
Վարչապետ․ «Վաղվանից պիտի ստեղծենք օրը 1000 թեստի հնարավորություն»
Երեկ՝ ապրիլի 8-ին, իրականացվել է 236 թեստ, որից դրական է 28-ը։ Նոր բուժվածների թիվը 24 է։ Առաջիկայում սպասվում է բուժվածների և մեկուսացումից դուրս եկողների թվի որոշակի աճ։ Այս մասին Կառավարության ապրիլի 9-ի նիստում հայտնեց վարչապետ Փաշինյանը։
«Վաղվանից պիտի ստեղծենք օրը 1000 թեստի հնարավորություն։ Հնարավոր է՝ առաջին փուլում այդ թեստերի թիվը 1000 չլինի, քանի որ քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ պետք է ցուցում լինի, ուղղակի մարդկանց՝ առանց որևէ չափանիշի հրավիրել և թեստավորել, կլինի ժամանակի և ռեսուրսի անիմաստ կորուստ։ Վաղվանից ցուցումով մարդկանց, մասնավորապես՝ բոլոր բուժաշխատողներին, թոքաբորբով հիվանդ բոլոր քաղաքացիներին, այլ վիրուսային հիվանդություններ ունեցող քաղաքացիներին պարտադիր կթեստավորենք և արդյունքներով ավելի ամբողջական պատկերացում կկազմենք մեր ընթացիկ իրավիճակի մասին»,- նշեց վարչապետը։
Նրա խոսքով՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ամբողջ տեղեկատվությունն ինտեգրվել է և ստեղծվել է թվային համակարգ, որտեղ օնլայն ռեժիմով թարմացվում են տվյալները, և այս ճշգրտումների արդյունքում հայտնաբվել է 12 անճշտություն։ Հայաստանում վարակի մեկնարկից ի վեր գրանցվել է կորոնավիրուսի 921 դեպք, առանց 12-ի հաշվառման գրանցվել է 909 դեպք։
«Անճշտությունները հնարավոր են։ Դա կապված է պացիենտի՝ մի հիվանդանոցից մյուսը տեղափոխելու հետ, դրական ախտորոշումից հետո ախտորոշման վայրից դուրս գալու և դեռևս որևէ բուժհիմնարկում դե յուրե չգրանցվելու հետ։ Մեր աշխատանքի թափանցիկության սկզբունքին հավատարիմ մնալով՝ այսպիսի անճշտությունների դեպքում ժամանակ առ ժամանակ կփոխենք տվյալները»,- հայտնեց Ն․Փաշինյանը։
Մեկնաբանել