HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ա․Թորոսյան․ «Դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չպետք է լինի, նույնիսկ եթե արտակարգ դրության ռեժիմը հանվի»

Ապրիլի 10-ին կայացած ասուլիսում Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ հիվանդներին պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու հարցում իրավիճակը հսկողության տակ է։

«Ունենք դեռ ռեզերվներ, որ ավելի մեծ թվով պացիենտների կարողանանք բուժօգնություն ցույց տալ։ Բայց դա չի նշանակում, որ պետք է զգոնությունը կորցնենք, և ասենք, քանի որ մենք կարողանում ենք բոլորին բուժել, ապա կարող ենք վերադառնալ մեր առօրյա, նախկին կյանքին,- նշեց նախարարը: -Չպետք է թույլ տանք, որ գա մի օր, երբ մեր առանձնացրած կամ ընդհանրապես այլ հիվանդանոցներ տեղ չունենան ծանր պացիենտներին ընդունելու, և ստիպված այլ՝ ոչ հիվանդանոցային պայմաններում նրանց սկսենք բուժել, ինչը հղի է շատ անցանկալի հետևանքներով, հատկապես՝ մեր տարեց և խրոնիկական հիվանդություններով քաղաքացիների համար։

Արսեն Թորոսյանը հայտնեց, որ մինչ օրս եղած վիճակագրությունը ցույց է տալիս, որ երկրում մահացության միջին տարիքը 75-ն:

Նախարարը նաև ներկայացրեց մանրամասներ, թե ինչ չափանիշներով են թեստավորվելու քաղաքացիները։ Նախկին կլինիկական չափանիշներից բացի՝ նոր չափանիշներն են՝ թոքաբորբ ախտորոշմամբ պացիենտները, բուժաշխատողները, որոնք ներկայում աշխատում են որևէ բժշկական հաստատությունում և ունեն սուր շնչառական  վարակին բնորոշ ախտանիշներ, հաստատված վարակով մորից ծնված նորածինները, մանկաբարձական ստացիոնար ընդունվող ջերմություն և գրիպանման նշաններ ունեցող ծննդկանները կամ հղիները։

Արսեն Թորոսյանը նաև անդրադարձավ հիվանդանոցային պայմաններին՝ նշելով, որ ոչ բոլոր հիվանդասենյակներն ունեն առանձին սանհանգույց, բայց բոլոր տեղերում ապահովվում են հակահամաճարակային կանոնները, երբ հաստատված և չհաստատված դեպքով քաղաքացիները չպետք է օգտվեն ոչ միայն նույն սանհանգույցից, այլև նույն կենցաղային պայմաններից։

«Ուզում եմ հիշեցնել, որ «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցը, մինչև մեր կառավարության ձևավորումը, իր կենցաղային պայմաններով Հայաստանի ամենավատ հիվանդանոցներից մեկն էր, և արդեն անցյալ տարի ամռանը մենք նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման պատվեր ենք իջեցրել` կառավարության կողմից տրամադրված մոտ 100 մլն դրամով։ Դա կորոնավիրուսի հետ կապ չունի։ Փաթեթը պատրաստ է, սակայն այս իրավիճակը մեզ թույլ չի տալիս գնալ առաջ վերակառուցման համար։ Այս ընթացքում բազմաթիվ հիվանդասենյակներ վերակառուցվել են»,-հայտնեց առողջապահության նախարարը։

Թորոսյանը նշեց, որ վերջին մեկ շաբաթում առնվազն 3 ինքնաթիռ է ժամանել Հայաստան՝ մեկը Բելառուսից և երկուսը Ռուսաստանից, որոնցով տեղափոխված ուղևորները տեղավորվել են մեկուսացման վայրերում՝ հյուրանոցներում, հիմնականում Երևան քաղաքում։ Հիմա էլ աշխատանքներ են տարվում մյուս չվերթվների կազմակերպման ուղղությամբ։

Նախարարը նաև անդրադարձավ Արցախում գրանցված կորոնավիրուսի դեպքերին` նշելով, որ այնտեղ արվում են անհրաժեշտ հակահամաճարակային քայլեր վարակի տարածումը կանխարգելելու համար։

«Թե՛ մեթոդական խորհրդատվական տեսանկյունից, թե՛ նյութական, թե՛ հետազոտություններն անելու տեսանկյունից ամեն ինչով աջակցում ենք Արցախի իշխանություններին»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter