HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լոնդոնի դատարանն անհիմն է ճանաչել Նազարբաևների գույքի նկատմամբ կիրառված կալանքը

Լոնդոնի դատարանը չհիմնավորված է համարել բրիտանական իրավապահ մարմինների կողմից Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դստերը և թոռանը պատկանող գույքի նկատմամբ կալանք կիրառելու որոշումը։ 100 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ երկու առանձնատների և բնակարանի վրա նախորդ տարի կալանք էր դրվել՝ «չհիմնավորված հարստության» մեղադրանքով։ Այդ մասին գրում է «BBC»-ն։

Նազարբարևի դուստրը՝ Դարիգան Նազարբաևան, որը զբաղեցնում է Ղազախստանի սենատի խոսնակի պաշտոնը, և նրա որդին՝ Նուրալի Ալիևն ու կինը Աիդան, դատարանին համոզել են, որ անշարժ գույքը գնվել է սեփական միջոցներով։ Դատարանը չեղարկել է արգելքը, քանի որ արգելքի դրման հիմք էր ծառայել այն կասկածը, որ տները գնվել են Դարիգա Նազարբաևայի նախկին ամուսնու՝ Ռահաթ Ալիևի անօրինական միջոցներով։ Նազարբաևի նախկին փեսան 2000-ականների սկզբին հայտնվել էր իրավապահների տեսադաշտում, լքել երկիրը, հեռակա կարգով դատապարտվել, Ավստրիայում ձերբակալվել և արդյունքում 2015 թվականին մահացած հայտնաբերվել բանտախցում։ Նազարբաևի դստեր հետ նա բաժանվել էր 2007 թվականին։

Նազարբաևի ավագ դուստրը և թոռը գոհ են դատարանի որոշումից։ Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը մտադիր չէ բավարարվել որոշումով և խոստացել է դատարանի որոշումը բողոքարկել դատական վերին ատյաններում։

«NCA-ը մտածված անուշադրության է մատնել այն տեղեկատվությունը, որը ես ինքնակամ ներկայացրել էի իրենց և շարունակել է անհիմն և չարամտորեն ձգձգել գործը՝ իմ, ընտանիքիս և երկրիս հասցեին ուղղելով շոկային կեղծ մեղադրանքներ»,- դատարանի որոշմանն արձագանքել է Նուրալի Ալիևը։ Դարիգա Նազարբաևայի ներկայացուցիչը հավելել է, որ «որոշումն ամբողջությամբ նրանց վրայից հանում է մեղադրանքը»։

Լոնդոնի թանկարժեք փողոցներից մեկում՝ Բիշոփս պողոտայում գտնվող և լավ հսկվող առանձնատունը, որն ունի ստորգետնյա լողավազան և կինոթատրոն, Հայգեյթ շրջանի տունը և Չելսիում գտնվող հսկա բնակարանը դեռ նախորդ տարվա գարնանը կալանքի տակ էին դրվել բրիտանական իրավապահ մարմինների պահանջով։ Այդ ժամանակ իշխանությունները հայտնել էին, որ անշարժ գույքը կապ ունի քաղաքական հայտնի դեմքերից մեկի հետ, սակայն չէին հայտնել ոչ բնակարանների հասցեները, և ոչ էլ սեփականատերերի անունները։

Կասկածելի կապիտալի և փողերի լվացման դեպքերի դեմ պայքարում գույքի նկատմամբ կալանք կիրառելը Մեծ Բրիտանիայում պետական նոր քաղաքականության դրսևորումներից է։ Վերջինիս հիմնական գործիքներից մեկը որոշումն է (օրդերը), որը թույլատրում է բռնագանձել գույքը, եթե սեփականատերը չի ապացուցում, որ այն ձեռք է բերել արդար ճանապարհով։ 

Նման առաջին օրդերը դուրս է գրվել դեռ 2018 թվականին՝ ադրբեջանցի պետբանկի աշխատակիցներից մեկի կնոջ նկատմամբ, որը հայրենիքում դատապարտվել էր հափշտակության համար։ Զամիրա Հաջիևան դատարանում բողոքարկում էր օրդերը և միայն վերջերս դատարանը վերջնական որոշում ընդունեց։ Դատարանը մերժեց Զամիրա Հաջիևայի բողոքարկումը և թույլատրեց պետությանը բռնագանձել ադրբեջանցու անշարժ գույքը։

Իրավապահ մարմինները չեն պատրաստվում հանձնվել։ NCA-ի ղեկավարներից մեկը՝ Գրեմ Բիգարը նշել է․ «Մենք համաձայն չենք անշարժ գույքի վրայից կալանքի հանման որոշմանը և կբողոքարկենք այն։ Մենք շատ համառ ենք և նպատակասլաց։ Մենք միշտ նախազգուշացրել ենք, որ օրենքով սահմանված կարգով մշտապես կպայքարենք անօրինական կապիտալի դեմ»։

Կալանքի նոր օրդեր կարող է տրվել միայն Բարձրագույն դատարանի համապատասխան որոշման հիման վրա և մարդկանց միայն երկու խմբերի․ Եվրոպայի սահմաններից դուրս գտնվող քաղաքական հայտնի դեմքերին և անկախ քաղաքացիությունից կատարված ծանր հանցագործությունների համար։ Եթե նրանք չկարողանան ապացուցել գույքի օրինական ծագումը, ապա իրավապահ մարմինները ևս մեկ անգամ կդիմեն դատարան՝ այս անգամ արդեն բռնագանձման և աճուրդի պահանջներով։ Միջոցները կուղղվեն բրիտանական գանձապետարան։

Ամեն դեպքում, ինչ որոշում էլ որ կայացվի, մեղավորներ չեն լինի, քանի որ սեփականատիրոջ մեղավորությունը կամ անմեղությունը վիճարկման առարկա չէ։

Լուսանկարում՝ Նազարբաևների լոնդոնյան առանձնատներից մեկը, «Reuters» գործակալություն

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter