Հոգեբան. «Երիտասարդները պետք է տարիքով մեծերին համբերատար սովորեցնեն հարմարվել նոր պայմաններին»
Հայերը շփվող ազգ են և մարդ-մարդ հարաբերություններն ավելի զարգացած են, ուստի արտակարգ դրության պայմաններում մեկուսացումն ավելի սթրեսային ու մարտահրավեր նետող է դառնում տեղացիներիս համար: Նոր իրողություններին պատրաստ չլինելը կարող է առաջացնել հոգեբանական որոշ դժվարություններ, սակայն, հոգեբան Դավիթ Հայրապետյանը կարծում է, որ առօրյան ճիշտ կազմակերպելու դեպքում, լուրջ վնասներ չենք կրի:
Եթե հարմարվելը երիտասարդների դեպքում համեմատաբար ավելի հեշտ է, ապա նույնը դժվար է ասել միջին ու բարձր տարիքի անձանց դեպքում: Դավիթ Հայրապետյանը նշում է, որ երիտասարդները պետք է տարիքով մեծերին համբերատար սովորեցնեն հարմարվել նոր պայմաններին: Որպես տարբերակ՝ առաջարկում է ծնողներին սովորեցնել օգտվել համակարգչից, ինտերնետից, օնլայն գործիքներից: Դ. Հայրապետյանը նկատել է, որ վերջին ժամանակներում մեծահասակները սկսել են սմարթֆոն օգտագործել, սկայպին սովորել՝ հարազատների հետ շփվելու համար: Բայց կա նաև այլ իրողություն, որ մեծահասակները մաքուր օդի, արևի կարիք ունեն, և դա շատ կարևոր է նաև առողջական տեսանկյունից:
Հատկապես սոցիալական ցանցերում շատ է քննարկվում մեծահասակների դրսում գտնվելու, խմբերով հավաքվելու փաստը: Վերջիններս կարծես թե չեն հարմարվում արտակարգ դրության պայմաններին և դուրս են գալիս փողոց: Զբոսնելու, հարևանին հյուր գնալու դրվագները, թեև մեկուսանալու պայմանների խախտում է, սակայն հոգեբանը բացատրում է, որ հայերս ավելի շատ ենք հակված շփումների ու այդ շփումների կորուստը լուրջ մարտահրավեր է ինքնակարգավորման, նոր իրողություններում աշխատելու սկզբունքներին:
«Ինքնամեկուսացումը նորմալ է, սակայն, եթե մեծահասակը երկար ժամանակ մնա տանը, կարող է առողջական տեսանկյունից բացասական հետևանք ունենալ: Օրինակ, մայրս օրը 2-3 անգամ աստիճաններով 9 հարկ իջնում-բարձրանում էր, որպեսզի «ֆորմայի» մեջ մնա: Հիմա խնդիր է դարձել, որովհետև վախենում է, կամ ես թույլ չեմ տալիս ձեռք տալ աստիճանավանդակներին և այլն: Հետևաբար պետք է մարդկանց թույլ տանք դուրս գալ, քայլել: Թող չգնան զրուցարաններում նստեն, շփվեն, բայց զբոսնելու, շարժվելու ժամեր ունենան: Զրուցարաններում նստելը, թեև շփման պահանջմունքի բավարարում է, սակայն դրանով նաև դրսում գտնվելու հարց են լուծում, թթվածնի պակասը զգացնել է տալիս: Իմ օրինակով էլ եմ դա զգում, և ես հեծանիվ եմ քշում պատշգամբում»,- նշում է Դ. Հայրապետյանը՝ հավելելով, որ եթե պայքարում ենք վիրուսի դեմ, պետք է նաև լավ իմունիտետ ունենանք, ինչը տանը նստելով դժվար է ապահովել:
Մեկ այլ մարտահրավեր է ռեալ իրականությունից միանգամից տեղափոխվել «օնլայն աշխարհ», որտեղ այս օրերին մարդիկ աշխատում են, սովորում, շփվում:
Դ. Հայրապետյանը նշում է՝ փորձը ցույց է տվել, որ հասարակությունը պատրաստ չէ իր կյանքը դասավորելու համար օնլայն հարթակում գտնել լուծումներ: Նրա դիտարկմամբ՝ հեռավար աշխատանքը, ուսուցումը, թեև որոշ չափով ստացվում է, բայց դրան չենք պատրաստվել, շատ ճանապարհ ունենք անցնելու: Օրինակ՝ ինքը դասավանդում է ԵՊՀ-ում, և այս օրերին իրականացնում է օնլայն դասավանդում: Նշում է, որ չի կարող ասել, թե այն խիստ արդյունավետ է: Ճիշտ է, դասն անցկացնում է, ուսանողները լսում են, բայց չկա ստուգման կետը, գիտելիքների յուրացման առումով հետադարձ կապը, ուստի չի կարող ասել, թե օնլայն դասապրոցեսը որքանով է արդյունավետ: Հոգեբանի ասելով՝ ժամանակը կարճ է նման գնահատում իրականացնելու համար: Սակայն, կարծում է, որ ներկայիս իրավիճակը լավ հնարավորություն է ստեղծում, թե շփման, թե տնտեսական վարքը զարգացնելու տեսանկյունից, ինչի համար անհրաժեշտ են ժամանակ և ուսումնասիրություններ:
Պարետի որոշմամբ սահմանվել են տնից դուրս գալու, խանութներ այցելելու սահմանափակումներ: Բաց են միայն մթերային խանութներն ու դեղատները: Հասարակության համար սա ևս հոգեբանական անհարմարություն է: Դ. Հայրապետյանը խոսում է նաև տնտեսական հոգեբանության մասին, որին այս օրերին բախվում են քաղաքացիները:
Նա ուսումնասիրել է վերջին տարիների փորձը, թե մարդիկ ինչպես են ծախսում իրենց գումարը և եզրակացնում, որ դեռ շատ հեռու ենք «օնլայն ծախսում» հասկացությունից, ինչի դրսևորումներն այսօր ի հայտ են գալիս: Իհարկե, կան մարդիկ, ովքեր կարողանում են օնլայն հարթակներն օգտագործել, իրականացնել օնլայն գնումներ, պատվիրել, ստանալ և այլն, սակայն, քիչ չեն նաև աշխատավարձը քարտին նստելուց անմիջապես հետո ամբողջությամբ կանխիկացնողները, որպեսզի «քեշ» գումար պահեն դրամապանակում:
«Միտումներ կան փոփոխությունների, բայց դա միայն որոշ շերտերի մոտ է, ովքեր ունեն ֆինանսական բարձր գրագիտություն: Գլոբալ առումով, դեռ բավարար չէ: Սա ևս մեկ առիթ է տնից դուրս գալու համար: Նույն տաքսու վարորդները, երբ, քարտային փոխանցումով է լինում, նեղվում են, ուզում են գումարը «քեշ» իրենց ձեռքում զգալ, որ իմանան փող են աշխատել: Սա ևս հոգեբանական անհարմարություն է, և ես հույս ունեմ, որ կարանտինի պայմաններում հաղթանակած դուրս կգանք և նոր իրողություններում ավելի հարմարված կլինենք»,- հավելում է Դ. Հայրապետյանը:
Հոգեբանը կարծում է, որ այս իրավիճակը հոգեբանական առումով բերելու է իրավիճակի սրման այն անձանց մոտ, ովքեր ունեն որոշակի հակումներ: Սրումը լինելու է հենց այդ հակումների շրջանակում: Օրինակ, եթե անձը ներամփոփ է, ապա կարող է իր այդ վիճակն ավելի սրվել, խորանալ, բռնկուն մարդկանց մոտ հնարավոր է սրվեն միջանձնային կոնֆլիկտները և այլն:
«90-ական թվականներին, երբ հովհարային անջատումներ էին լինում, լույս չկար, ընտանիքը հավաքվում էր սեղանի շուրջ ու սեղանային խաղեր էին խաղում՝ լոտո, թղթախաղ: Հիմա կարծես, թե ընտանիքներում վերացնել են սեղանային խաղերը, թեև նոր խաղեր կան արդեն: Սեղանային խաղերը կբերեն ընտանիքում որոշակի մթնոլորտի ձևավորմանը, որպեսզի ընտանիքը հավաքվի սեղանի շուրջ, և մեկուսացումը թուլանա: Եթե ամեն մեկը փակվի իր սենյակում կամ նստի համակարգչի առաջ, մեկուսացումը սրվելու է, հետևաբար պետք է ձևավորել փոքր սոցիալական միջավայր, ինչը ընտանիքի ներսում հնարավոր է անել»,- հավելում է հոգեբան Դ․ Հայրապետյանը:
Սպորտով զբաղվելը, ֆիզիկական վարժություններ անելը, ինքնակրթվելը ևս էներգիայի աղբյուր են:
Այս իրավիճակը հոգեբանական դժվարություններ կառաջացնի նաև աշխատող անձանց շրջանում: Մասնավորապես՝ երկարատև տանը մնալը բերելու է մարդկանց հետ վարժվելուն իրենց առօրյայից: Հոգեբանը, որպես օրինակ, նշում է Ամանորի օրերի արձակուրդը, երբ մի քանի օր տանը մնալուց հետո խախտվում է ռեժիմը, և դժվարությամբ ենք գնում աշխատանքի: Նույնը նաև այս դեպքում է լինելու:
«Միանշանակ հետ վերադառնալու խնդիր լինելու է, դրանից խուսափել հնարավոր չէ, որովհետև մենք մեր ռեժիմը փոխել ենք: Առավոտյան արթնանալ ու հասնել աշխատանքի, արդեն հարց է դառնալու: Սակայն, առնվազն 10-15 օրվա ընթացքում անձը կվերահարմարվի նոր պայմաններին, իհարկե, կունենա հոգեբանական որոշակի խնդիրներ»,- հավելում է զրուցակիցս:
Որպես տարբերակ Դավիթ Հայրապետյանն առաջարկում է առավոտյան շուտ արթնանալ, սպորտով զբաղվել, ինչը կօգնի շուտ արթնանալու հարցը լուծել և ռիթմից չընկնել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել