
Ֆրանսահայ լուսանկարիչը վախի հոտ է զգացել Արեւմտյան Հայաստանի հայերի տներում
Ֆրանսահայ լուսանկարիչ Մաքս Սիվասլյանը կնոջ` ֆրանսիացի լրագրող Լորանս Ռիտերի հետ ավելի քան 10 անգամ եղել է Արեւմտյան Հայաստանում: Նա իր ճամփորդությունների ընթացքում հազարավոր լուսանկարներ է արել, որոնցից 60-ն ընդգրկվել է մայիսի 6-ին Նկարիչների միությունում բացված, «Հոնտեղ ապրած ենք» խորագրով ցուցահանդեսում:
Ճամփորդությունների հիմնական նպատակը, սակայն, ոչ թե ցուցահանդես կազմակերպելն էր, այլ Ցեղասպանությունից հետո Արեւմտյան Հայաստանում ապրող հայերի մասին գիրք գրելը: Լորանս Ռիտերը արդեն գրել է գիրքը, որում ներառված է Մաքսի մոտ 50 լուսանկար: Գիրքը լույս է տեսնելու Ֆրանսիայում ֆրանսերենով, հավանաբար այս տարվա սեպտեմբերին:
Մաքսը կնոջ հետ Արեւմտյան Հայաստանում այցելել է բազմաթիվ վայրեր: Նրա մեջ տպավորվել է այն, որ հայերի կորցրածն «անսահման է, շատ մեծ». այնտեղ մեքենայով գնում ես անընդհատ, օրեր շարունակ` ի տարբերություն Հայաստանի Հանրապետության, որը «լեռներեն հետո փակ է» ու փոքրիկ:
«Ինչ մեզի պատահեց, մենք ալ մեղավոր ենք: Եղեռնը 1915 թվին չսկսվեց, շատ շուտ սկսվեց, բայց մենք թողեցինք, թողեցինք: Վախենում էինք: Իմ կարծիքով` մեր ամենամեծ թշնամին մեր վախն էր: Ինչքան վախեցանք, ինչքան թողեցինք, եղավ մինչեւ վերջ, իրական վերջ: Թողեցինք, քուրդերը առնում էին, ինչ ունեինք: Հետո 1915 թիվը եղավ, արդեն մենք թույլ էինք, չկարողացանք պաշտպանվել»,- ասում է Մաքսը:
Արեւմտյան Հայաստանում շատ քիչ հայ է մնացել: Այդ քիչ հայերի մեջ էլ քրիստոնյա մնացածներն են քիչ: Հիմնականում մահմեդականացել են` վախից դրդված: Որոշ վայրերում գործածվում են տեղական բարբառները: Օրինակ` Սասունցի հայերը խոսում են Սասնա բարբառով, բայց լեզուն աստիճանաբար կորում է:
«Մշակույթ չկա, վերջացել է, չգիտեն: Զոռով անունները փոխեցին, բոլորը թուրքական, քուրդական ազգանուն եւ անուն ունին. ոչ մեկ պահեց հայկական անունը: Քուրդացած են, քուրդ են հիմա: Արյունով մաքուր հայ են, բայց ամեն ինչ կորցուցին»,- ասում է Մաքս Սիվասլյանը:
Նա իր ցուցահանդեսն անվանել է «Հոնտեղ ապրած ենք», քանի որ հիմա այնտեղ հայերի փոխարեն ուրիշներն են ապրում: Լուսանկարներում ավելի շատ քրդեր ու թուրքեր են, քան հայեր: Մաքսը երբեմն Արեւմտյան Հայաստանն անվանում է Թուրքիային ժամանակավոր տրված, բայց միեւնույն ժամանակ էլ ասում, որ դա «ֆանտազիա է, երազ»:
«Հիմա ո՞վ պիտի երթա, ապրե Թուրքիա քուրդին մեջը: Մենք հոնտեղ չենք, որտեղ ապրում էինք 3 հազար տարի, վերջացել է: Մինչեւ այսօր ով մնացել է, դարձել է քուրդ: Ես հոստեղացի չեմ, մեր արմատները հոնտեղ են, բայց վերջացավ: Տխուր եմ»,- ասում է նա:
Միաժամանակ նշում է, որ հայտնի չէ, թե ինչ կլինի Թուրքիայում մի քանի տարի հետո: Հնարավոր է, որ Թուրքիան թուլանա, եւ Հայաստանը պետք է մտածի, թե ինչ պետք է անի այդ դեպքում:
Արեւմտյան Հայաստանում շատերը չգիտեն, որ ծագումով հայ են: Մաքսը գիտի արդեն քրդացած ծագումով հայերի, որոնք երեխաներին չեն ասում իրենց արմատների մասին: Շատ երեխաներ իրենց ծագման մասին իմանում են պատահաբար, երբ դպրոցում կամ փողոցում քրդերն իրենց «գյավուր» (անհավատ) են անվանում: «Տուն են գալիս` «մամա, պապա, ինչո՞ւ ինձի գյավուր ըսին»: Չեն հասկնար: Տարբեր ռեակցիա կա: Կամ կըսե` թող, կամ կըսե` «տղաս, աղջիկս, հայ ենք մենք»«,- պատմում է Մաքսը:
Արեւմտյան Հայաստանի հայերը վախենում էին ազատ խոսել լուսանկարչի հետ, նույնիսկ եթե զրույցին որեւէ թուրք կամ քուրդ թարգմանիչ էր ներկա լինում: Եթե լուսանկարիչն ու իր կինը մտնեին մի գյուղ եւ հանպատրաստից հարցնեին, թե ով է հայ, ապա բնակիչներից ոչ ոք չէր խոստովանի: Այդ պատճառով Մաքս Սիվասլյանը Ստամբուլում` սասունցիների, մալաթիացիների եւ այլ շրջանների հայերի ակումբներում, նախօրոք իմանում էր այդ մարդկանց` Արեւմտյան Հայաստանում ապրող բարեկամների մասին եւ հետո հանդիպում վերջիններին: 70-80-ականներին շատ հայեր Արեւմտյան Հայաստանից տեղափոխվել են Ստամբուլ:
Մեկ ու կես տարի առաջ Մաքս Սիվասլյանը, կինը, թուրքերենի թարգմանիչը եւ մի քուրդ լրագրողուհի գնացել են Մալաթիայի հայերից մեկի տուն: Տանը մոտ 60 տարեկան ամուսիններն էին եւ նրանց մոտ 30-ամյա տղան: «Աս տունին մեջը վախին հոտը կար»,- ասում է Մաքսը: Ընտանիքի հայրն ասել է, որ ամեն ինչ լավ է, իրենք որեւէ խնդիր չունեն թուրքերի հետ, եւ Եղեռնի հարցերով պետք է զբաղվեն պատմաբանները: «Իրական առաջին անգամ ես տեսա` մարդիկները վախենում են ասանկ: Աս վախը հային մեջ է մինչեւ այսօր»,- ասում է լուսանկարիչը:
Նրա խոսքերով` վախը փոխանցվել է ժառանգաբար, բայց նաեւ օբյեկտիվ պատճառներ կան: Հայերն արդեն շատ քիչ են Արեւմտյան Հայաստանում: Թուրքերն ու քրդերը ձգտում են քշել այդ փոքրաթիվ հայերին էլ ու վերցնել նրանց հողամասն ու տունը: Քուրդ հարեւանը կարող է իր կովերին արածեցնել փոքրաթիվ հայերի այգիներում եւ ամբողջովին քանդել այգիները:
Քրդերը կարող են առեւանգել հայ աղջիկներին: «Մենք ծանոթ ունինք, 20 տարի առաջ փախցրին քուրդերը. ամուսնացավ քուրդերին հետ»,- ասում է Մաքս Սիվասլյանը: Առհասարակ Մալաթիայի հայերը շատ կաշկանդված են ապրում:
4 տարի առաջ Մալաթիայում թուրքերը մի քանի քրիստոնյայի են դաժանաբար սպանել: Մալաթիայում, ինչպես եւ Կարինում, քրիստոնյա հայեր շատ քիչ են մնացել, փոխարենը շատ են թուրք ազգայնամոլները: Իսկ ահա Մուշում Մաքսին հանդիպած հայերն ավելի ազատ էին:
Մաքսն ապագայում եւս ծրագրում է Արեւմտյան Հայաստան գնալ. ինչ-որ բան ձգում է: «Իմ երկիրն է, հոնտեղացի եմ»,- ասում է նա:
Մաքս Սիվասլյանը Հայաստանում չի գտնում հայկական արժեքներ
Մաքս Սիվասլյանը ծնվել է Ֆրանսիայում: Հայաստան է եկել Արցախյան պատերազմի ժամանակ` լուսանկարելու պատերազմը, եւ երկու տարի մնացել Արցախում: Պատերազմից հետո արդեն 17 տարի է` Երեւանում է ապրում: Բայց հիմա մտածում է Հայաստանից հեռանալու մասին: Մաքսը դժգոհ է կառավարությունից եւ տիրող կարգերից: Ամեն օր ագրեսիա է տեսնում, որից հոգնել է:
«Մեր հայկական արժեքները չեմ տեսնար: Օրինակ` քեզի պիտի հարգեն, եթե փող ունիս: Եթե փող չունիս, «քշե հոստեղեն»: Ամեն օր սա է: Ով փող ունի, իշխան է: Մյուսները, որ չունին, ոչ մի բան են: Մեզի չեն հարգեր»,- ասում է նա:
Մաքսի խոսքերով` ինքը չէր լքի Հայաստանը, եթե տեսներ, որ իշխանությունը Հայաստանը նորմալ երկիր դարձնելու ցանկություն ունի: Նա ասում է, որ կոռուպցիա Ֆրանսիայում էլ կա, բայց մասշտաբներն են տարբեր, համատարած չէ: Մեկ ամիս առաջ Մաքսը Վրաստանում տեսել է մի շարք ֆրանսիացի գործարարների, որոնք ներդրումներ են անում եւ բիզնես սկսում այդ երկրում, բայց Հայաստան չեն գալիս:
Մաքս Սիվասլյանին հատկապես ցավ է պատճառել ու վիրավորել այս ձմռանը Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպը: Քաղաքում գործարար-պատգամավոր Գագիկ Ծառուկյանը եկեղեցի է կառուցում: Մաքսը ցանկացել է նկարել եկեղեցու բակում աշխատող քանդակագործներին. դա լավ նյութ է ամսագրի համար եւ գեղեցիկ տեսարան:
Բանվորները Մաքսին ասել են, որ լուսանկարելու համար պետք է Գագիկ Ծառուկյանի թույլտվությունը: Քանի որ, բանվորների խոսքերով, Ծառուկյանը գրասենյակ չունի, լուսանկարիչը Աբովյանի քաղաքապետարանից իմացել է, որ պատգամավորն ամեն առավոտ գնում է եկեղեցի եւ հետեւում աշխատանքներին:
Մի քանի անգամ գնալուց հետո Մաքսը վերջապես տեսել է պատգամավորի ավտոմեքենան եւ ցանկացել ստանալ Ծառուկյանի թույլտվությունը: Երբ մոտեցել է ավտոմեքենային, Ծառուկյանի թիկնապահները վիրավորական տոնով կարգադրել են «քշել ու գնալ այդտեղից», կռվի վտանգ է առաջացել: Ի վերջո, Մաքսը կարողացել է բավական մոտ կանգնած Ծառուկյանին ասել, թե ինչու է եկել:
Մաքս Սիվասլյանի խոսքերով` ճիշտ է` Ծառուկյանը թույլատրել է լուսանկարել եկեղեցին, բայց չէ՞ որ տեսնում էր, թե իր թիկնապահներն ինչպես են խոսում մարդու հետ: Լուսանկարիչը զարմացած է. չէ՞ որ եկեղեցին ռազմական օբյեկտ չէ, որ մուտքն արգելված լինի:
Մեկ ամիս է` Մաքս Սիվասլյանի կինը գնացել է Բուրունդիում աշխատելու: Հավանաբար ամռանը Մաքսն աղջկա հետ կմիանա կնոջը եւ այդ երկրում կշարունակի լուսանկարչությամբ զբաղվել:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել