HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձերբակալվել է ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) նախկին նախագահ Միշել Պլատինին ձերբակալվել է աշխարհի 2022 թվականի առաջնությունն (Մունդիալ-2022) ընդունող երկրի ընտրության գործում կոռուպցիոն հանցագործություն կատարելու կասկածանքով:

BBC-ի հաղորդմամբ՝ 63-ամյա Պլատինին գտնվում է ոստիկանների հսկողության ներքո ֆրանսիական Նանտեր քաղաքում: ՈւԵՖԱ-ի նախկին նախագահը հայտարարել է, որ անմեղ է:

Պլատինիի փաստաբանը նշել է, որ իր հաճախորդը չի կալանավորվել, այլ միայն կանչվել է հարցաքննության, ինչից հետո ձերբակալվել է: Փաստաբանն ընդգծել է, որ Պլատինին թաքցնելու ոչինչ չունի: Նախկին ֆուտբոլիստի փաստաբանը նշել է նաև, որ հարցաքննությունը եղել է Եվրո-2016-ը հյուրընկալող երկրի ընտրության վերաբերյալ, սակայն ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Պլատինիի ձերբակալման իրական պատճառը աշխարհի 2022 թվականի առաջնությունն ընդունող երկրի ընտրության հարցում կոռուպցիոն դրսևորումներն են: Հիշեցնենք՝ ֆուտբոլի աշխարհի 2022թ. առաջնության կազմակերպումն ու անցկացումը վստահվել է Կատարին:

Կատարի ընտրությունը՝ որպես Մունդիալ-2022-ն ընդունող երկիր, հարուցեց ֆուտբոլային աշխարհի տարակուսանքը՝ հատկապես հաշվի առնելով այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են տեղի սակավաթիվ երկրպագուների (Կատարի բնակչությունը կազմում է մոտ 2 մլն 600 հազար) այցելությունը մարզադաշտեր, չափազանց շոգ ամառը և Կատարի հավաքականի վատ ելույթները: Բացի այդ բազմիցս հիշատակվել է երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոչ պատշաճ մակարդակը, ինչպես նաև սեռական փոքրամասնությունների հանդեպ անհանդուրժողականությունը:

Ավելի վաղ Ֆրանսիայի իրավապահ մարմինները սկսել էին պարզել, թե ինչպես է անցել Մունդիալ-2018-ի (անցկացվել է Ռուսաստանում) և Մունդիալ-2022-ի քվեարկության գործընթացը: Հարցաքննվել էր նաև ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատերը:

Աշխահի 2018 և 2022 թվականների առաջնություններն ընդունող երկրների ընտրությունից մեկ ամիս առաջ՝ 2010թ. նոյեմբերին, Պլատինին խոստովանեց, որ հանդիպել է Ֆրանսիայի այդ ժամանակվա նախագահ Նիկոլյա Սարկոզին և Քաթարի ներկայիս էմիր Թամիմ բեն Համադ ալ-Թանիին: Նրա խոսքերով՝ Սարկոզին փորձել է համոզել իրեն իր ձայնը տալ Կատարի օգտին և կոչ անել ՈւԵՖԱ-ի ղեկավարությանը նույնպես այնդպես քվեարկել, որպեսզի Կատարի հետ ձեռնտու առևտրային պայմանագրեր կնքեն: Հիշեցնենք, որ 2018 թվականին Սարկոզին նույնպես ձերբակալվել էր այլ մեղադրանքով, սակայն մի քանի օր անց ազատ էր արձակվել:

2014թ. էլ Պլատինին խոստովանեց, որ հանդիպում է ունեցել Ասիական ֆուտբոլային կոնֆեդերացիայի նախկին ղեկավար Մուհամեդ բեն Համամի հետ, որին ՖԻՖԱ-ն մեղավոր էր ճանաչել կաշառակերության համար և ցմահ որակազրկել էր ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելուց: Պլատինին ասել էր, որ Բեն Համամի հետ հանդիպել է Մունդիալ-2022-ի անցկացման վայրի ընտրությունից ոչ շատ առաջ: Արդյունքում ՈւԵՖԱ-ի նախկին նախագահը իր ձայնը տվել էր Կատարին:

Միշել Պլատինին ՈւԵՖԱ-ն գլխավորել է 2007-ից 2015 թվականներին, իսկ 2015թ. դեկտեմբերին ՖԻՖԱ-ի նախկին  նախագահ Զեպ Բլատերի հետ 4 տարով որակազրկվել էին ֆուտբոլային գործունեություն իրականացնելուց: Այդ ժամկետը հետագայում կրճատվել և դարձել էր 4 տարի: ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովի որոշման հիմքը 2011 թվականին Բլատերիի կողմից Պլատինիի բանկային հաշվին կատարված 2 միլիոն դոլարի փոխանցումն էր: Բլատերն ու Պլատինին հերքել էին բոլոր մեղադրանքները՝ շեշտելով, որ փոխանցումն արվել է օրինական ճանապարհով:

Այս տարվա հունիսին New York Times-ի հետ զրույցում Միշել Պլատնին նշել էր, որ որակազրկման ժամկետի ավարտից (2019թ. հոկտեմբեր) հետո մտադիր է վերադառնալ ֆուտբոլ և ամբողջովին մաքրել իր անունը:

Հիշեցնենք, որ Միշել Պլատինին մի քանի անգամ եղել է Հայաստանում: Նրա վերջին այցը տեղի է ունեցել 2015 թվականի մայիսի 21-ին:

Միշել Պլատինին ֆուտբոլային կարիերայի ընթացքում մեծ հաջողությունների է հասել: 1984 թվականին Ֆրանսիայի հավաքականի հետ դարձել է Եվրոպայի չեմպիոն: 1983, 1984, 1985 թվականներին նվաճել է ֆուտբոլային աշխարհի ամենահեղինակավոր անհատական մրցանակը՝ «Ոսկե գնդակը»: Միշել Պլատինին հանրահայտ France Football ամսագրի վարկաճով՝ ճանաչվել է 20-րդ դարի ֆրանսիացի լավագույն ֆուտբոլիստ: Բազմաթիվ մասնագետների գնահատմամբ՝ համարվում է ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողներից մեկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter