իրենց կենսական կարիքների համար են մարդիք պահում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter