HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու դեպքում հիմք են ընդունվելու նաև էլեկտրոնային եղանակով ստացված որոշումները

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Արման Հովհաննիսյանի, երեկ որոշել է կալանքից ազատ արձակել Թուրքիայի Հանրապետության մի քաղաքացու, որը մեղադրվում է փաստաթղթերի կեղծման և Հայաստանի Հանրապետության սահմանն ապօրինի հատելու մեջ։

Ըստ քրեական գործի՝ քաղաքացին կորցրել է իր անձնագիրը և քննությամբ չպարզված հանգամանքներում ու չպարզված անձից ձեռք բերել Թուրքիայի Հանրապետության քաղաքացու կեղծ անձնագիր, ապա Իրաքի Հանրապետությունից 2019 թվականի հունիսի 1-ին ապօրինի, առանց սահմանված փաստաթղթերի, «Զվարթնոց» օդանավակայանով հատել է Հայաստանի պահպանվող պետական սահմանն ու մուտք գործել Հայաստան։ Քաղաքացին պահվում էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։

Նրա հանրային պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, դատարանի որոշման մեջ, ի թիվս այլ հիմնավորումների, նշված է նաև Եվրոպայի խորհրդի մարտի 20-ին հրապարակած զեկույցը՝ անազատության մեջ գտնվող անձանց վերաբերյալ՝ կորոնավիրուսի համատեքստում։

Պաշտպանը ստիպված է եղել դատական նիստից հետո Երևանից հասնել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ որոշումն առձեռն ներկայացնելու և պաշտպանյալին ազատ արձակելու համար։ Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ փաստաբանները բարձրաձայնում են այս մասին, հայտնում, որ  քրեակատարողական հիմնարկներն էլեկտրոնային տարբերակով ուղարկված որոշման հիման վրա անձանց ազատ չեն արձակում՝ չնայած հանգամանքին, որ պետական ողջ ապարատը վերջին օրերին, պայմանավորված կորոնավիրուսի համավարակով, հորդորում է զերծ մնալ անհարկի շփումներից և կոչ անում գործավարությունը կազմակերպել էլեկտրոնային տարբերակով։

Երեկվա դեպքից  մեկ օր առաջ նմանատիպ խնդրի բախվել էր մեկ այլ հանրային պաշտպան՝ Թամարա Բաղդասարյանը։ Վերջինիս պաշտպանյալն այն անձանցից էր, որի խափանման միջոցը փոխելու միջնորդություն էր ներկայացրել նաև դատախազությունը՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով։ Բաղդասարյանի պաշտպանյալի խափանման միջոցը փոխվել էր, այնուհետև դատարանը այդ մասին տեղեկացրել էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ին։ Մեզ հետ զրույցում Թամարա Բաղդասարյանը նշեց, որ այն բանից հետո, երբ հայտնել են, թե դատարանի կողմից ուղարկված էլեկտրոնային տարբերակով որոշման հիման վրա անձին չեն կարող ազատ արձակել,  որոշումը քրեակատարողական հիմնարկ է ներկայացրել վերջինիս ազգականներից մեկը։

Լյուդվիգ Ավետիսյանի՝ Թուրքիայի քաղաքացի  պաշտպանյալը, որը ի դեպ հայտնում է, թե ծպտյալ հայ է, ի տարբերություն ազատ արձակված մյուս անձի՝ Հայասանում մտերիմներ չունի։ 68-ամյա պաշտպանը, որի տարիքի անձանց այս օրերին հորդորում են առավել զգույշ լինել, ինքն է ստիպված եղել դատարանի որոշումն առձեռն ներկայացնել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

«Ինչպե՞ս կարող ես ինքնամեկուսանալ, երբ  նախ ստիպված ես մասնակցել պաշտպանյալիդ նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացնելու վերաբերյալ քո միջնորդության քննությանը, ապա խափանման միջոցը փոփոխելու որոշումը հասցնել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, ժամերով սպասել, և անհրաժեշտ ձևակերպումներից հետո նրան բերել Երևան»,- մեզ հետ զրույցում ասաց Ավետիսյանը՝ նշելով, որ ինքը փաստացի, իր պաշտպանյալի միակ հարազատն է Հայաստանում, նա այլ ծանոթ-բարեկամ չունի, որոնք կարող էին իր փոխարեն դատարանի որոշումը հասցնել ՔԿՀ։

Խնդրի մասին արդեն երկու օր է՝ բարձրաձայնում է նաև հանրային պաշտպանի գրասենյակը։ Թամարա Բաղդասարյանի պաշտպանյալի հետ կապված խնդրով գրասենյակից դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին (ՄԻՊ): Մեզ հետ զրույցում ՄԻՊ մամուլի քարտուղար Նունե Հովսեփյանն ասաց, որ իրենք դրան ընթացք են տվել, սակայն, փաստացի, կոնկրետ դեպքով խնդիրը լուծվել է։

Մեզ հետ զրույցում Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմինե Ֆանյանն ասաց, որ Փաստաբանների պալատը ևս խնդրի լուծման ուղղությամբ միջոցներ է ձեռնարկել։

Կապ էինք հաստատել նաև արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հետ՝ պարզելու համար, թե արդյոք քրեակատարողական ծառայությունը չի՞ պատրաստվում քայլեր ձեռնարկել փաստաբանների բարձրացրած հարցին լուծում տալու համար։

Քիչ առաջ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը հայտնեց, որ, հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության պայմաններից բխող իրավիճակը՝ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկները խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու դեպքերում հիմք են ընդունելու նաև վարույթն իրականացնող մարմիններից էլեկտրոնային եղանակով ստացված որոշումները՝ դրանց իսկությունը ստուգելու համար վարույթն իրականացնող մարմիններից հեռախոսազանգի միջոցով ճշգրտումներ կատարելու եղանակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter