HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բեռնի Սանդերսը դադարեցրել է նախագահական ընտրապայքարը

Վերմոնտ նահանգից ընտրված սենատոր Բեռնի Սանդերսը դադարեցրել է իր նախագահական ընտրապայքարը։ Այդ մասին նախկին թեկնածուն հայտարարել է իր շտաբի աշխատակիցների հետ ունեցած հանդիպման ժամանակ։ 

Սանդերսն իր որոշման պատճառների մասին կողմնակիցներին ուղղված ուղերձի ժամանակ նշել է․

«Ճանապարհը դեպի հաղթանակ անհնարին է։ Ես եկել եմ այն եզրահանգման, որ Դեմոկրատական կուսակցության վերջնական թեկնածու չեմ կարող դառնալ։ Դա է պատճառը, որ ես հայտարարում եմ ընտրապայքարը դադարեցնելու մասին»։

Այս տարի նախատեսվող նախագահական ընտրությունների ժամանակ դեմոկրատական կուսակցության առաջնային թեկնածուն շարունակում է մնալ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը։ Ապրիլի 7-ի դրությամբ՝ Բայդենին աջակցելու պատրաստակամություն էին հայտնել ԱՄՆ ընտրական կոլեգիայի 1217 պատվիրակներ, իսկ Սանդերսին աջակցելու պատրաստակամություն էին հայտնել 914 պատվիրակներ։ Եվս 171 պատվիրակներ ընտրություններին այլ թեկնածուների աջակցելու պատրաստակամություն է հայտնել։ Դեմոկրատական կուսակցության վերջնական թեկնածու դառնալու համար՝ թեկնածուն պետք է ստանա 1991 պատվիրակների աջակցությունը։

Այսպիսով, Սանդերսի ընտրապայքարից դուրս գալուց հետո Բայդենի շանսերը գնալով ավելի են մեծանում։ Անհրաժեշտ է, որ նա ստանա ևս 774 պատվիրակների աջակցություն։ Փաստացի, Բայդենը դարձել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության միակ թեկնածուն։

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Սանդերսն ուներ սոցիալիստի հեղինակություն։ Նրա մրցակիցները հաճախ հիշում էին, որ երիտասարդ տարիներին ապագա սենատորն անդամակցում էր Ամերիկայի սոցիալիստական կուսակցության երիտասարդական ստորաբաժանմանը, իսկ 1980-ական թվականների վերջին ճանապարհորդել է Խորհրդային Միությունում և այնտեղ անցկացրել իր մեղրամիսը։

Նրա քաղաքական ծրագրի հիմնական կետերից մեկը եղել է ամերիկացիներին անվճար առողջապահական համակարգով ապահովելը։ Դեռ փետրվարի վերջին Սանդերսը համարվում էր կուսակցության հիմնական թեկնածուն։ Սակայն մարտի սկզբին Ջո Բայդենը մի քանի նահանգներում հաղթել է փրայմերիզը և ընտրապայքարից դուրս մղել Վերմոնտ նահանգից ընտրված սենատորին։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter