
Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսել է վերջին 100 տարիների ամենամեծ տնտեսական փլուզումը
SARS-CoV-2 կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսել է 1929-1933 թվականների Մեծ ճգնաժամից հետո ամենախոշոր տնտեսական փլուզումը։ «Մենք սպասում ենք Մեծ դեպրեսիայի ժամանակներից հետո ամենածանր տնտեսական հետևանքները»,- հինգշաբթի օրը հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստալինա Գեորգիևան։
We are faced with extraordinary uncertainty about the depth and duration of the crisis. Global growth will turn sharply negative in 2020. We anticipate the worst economic fallout since the Great Depression. https://t.co/fxjh0GVjrS #IMFmeetings #COVID19 pic.twitter.com/PGpROGD1LE
— Kristalina Georgieva (@KGeorgieva) April 9, 2020
Գեորգիևայի խոսքերով՝ նույնիսկ լավագույն սցենարի պարագայում 2021 թվականին կարելի է ակնկալել տնտեսության միայն մասնակի վերականգնում, չնայած ամեն ինչ կարող է լինել ավելի վատ։ Աշխարհում տիրում է անորոշություն՝ կապված պանդեմիայի և տնտեսության վրա դրա հետևանքների վերաբերյալ։ ԱՄՀ-ի ղեկավարը պնդում է, որ այս տարի համաշխարհային տնտեսական աճը կլինի բացասական։
Քրիստալինա Գեորգիևան հայտնել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի 180 անդամ պետություններից 170-ի պարագայում սպասվում է բնակչության մեկ շնչին բաժին ընկնող եկամուտների կրճատում։ Նա կոչ է արել աշխարհի երկրների կառավարություններին ձեռնարկել որոշիչ գործողություններ և օգնություն տրամադրել ձեռնարկություններին և քաղաքացիներին՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում, պանդեմիայի ավարտից հետո, տնտեսության վերականգնումը կլինի առավել դժվար։
Լուսանկարում՝ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստալինա Գեորգիևան։
Մեկնաբանել