HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՖԻՖԱ-ի նախկին ղեկավարությունը մեղադրվում է կոռուպցիոն գործարքների մեջ

ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել ՖԻՖԱ-ի նախկին ղեկավարությանը։ Նրանք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ՝ Ռուսաստանում և Քաթարում Ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման աջակցության համար։ Այդ մասին գրում է «BBC»-ն։

Ֆեդերիացիայի նախկին փոխնախագահ Ջեք Ուորները մեղադրվում է Ռուսաստանում 2018 թվականին Ֆուտբոլի աշխարհի առաջնության հայտի աջակցության համար 5 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ։ Այս մեղադրանքն ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից իրականացվող հետաքննության արդյունք է, որն իրականացվում է ՖԻՖԱ-ի նախկին ղեկավարության նկատմամբ։

Նյու Յորքի արևելյան շրջանային դատարանին քննիչների կողմից փոխանցված փաստաթղթերով՝ ՖԻՖԱ-ի ղեկավար կազմի յոթ անդամ մեղադրվում են այն բանում, որ իրենց ձայների համար վերջիններիս խոստացվել կամ վճարվել է կաշառք՝ 2018 և 2022 թվականների Ֆուտբոլի աշխարհի առանջությունները Ռուսաստանում և Քաթարում անցկացնելու համար։

Դատախազների հայտարարությունների համաձայն՝ 2010 թվականի նոյեմբերի 1-ին ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Ջեք Ուորների օգնականն ստացել է էլեկտրոնային հաղորդագրություն, որը սկսվել է հետևյալ նախադասությամբ. «Խնդրում եմ նրան տեղեկացրեք, որ այն, ինչի մասին պայմանավորվել ենք, կիրականացվի այս շաբաթ»:

Դատախազները կարծում են, որ հաջորդող մի քանի ամիսների ընթացքում Ուորները, Տրինիդադ և Տոբագոյի իր հաշվին, ստացել է շուրջ 5 միլիոն դոլար։ Փոխանցումներն իրականացվել են Կիպրոսից մինչև Բրիտանական Վիրջինիական կղզիներում գրանցված 10 օֆշորային կազմակերպությունների միջոցով, իսկ այնուհետ բաշխվել ամերիկյան շուրջ 30 բանկային հաշվիների միջև։

Տրինիդադ և Տոբագոյի քաղաքացի հանդիսացող Ուորները դեռևս չի արտահանձնվել ԱՄՆ-ին։ Մեղադրանքում նշվում է, որ ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի նախկին անդամ, գվատեմալացի Ռաֆայել Սալգերոյին խոստացել էին 1 միլիոն ԱՄՆ դոլար՝ Ռուսաստանի օգտին քվեարկելու համար։ Սալգերոն ավելի վաղ ընդունել էր մեղքը և ցմահ հեռացվել ֆուտբոլից։ Դատախազները նաև պնդում են, որ Քաթարի օգտին քվեարկելու համար կաշառք են ստացել նաև ԿՈՆՄԵԲՈԼ-ի (Հարավային Ամերիկայի ֆուտբոլի ֆեդերացիա) նախկին նախագահ Նիկոլաս Լեոսը և Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին ղեկավար Ռիկարդո Թեշեյրան։

Լեոսը մահացել է նախորդ տարի իր հայրենի Պարագվայում, որտեղ գտնվում էր տնային կալանքի տակ։ Վերջինիս պետք է արտահանձնեին Միացյալ Նահանգներին։ Թեշեյրան ևս ցմահ հեռացվել է ֆուտբոլից։ Մեղադրանք է առաջադրվել նաև ամերիկյան «21st Century Fox» հեռուստաընկերության նախկին ղեկավարին։ Հետաքննիչների տվյալներով՝ հեռուստաընկերությունը խոշոր չափի կաշառքներ է տվել ՖԻՖԱ-ի ղեկավարությանը՝ հեռարձակման իրավունքի համար։

Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենի տեղակալ Ուիլյամ Սուինին հայտարարել է, որ «ՀԴԲ-ն հետաքննում է անօրինական գործարքներն ու կուլիսային բանակցությունները, որոնք թաքնված են ֆուտբոլային իրադարձությունների ենթակառուցվածքներում, տարածքներում և մարքեթինգային պայմանագրերում»։

Ռուսական իշխանությունները հերքում են ցանկացած մեղադրանք, որոնք կարող են կապված լինել 2018 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմակերպման կոռուպցիոն սկանդալների հետ։

«Մենք կարդացել ենք ԶԼՄ-ների հաղորդագրությունները, չենք հասկանում, թե ինչի մասին է խոսքը։ Ռուսաստանը բացառապես օրինական ճանապարհով է ստացել աշխարհի առաջնության կազմակերպման իրավունքը։ Դա որևէ կերպ կապված չէ ինչ-որ կաշառքների հետ, մենք կատեգորիկ ժխտում ենք»,- հայտնել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ռուսաստանն արդեն անցկացրել է աշխարհի առաջնությունը, իսկ Քաթարը կկազմակերպի երկու տարի անց։ Սա առաջին դեպքը չէ, երբ մեղադրվում է արաբական այս միապետությունը։ 2017 թվականին արգենտինական հեռուստաընկերության նախկին թոփ մենեջերը Նյու Յորքի դատարանում հայտնել է, որ ՖԻՖԱ-ի ղեկավարները կաշառք են ստացել Քաթարից։ 2019 թվականի հունիսին ՈւԵՖԱ-ի նակին նախագահ Միշել Պլատինին ձերբակալվել և հարցաքննվել էր Քաթարի ընտրության հարցում կոռուպցիոն գործարքի շրջանակներում։ Նոր մեղադրանքները կարող են հանգեցնել ՖԻՖԱ-ի 2010 թվականի ընտրությունների վերաբերյալ ներքին հետաքննության իրականացման, որը պայմանավորված է Ռուսաստանի և Քաթարի հայտերի հաղթանակով։

Քաթարի պարագայում դատախազները չեն հստակեցնում, թե ով է կանգնած եղել հնարավոր կոռուպցիոն գործարքների հետևում։

Հիշեցնենք, որ դեռ 2015 թվականին Ցյուրիխի հյուրանոցներից մեկում իրականացված հետախուզությունից հետո պարզ էր դարձել, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հետաքննություն է իրականացնում ՖԻՖԱ-ի նախկին ղեկավարության և հեռուստաընկերությունների ղեկավարների հնարավոր կոռուպցիոն գործարքների վերաբերյալ: Սկանդալի արդյունքում հրաժարական էին տվել ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը և ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին։ Ընդհանուր առմամբ, մեղադրանք է առաջադրվել 42 մարդու, որոնցից 26-ն ընդունել է մեղքը։

Լուսանկարը՝ ՖԻՖԱ-ի պաշտոնական կայք էջի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter