HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Սարկոզին ազատ է արձակվել և հերքել իրեն առաջադրված մեղադրանքները

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիին ազատ են արձակել փետրվարի 20-ի ձերբակալությունից հետո: Երկրի դատախազությունը նրան մեղադրում է նախագահական քարոզարշավի ժամանակ արտերկրից անօրինական ֆինանսական աջակցություն ստանալու մեջ: Մասնավորապես, Սարկոզին կասկածվում է 2007 թվականին Լիբիայի այդ ժամանակվա նախագահ Մուամար Քադաֆիից ֆինանսական աջակցություն ստանալու մեջ:

BBC-ի ռուսական ծառայությունը, հղում անելով Le Figaro-ին, գրում է, որ ազատ արձակվելուց հետո 63-ամյա Սարկոզին ամբողջովին հերքել է իրեն առաջադրված մեղադրանքները՝ նշելով, որ «այդ մեղադրանքները իր կյանքը դժոխք են դարձնում»: Այս գործով պաշտոնական հետաքննությունը սկսվել էր 2013 թվականին: 

Փետրվարի 20-ին այս գործով հարցաքննվել էր նաև Նիկոլյա Սարկոզիի մերձավորներից Բրիս Օրտեֆյոն, ով նախարարական տարբեր պաշտոններ է զբաղեցրել Սարկոզիի կառավարման տարիներին:

2018-ի տարեսկզբին Լոնդոնում փողերի լվացման կասկածանքով ձերբակալվել էր նաև Սարկոզիի նախկին օգնական, գործարար Ալեքսանդր Ջուրին, ով այնուհետև գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Գործարարին համարում են միջնորդ` լիբիական իշխանությունների և Սարկոզիի նախընտրական շտաբի միջև բանակցություններում։ Ջուրին նույնպես հերքել է բոլոր մեղադրանքները՝ ընդգծելով, որ այս ամբողջ գործընթացը քաղաքական մոտիվ է կրում:

2016 թվականի նոյեմբերին գործարար Զիյադ Թաքիէդինը հայտնել էր, որ 2006-2007 թվականներին նա անձամբ է 200 և 500-եվրոանոց փողերով լի ճամպրուկը հանձնել Նիկոլյա Սարկոզիին և նրա նախընտրական շտաբի պետ Կլոդ Գեանին: Թաքիէդինը նշել է, որ Քադաֆին էր փոխանցել այդ գումարը, որը կազմում էր մոտ 5 միլիոն եվրո:

Նախօրեին Կլոդ Գաենը հայտարարել էր, որ «լիբիական փողերից ոչ մի ցենտ չի տեսել»: Ֆրանսիական Le Monde թերթը ընդգծում է, որ Լիբիայի պետական ներդրումային հիմնադրամի նախկին ղեկավար Բաշիր Սալեհը հաստատել է, որ Քադաֆին իսկապես հովանավորել է Նիկոլյա Սարկոզիի նախընտրական արշավը։

Մուամար Քադաֆիի որդին՝ Սաիֆ ալ-Իսլամ Քադաֆին էլ նշել է, որ պատրաստ է ցուցմունք տալ Սարկոզիի դեմ և նույնիսկ ներկայացնել մինչև նախընտրական քարոզարշավի մեկնարկը իր հոր ու Ֆրանսիայի նախկին նախագահի առաջին հանդիպման ձայնագրությունը:

Հավելենք, որ Նիկոլյա Սարկոզին և իր կուսակցությունը կասկածվում են նաև 2012 թվականի ընտրություններում փաստաթղթերի կեղծման միջոցով քարոզարշավի ժամանակ ծախսվող թույլատրելի գումարի շեմը գերազանցելու և այն թաքցնելու մեջ։

Լուսանկարը՝ Eric Ryan / Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter