HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Դատախազությունը դիմել է դատարան Ավշարի դպրոցի նախկին շենքի վերադարձման համար. համայնքապետն ու նրա փաստաբանը հրաժարվում են պարզաբանել

Արարատի մարզի դատախազությունը հայցով դիմել է դատարան վերականգնելու Ավշար համայնքի դպրոցի նախկին շենքի և այն սպասարկող հողամասի նկատմամբ պետության սեփականությունը։

Նախորդ տարվա մարտի 15-ին Արարատի մարզպետարանն իր կայքէջում հայտարարություն էր տարածել, որ հայտնաբերվել են ենթադրյալ խախտումներ, ըստ որի, List.am առքուվաճառքի կայքում դպրոցի նախկին շենքը 260 000 դոլարով վաճառելու հայտարարություն է տեղադրված։ Հայտարարությունը տեղադրվել է Ռազմիկ Գաբրիելյան օգտատիրոջ կողմից 2019 թվականի հունվարի 23-ին։

2002 թվականի հոկտեմբերի 8-ին պետության սեփականություն հանդիսացող դպրոցի նախկին շենքը սեփականության իրավունքով տրամադրվել է Ավշար համայնքին, 2007-ին Ավշար համայնքի ղեկավար Սուրիկ Թեմուրի Գրիգորյանը դպրոցի նախկին շենքն աճուրդի է հանել, շենքը գնել է նրա օգնական-վարորդ Պերճ Յուրիկի Միրզոյանը: Դրանից հետո, 2014 թվականին անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր է կնքվել Պերճ Միզոյանի և Հասմիկ Սուրիկի Գրիգորյանի միջև, որն էլ համայնքապետ Գրիգորյանի դուստրն է։

Դպրոցի շենքի և այն սպասարկող հողամասի սեփականատեր է դարձել Հասմիկ Սուրիկի Գրիգորյանը, Կադաստրում կատարվել է սեփականության իրավունքի գրանցումը: Այնուհետև Հասմիկ Գրիգորյանը չորս տարի ամսական 120 000 դրամով վարձակալության  է տվել «Մշակութային և ընդհանուր սպասարկման բյուջետային հիմնարկ» ՀՈԱԿ-ին։

Դպրոցի նախկին շենքի մասին հավաքագրված ողջ տեղեկությունը Արարատի մարզպետարանն ուղարկել է Գլխավոր դատախազություն։

Օրեր առաջ Արարատի մարզպետարանն իր ֆեյսբուքյան էջում  հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասվում էր, որ Արարատի մարզի դատախազությունը դատական հայցով խնդրել է վերականգնել դպրոցի նախկին շենքի և այն սպասարկող հողամասի նկատմամբ պետության սեփականությունը։

«Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչի քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացվել․

«Արարատի մարզի Ավշար համայնքի ղեկավար Սուրիկ Գրիգորյանի և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Վեդու տարածքային ստորաբաժանման ղեկավար Էդիկ Ավետիսյանի ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում էական վնաս է պատճառվել պետությանը՝ առանց պետության գիտության և պատշաճ իրավական ընթացակարգերի, պետական սեփականություն հանդիսացող 0,6225 հեկտար հողամասի նկատմամբ գրանցվել է այլ անձի սեփականության իրավունքը, իսկ դրա արժեքը՝ 5.042.250 դրամը մուտքագրվել է այլ սուբյեկտի՝ Արարատի մարզի Ավշար համայնքի հաշվեհամարին:

Նշված քրեական գործով վարույթը կարճվել և Սուրիկ Գրիգորյանի, Հայկազ Նազարյանի և Էդիկ Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել այն հիմքով, որ անցել են քրեական պետասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները»,- նշված էր մարզպետարանի էջում տեղադրված հայտարարության մեջ։

2020 թվականի մարտի 27-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը Արարատի մարզի դատախազության հայցադիմումի հիման վրա ընդունել է վարույթ Ավշարի համայնքապետ Սուրիկ Թեմուրի Գրիգորյանի և  Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Վեդու տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարներ Հայկազ Բալաբեկի Նազարյանի և Էդիկ Ավետիսի Ավետիսյանի` պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջի վերաբերյալ։

Գույքի վրա դրվել է կալանք։

Նշենք նաև, որ Արարատի մարզի նախկին և ներկա իշխանությունների մեջ անհաշտություններ կան։ Մարզպետ Սարգսյանը փետրվարին կայացած ասուլիսի և ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է Ավշար համայնքի դպրոցի նախկին շենքին։

Ավշար համայնքի ղեկավար Սուրիկ Գրիգորյանի փաստաբան Սամվել Սիմոնյանն էլ իր հերթին լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրել էր, որ պատրաստվում են զրպարտության մեղադրանքով դատական հայց ներկայացնել մարզպետի դեմ։

Փաստաբանը մասնավորապես ասել է, որ խախտվել է համայնքապետ Սուրիկ Գրիգորյանի անմեղության կանխավարկածը։

«Հետքը» փորձեց կապ հաստատել Ավշարի համայնքապետ Սուրիկ Գրիգորյանի հետ, վերջինս խուսափեց մեր հարցերին պատասխանել և նշեց, որ ամեն ինչ օրենքի սահմաններում է արվում. «Չէ, ես ոչ մի բան էլ չունեմ, ոչ էլ ձեր հարցերի ժամանակն ունեմ, ոնց օրենքն ա, նենց էլ արվելու ա»։

Սուրիկ Գրիգորյանի փաստաբան Սամվել Սիմոնյանը ևս հրաժարվեց մեր հարցերին պատասխանել։ Նա նշեց, որ իր պաշտպանյալի շահերից ելնելով` ոչ մի հարցի չի կարող պատասխանել։

Դատախազությունից տեղեկացանք, որ դատական նիստի համար դեռևս օր նշանակված չէ։

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter