
Սերժ Սարգսյանը պատրաստ է մասնակցելու ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի նիստին
Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է ապրիլյան պատերազմի դեպքերը քննող` Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի նիստին:
Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջից: Այստեղ հրապարակվել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գրասենյակի միջև տեղի ունեցած նամակագրությունը: Սարգսյանը խորհրդարան է գնալու ապրիլի 16-ին` ժամը 14:00-ին: Այս նիստը ևս, ինչպես հանձնաժողովի բոլոր նիստերը, լինելու է դռնփակ:
Ուշագրավն այն է, որ Սերժ Սարգսյանը մեկ նախապայման է դրել` այդ հանդիպման տեսագրությունը պետք է փոխանցվի իր գրասենյակին:
2016 թվականի պատերազմի ժամանակ երկրի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի գրասենյակից նախապայման են դրել մասնավորապես չքննարկել պետական և ծառայողական գաղտնիքին վերաբերող տեղեկություններ: Սարգսյանի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանն Անդրանիկ Քոչարյանին հղված նամակում գրել է, որ եթե հանձնաժողովը պատրաստվում է Սարգսյանին պետական և ծառայողական գաղտնիք հայտնել, որը վերջինիս համար անհայտ է, ապա նա հրաժարվում է: Պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենքի համաձայն` Հայաստանի քաղաքացին, եթե պետական գաղտնիքի կրող չէ, ապա կարող է առնչվել պետական ու ծառայողական գաղտնիքին միայն կամավորության հիման վրա:
Սարգսյանի գրասենյակից հավելել են, որ եթե հանձնաժողովը քննարկելու է այնպիսի տեղեկություններ, որոնց ի պաշտոնե Սարգսյանը տիրապետել է, ապա վերջինս դրանք չհրապարակելու պարտավորություն ունի, քանի որ պետական և ծառայողական գաղտնիքին առնչվելու իրավունքի դադարեցումը քաղաքացուն չի ազատում նման տեղեկությունները չտարածելու վերաբերյալ ստանձնած պարտավորությունից:
Հաշվի առնելով այս նամակագրությունը կարող ենք արձանագրել, որ Սերժ Սարգսյանի ներկայությունը հանձնաժողովում ֆորմալ բնույթ է կրելու, քանի որ վերջինս, ըստ երևույթին. հրաժարվելու է որևէ տեղեկություն հաղորդել` ասելով, որ այն պետական ու ծառայողական գաղտնիք է, և դրանք չտարածելու վերաբերյալ պարտավորություններ է ստանձնել: Այս մասին է վկայում գրասենյակի նախապայմանը` ստանալ հանդիպման տեսագրությունը:
2016-ի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը ստեղծվել է նախորդ տարվա մայիսին՝ 47 պատգամավորի դիմում-պահանջով:
Հանձնաժողով են արդեն եկել մի շարք գործող ու նախկին պաշտոնյաներ, ինչպես` պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզական վարչության նախկին պետ, վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանը:
Մեկնաբանել