HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազն Ալավերդու համայնքապետին առաջարկել է պատկերասրահի շենքը համայնքին վերադարձնելու պահանջով հայց ներկայացնել դատարան

Լոռու մարզի դատախազ Գարեգին Մանուկյանը Ալավերդու համայնքապետ Սասուն Խեչումյանին և Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին որպես պատշաճ հայցվորներ առաջարկել է Թումանյան 44 և 44/1 հասցեներում գտնող Ալավերդու պատկերասրահի շենքի  նկատմամբ «Հայէկոնոմբանկ» ՓԲԸ-ի ապօրինի գրանցումը անվավեր ճանաչելու և Ալավերդի քաղաքի օրինական շահերը վերականգնելու պահանջով հայց ներկայացնել վարչական դատարան:

Հիշեցնենք՝ «Հայաստանի ազգային պատկերասրահի» Ալավերդու մասնաճյուղի շենքը Կառավարության 1997թ. մարտի 14-ի N 51-Ն որոշմամբ՝ հանդիսացել և այսօր էլ հանդիսանում է Ալավերդի համայնքի սեփականությունը, սակայն կեղծիքներով Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ պակերասրահի շենքը Քաղառի վարկային պարտքերի դիմաց հանձնվել է «Հայէկոնոմբանկ» ՓԲԸ-ին: «Հետք»-ի հրապարակումից հետո Լոռու մարզի դատախազությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Հայէկոնոմբանկ» ՓԲԸ-ի սեփականության իրավունքը Ալավերդու պատկերասրահի նկատմամբ գրանցվել է առանց իրավունքի պետական գրանցման անհրաժեշտ փաստաթղթերի:

Քրեական գործի նախաքննությունը պարզել է, որ մինչ պատկերասրահի շենքը Կառավարության որոշմամբ Ալավերդի համայնքի սեփականության հանձնելը՝ 1996թ. դեկտեմբերի 30-ին, «Հայէկոնոմբանկ» ՓԲ ընկերության Թումանյանի մասնաճյուղի կողմից հայցադիմում է ներկայացվել Վանաձորի ժողդատարան՝ Ալավերդու Քաղառի կողմից 41 392 000 դրամ պարտքը չմարելու պատճառով՝ Քաղառին սնանկ ճանաչելու պահանջով: 1997 թվականի հունիսի 19-ին Վանաձորի  ժողդատարանի որոշմամբ՝ Քաղառը ճանաչվել է սնանկ:

1997թ. հուլիսի 4-ին Պետական ունեցվածքների հաշվառման և ապապետականացման վարչության կողմից դատարանին ներկայացված մինչև 1997թ. հուլիս ամիսը Ալավերդի քաղաքում սեփականաշնորհված  և չսեփականաշնորհված գույքերի ցանկում Կախոյան 7 հասցեի թիվ 18 խանութն ընդգրկված չի եղել: 1997թ. օգոստոսի 8-ին դատարանը որոշում է կայացրել Ալավերդու Քաղառի գույքն ուղղակի գործարքով և աճուրդով վաճառելու մասին: Օգոստոսի 11-ին սնանկության կառավարիչ Ֆրունզիկ Լալայանը դատարանին տրամադրել է Քաղառի լուծարային հանձնաժողովի կողմից վաճառվող  օբյեկտների ցանկը և վաճառքի նախնական գների տեղեկատվությունը, որոնց մեջ տեղ է գտել նաև պատկերասրահի տարածքը՝ 5 մլն դրամ նախնական գնով:

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի ապրիլի 23-ի որոշմամբ՝ Կախոյան 7 հասցեում գտնվող պատկերասրահի շենքը հանձնվել է «Հայէկոնոմբանկ» ՓԲԸ-ին: Նախաքննությամբ պարզվել է, որ 1997 և 1999 թվականերին Ալավերդու նախկին քաղաքապետեր Վախթանգ Լալայանը և Կարեն Եսայանը պատշաճ չեն կատարել իրենց պարտականությունները, որի հետևանքով Կառավարության որոշումով Ալավերդի համայնքի սեփականությանը հանձնված պատկերասրահի շենքը օտարվել է այլ կազմակերպության շենքերի հետ միասին: Քրեական գործի նախաքննության ընթացքում Վախթանգ Լալայանը և Կարեն Եսայանը դիմումներ են հասցեագրել նախաքննական մարմնին և հայտնել են, որ տեղյակ չեն եղել կառավարության որոշմանը, այդ պատճառով հետևողական չեն եղել Ալավերդու պատկերասրահի շենքը «Հայէկոնոմբանկի» սեփականությանը հանձնելու գործում:

Ընդունելով այդ հարցում իրենց դրսևորած անփույթ վերաբերմունքը՝ Վախթանգ Լալայանն ու Կարեն Եսայանը նախաքննական մարմնին դիմումով խնդրել են իրենց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով: Քրեական գործով վարույթը կարճվել է: Որոշվել է Ալավերդու նախկին համայնքապետեր Վախթանգ Լալայանի և Կարեն Եսայանի նկատմամբ 1997 և 1999 թվականներին պաշտոնական անփութություն կատարելու համար քրեական հետապնդում չիրականացնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով: Սակայն նկատի ունենալով, որ կատարված հանցագործության հետևանքները չեն վերացվել՝ Լոռու մարզի դատախազ Գարեգին Մանուկյանը գրություն է ուղարկել Ալավերդու համայնքապետ Ս. Խեչումյանին և Լոռու մարզպետ Ա. Ղուկասյանին՝ տեղական ինքնակառավարման մարմնում հետագայում նմանատիպ երևույթները բացառելու համար:

Դատախազ Գարեգին Մանուկյանը միաժամանակ որպես պատշաճ հայցվորներ առաջարկել է Սասուն Խեչումյանին և մարզպետ Անդրեյ Ղուկասյանին Թումանյան 44 և 44/1 հասցեներում գտնող Ալավերդու պատկերասրահի շենքի նկատմամբ «Հայէկոնոմբանկ» ՓԲԸ-ի ապօրինի գրանցումը անվավեր ճանաչելու և Ալավերդի քաղաքի օրինական շահերը վերականգնելու պահանջով հայց ներկայացնել վարչական դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter