HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Արտակ Պողոսյան. «Ուսուցիչը կրթում է ոչ թե գնահատական դնելու, այլ գիտելիք փոխանցելու համար»

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում քննարկում է հեռավար կրթության հարցը, ոլորտի պատասխանատուներն առցանց մասնակցում են քննարկմանը, ներկայացնում իրենց դիրքորոշումը, պատասխանում հարցերին։

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը, անդրադառնալով արտակարգ դրություն հայտարարելուց հետո հեռավար ուսուցման անցնելուն, նշեց, որ 2011-ից ԿՏԱԿ-ը սկսել է մտածել հեռավար ուսուցման կազմակերպման մասին, ունեցել են հարթակ, որտեղ կազմակերպվում էին տարբեր դասընթացներ, սակայն դա եղել է փորձնական ծրագիր՝ մեթոդներ, տեխնիկաներ փորձելու համար, իսկ անցած տարվանից երկու հեռավոր համայնքում փորձել են հեռավար կրթություն կազմակերպել՝ ուսուցիչների պակասը լրացնելու համար։

«Երբեւիցե նպատակ չենք ունեցել, որպեսզի հեռավար ուսուցումը կազմակերպվի տոտալ, բոլոր ուսուցիչների, աշակերտների համար, ոչ մի երկրում չկա նման մոտեցում հանրակրթական ոլորտում։ Կան հարթակներ, բայց մասնագիտական ոլորտում, որովհետեւ մասնակիցները չափահաս են, ինքնադրսեւորումը, պատասխանատվությունն ավելի բարձր է, սակայն ստիպված եղանք հեռավար կրթությունը կազմակերպել բոլոր դպրոցներում»,- նշեց Արտակ Պողոսյանը։

Նա անդրադարձավ վերջին օրերին առավել քննարկվող եւ հնչող հարցերից մեկին՝ մեկ միասնական հարթակ ունենալուն, նշեց, որ կարող էին ստեղծել եւ բոլորին ներկայացնել այդպիսի միասնական հարթակ, սակայն երկար ժամանակ աշխատելով ուսուցիչների, աշակերտների հետ՝ ծանոթացել են նրանց կարողություններին, այդ պատճառով թողել են ազատություն եւ վստահություն, որպեսզի համայնքն ինքնակազմակերպվի՝ ընտրելով իրեն հարմար հարթակը դասապրոցեսը կազմակերպելու համար։

Խնդիրների մասին խոսելով՝ նա նշեց, որ առցանց հանդիպումները նույնացվում են հեռավար կրթության հետ, սակայն հեռավար կրթությունը լայն է եւ կազմակերպվում է այլ մեթոդներով։

Դասացուցակով աշխատելու վերաբերյալ ԿՏԱԿ-ի տնօրենը տեղեկացրեց, որ ուսուցիչները, աշակերտները ծանրաբեռնվում են, շատ են նստում համակարգիչների առաջ եւ վերջին շրջանում բազմաթիվ նամակներ եւ հարցեր են ստանում դրա վերաբերյալ։

«Մենք խորհուրդ ենք տալիս համակցել համաժամանակյա օնլայն մեթոդը այլ մեթոդի հետ, օրինակ՝ ուսուցիչը պետք է կարողանա պլանավորել ոչ թե օրվա դասը, այլ պլանավորում իրականացնել շաբաթվա պլանի համար, առանձնացնի թեմաները, նյութերը եւ փոխանցի որեւէ հարթակով, որն իրենց է հարմար։ Հանձնարարել երեխաներին, որ անցնելու ենք այս թեման, տալ որոշակի հղումներ, վիդեոդասեր ուղարկել եւ շաբաթվա ընթացքում մեկ անգամ հանդիպել, պատասխանել հարցերին, իսկ շաբաթվա վերջում եւս մեկ անգամ հանդիպել, փակել շաբաթը։ Այդպես դասը կազմակերպելու դեպքում կունենանք ռեսուրսների խնայում՝ ժամանակի, կապի միջոցների, ֆիզիկական ծանրաբեռնվածության թուլացում։ Ուսուցիչները եւ աշակերտները ամբողջ օրը չեն լինի համակարգիչների դիմաց»,- նշեց Արտակ Պողոսյանը։

Ներգրավվածության մասին խոսելով՝ ասաց, որ ընթացքում իրականացվում է մոնիտորինգ, սակայն ժամանակ է պետք, մեկ շաբաթից կփորձեն հասկանալ ներգրավվածության աստիճանը։ Ըստ նրա՝ օնլայն մատյանում ներգրավվել է 32 հազար ուսուցիչ 38 հազարից, որը բարձր ցուցանիշ է։

«Աշխատում ենք համագործակցության մթնոլորտում, կարեւորը ոչ թե մրցակցությունն է, այլ համագործակցությունը, չենք վերահսկում, ստուգում, այլ ի սկզբանե ասել ենք, որ վստահում ենք ուսուցիչներին, աշակերտներին, ծնողներին եւ ուզում ենք, որպեսզի տարածվի գաղափարը, որ երեխան սովորում է, եւ ուսուցիչը կրթում է ոչ թե գնահատական դնելու, այլ գիտելիք փոխանցելու համար»,- նշեց Արտակ Պողոսյանը։

Թեմատիկ աշխատանքներին անդրադառնալիս նշեց, որ թեմատիկների գրավորների գնահատականները չեն տարբերվում սովորական գնահատականներից եւ նշեց, որ պետք է առցանց մատյանում թեմատիկ բաժնում գրել, որ ունեցել են թեմատիկ աշխատանք։ Հավելեց նաեւ, որ կարելի է աշակերտներին տարբեր հարթակների միջոցով հարցաշար տրամադրել, որոնց կպատասխանեն եւ կգնահատվեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter