HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Օրենքով ապահովել ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորների ներգրավումը համավարակի կանխարգելմանը. կհրավիրվի արտահերթ նիստ

Կառավարության առաջարկությամբ` խորհրդարանը երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրելու: Օրակարգում ընդգրկված երկու հարցն էլ վերաբերում են կորոնավիրուսի համավարակի հետևանքով երկրում ստեղծված վիճակին:

«Դեղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծով առաջարկվում է դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ժամկետը երկարաձգել  ևս չորս ամսով` հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով տնտեսվարող սուբյեկտների համար առաջացած դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման գործընթացի կազմակերպման գործնական անհնարինությունը:

Հիշեցնենք, որ մարտի 16-ից Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է արտակարգ դրություն, որի հիման վրա սահմանափակվել են աձանց տեղաշարժի, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների հետ անմիջական շփում պահանջող գործողությունները, ինչը կարող է խոչընդոտ հանդիսանալ դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման գործընթացի կազմակերպման հարցում:

«Դեղերի մասին» օրենքի համաձայն` մեծածախ իրացման գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են լիցենզավորվել դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգը ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում: Գործադիրն առաջարկում է օրենքում եռամսյան փոխարինել յոթամսյա ժամկետում բառերով:

Մյուս փոփոխությունները վերաբերում եմ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքների նախագծերում:

Այն դեպքերում, երբ արտակարգ իրավիճակով պայմանավորված` բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու համար չեն բավարարում (կամ առկա է իրական վտանգ, որ կարող են չբավարարել) համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կարողությունները, ապա կառավարության որոշմամբ կարող է թույլատրվել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից իրենց լիցենզիայով չնախատեսված տեսակի բժշկական օգնության և սպասարկման իրականացումը` որոշմամբ սահմանված պայմաններով:

Մյուս առաջարկի համաձայն, երբ արտակարգ իրավիճակով պայմանավորված` բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու համար չեն բավարարում (կամ առկա է իրական վտանգ, որ կարող են չբավարարել) համապատասխան բուժաշխատողները, ապա կառավարության որոշմամբ` կարող է թույլատրվել որոշ բուժաշխատողների կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորների ներգրավումն անհրաժեշտ բժշկական օգնության եւ սպասարկման իրականացմանը` որոշմամբ սահմանված պայմաններով:

Նախագծերի փաթեթի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման ծավալների մեծացման հետևանքով անհրաժեշտություն է առաջացել բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման համար իրենց լիցենզիայով չնախատեսված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կարողությունների օգտագործման, ինչպես նաև այլ բուժաշխատողների, այդ թվում կլինիկական օրդունատուրայի ավարտական կուրսերի ուսանողների` կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցմանը ներգրավման:

Արտահերթ նիստը հրավիրվելու է ապրիլի 13-ին, ժամը 11:00-ին: Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին, 10:00-ին մեկնարկելու են հերթական նիստերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter