HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Շորթմամբ կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ մեղադրվող ԱԱԾ պաշտոնյաները գրավի դիմաց ազատ են արձակվել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, այսօր որոշել է գրավի դիմաց ազատ արձակել Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) երկու պաշտոնատար անձանց՝ Էդիկ Ափոյանին և Գևորգ Գաբրիելյանին, որոնք մեղադրվում են շորթմամբ առանձնապես խոշոր չափով  կաշառք ստանալու և  պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Դատարանի որոշմամբ՝ ազատ է արձակվել նաև գործով երրորդ մեղադրյալը՝ Գոռ Մարտիրոսյանը, որը Գևորգ Գաբրիելյանի մտերիմն է, ԱԱԾ պաշտոնատար անձ չէ։

Ամբաստանյալներին վերագրվող ենթադրյալ հանցագործության դեպքը տեղի է ունեցել՝ 2019-ի հուլիսի վերջին: Ըստ գործի նյութերի՝ ԱԱԾ աշխատակիցները ենթադրյալ անօրինական գործողություններ են կատարել Հնդկաստանի քաղաքացու նկատմամբ:

Գևորգ Գաբրիելյանի պաշտպան Արման Թամրազյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ Գաբրիելյանն ու Ափոյանն ազատ են արձակվել 5-ական մլն դրամ գրացի դիմաց։ Այսօր նշանակված դատական նիստին, որին երեք ամբաստանյալներից որևէ մեկը չի ներկայացվել, Ափոյանի և Գաբրիելյանի պաշտպանները միջնորդություններ են ներկայացրել նրանց կալանքից ազատելու վերաբերյալ, իսկ Գոռ Մարտիրոսյանի խափանման միջոցի հարցին դատարանն անդրադարձել է սեփական նախաձեռնությամբ ու որոշում կայացրել նրան ազատ արձակել 2 մլն դրամ գրավով։

Թամրազյանի խոսքով՝ միջնորդությունների մեջ իրենք նշել են, որ ամբաստանյալների խափանման միջոցին դատարանը վերջին անգամ անդրադարձել է գործի նախապատրաստական փուլում՝ 6  ամիս, 8 օր առաջ, դրանից հետո  ընդամենը մեկ տուժողի հարցաքննություն է տեղի ունեցել, որը չի ավարտվել։ Խոսքը, նշենք, գործով տուժող Սանդիպ Կաուշիկի մասին է։

«Դեռ տասը վկա էլ կա հարցաքննելու, գործի նյութերը պետք է հետազոտվեն; Դա նշանակում է, որ գործը դեռ երկու տարի էլ կքննվեր՝ առանց կորոնավիրուսի համավարակի հանգամանքը հաշվի առնելու»,- ասաց Թամրազյանը՝ հավելելով, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում, երբ դատական նիստերը հետաձգվում են, դատական պրոցեսը, բնականաբար, ավելի երկար է տևելու; Թամրազյանի խոսքով՝ փաստացի, պետությունը չի կարողանում ամբաստանյալների՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքն ապահովել և նրան ներկայացնի դատարան։

«Այնպես չէ, որ անձին միայն կալանքի տակ պահելն է պետության պարտականությունը»,- ասաց Թամրազյանը՝ նշելով, որ այս և այլ հիմնավորումներ ներկայացնելով են միջնորդել ազատ արձակել Գաբրիելյանին և Ափոյանին։

Պաշտպանն ասաց, որ միջնորդության մեջ հղում են կատարել նաև Եվրոպայի խորհրդի՝ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի մարտի 20-ին հրապարակած զեկույցին, որում կորոնավիրուսի համավարակի համատեքստում անդրադարձ է կատարված անազատության մեջ գտնվող անձանց, սակայն պաշտպաններն այս պահին դատարանի որոշումը ամբողջությամբ չեն ստացել, ուստի հայտնի չէ՝ դատավոր Պապոյանը դատական ակտում զեկույցին հղում կատարե՞լ է, թե՝ ոչ։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Էդիկ Ափոյանը, հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, զբաղեցնելով ԱԱԾ Երևան քաղաքի վարչության 4-րդ բաժնի բաժանմունքի պետի պաշտոնը, ունենալով հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման պարտականություն, 2019 թվականի հուլիս ամսին տեղեկություն ունենալով Հնդկաստանի քաղաքացի Սանդիպ Արջունի Կաուշիկի ֆինանսական ապահովվածության, ինչպես նաև հայրենիքում իրավապահ համակարգի հետ ունեցած խնդիրների մասին, նախնական համաձայնության է եկել ԱԱԾ աշխատակից, օպեր-լիազոր Գևորգ Գաբրիելյանի հետ, շորթմամբ, վերջինիս ընկեր Գոռ Մարտիրոսյանի օժանդակությամբ առանձնապես խոշոր չափով 50 հզ դոլար կաշառք ստանալու հարցում, որից ստացել են 8.423.564 դրամին համարժեք 17.700 ԱՄՆ դոլարը։ Ըստ մեղադրանքի՝  ամբաստանյալները Կաուշիկի նկատմամբ ենթադրյալ անօրինական գործողություններ են կատարել, ընդհուպ տարել ԱԱԾ։ Ամբաստանյալներից Գևորգ Գաբրիելյանն, ըստ մեղադրանքի Կաուշիկին և ընկերոջը տարել է  Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի տներից մեկը, որտեղ նրանց հասցեին հնչեցվել են սպառնալիքներ, բահ տվել՝ պահանջելով փորել իրենց  իսկ գերեզմանը։

Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter