
Չգիտեմ` ինչ է նշանակում «մինչև վերջ». Լիկա Բրուտյան
«Հիշում եմ` ինչպես էի օգնում հորս ֆոտոժապավենի «լույս ընծայման» հարցում: Իսկ հայրս մաթեմատիկոս-ինժեներ էր և երկար տարիներ աշխատում էր Պրահայում որպես լրագրող, մայրս՝ բանասիրական գիտությունների թեկնածու... Ամեն ինչ վառ էր և բարի: Եղբորս հետ այստեղից այնտեղ էինք մեկնում: Հիմա, երբ ես երջանիկ կին եմ, ունեմ սիրելի ամուսին (ճարտարապետ-նկարիչ) և երկու հրաշալի զավակ, ես շարունակում եմ լուսանկարել: Ես ինձ լուրջ լուսանկարիչ չեմ անվանի. ես լուսանկարչությունը լուրջ կանվանեմ, լուսանկարելու ցանկությունը: Շնչելու նման մի բան է, անցավ արտահայտվելու միջոց»:
Հոգեբան, լուսանկարիչ Լիկա Բրուտյանն ԱՄՆ-ում հայտնվել է պատահական և հաստատվել: Նրա լուսանկարներում ինձ գրավեցին շարժը և բնավորությունը: Սկսեցի ուսումնասիրել նրա ձեռքի աշխատանքները` պայուսակների հավաքածուն, որոնցից յուրաքանչյուրի վրա արտատպված են լուսանկարները: Լուսանկարելու ընթացքն սկսվում է մի պահի ըմբռնումից, ապա տեղափոխվում թղթի վրա, այնուհետև` յուրօրինակ պայուսակների:
Առանձնացնել չեմ կարող լուսանկարների թեմատիկան և ոճը, բայց բոլոր լուսանկարներում հետաքրքիր մի բան նկատել եմ. երաժշտականություն կա, շարժում: Ստացվում է՝ նախևառաջ երևո՞ւյթն է ազդում Ձեզ վրա, հետո միայն մարդը, գործողությունը, տեղանքը:
Ինձ շատ են հարցրել՝ որն է լուսանկարչությունը` չխոսելով արվեստի արժեքի, տեխնիկական պրոֆեսիոնալիզմի, լույսի և ստվերի մասին: Իմ կարծիքով՝ լավ լուսանկարն այն է, որն «արթնացնում է» քեզ, որը դու չես կարող մոռանալ և ստիպում է մտածել. այն դառնում է շարժուն:
![]() |
![]() |
![]() |
«Ստիպում է քեզ մտածել»: Այնպես է, որ արվեստագետի (այս դեպքում լուսանկարչի) աշխատանքն ունկնդրին է մտածել տալիս...
Այո:
Ստացվում է` նկարն ավարտում եք, կադրն արդեն ֆիքսված է, բայց Ձեր հիշողության մեջ այն շարունակակա՞ն է:
Ես չգիտեմ` երբ է նկարն ավարտվում և երբ սկսվում: Դա է երևի պատճառներից մեկը, որ չեմ կարող ասել (անգամ մտածել), որ լուսանկարչությունը ստատիկ արվեստ է. երբ դու մտածում ես, էմոցիաներ կան նկարին նայելիս, շարունակում ես ինքդ քո մեջ մտովի նկարել պատմությունը: Դա պրոցես է:
Հետաքրքիրն այն է, որ արված լուսանկարների մի մասը դառնում է Ձեր ստեղծած պայուսակների «դեմքը»:
Ինչու ոչ: Դա էլ է պատմության շարունակություն:
![]() |
![]() |
Պահը որսացող և անընդհատ սոցիալական շարժման մեջ գտնվող մարդուն դժվար է ռեալիզացնել մտքերը: Մինչև վերջ կարողանո՞ւմ եք լուսանկարչության մեջ գտնել պատկերացրածը:
Երևի` ոչ: Ես չգիտեմ` մինչև հիմա ինչ է նշանակում «մինչև վերջ»: Նույնն է լուսանկարչության մեջ. պետք չի, որ պատմությունն արտահայտվի մինչև վերջ: Կա ասելիք, կա զգացողություն, և կան մարդիկ, ովքեր, տեսնելով լուսանկարը, կարող են մտովին նկարել իրենց պատմությունը:
Ամեն դեպքում փորձում եմ առանձնացնել նկարների թեմատիկան. կանայք շատ են Ձեր նկարներում: Լուսանկարիչն իրե՞ն է տեսնում այդ կերպ:
Անհնար է` ստեղծածիդ մեջ քեզ չտեսնես: Ի վերջո, սա հենց քո արտահայտման ձևն է:
Այդ դեպքում լուսանկարների կանայք նախևառաջ վիճակի դրսևորում են և հետո՞ միայն անձնավորված:
Այո, վիճակի, վիճակների... Որոնք ապրում ենք: Միգուցե շատ հաճախ դրանով է պայմանավորված լուսանկարներումս դեմքերի «բացակայությունը»: Օրինակ՝ կա լուսանկար, որում երաժիշտներ են. նրանց դեմքերը գրեթե չեն երևում, բայց ես ուզում եմ այդ պարագայում ցույց տալ վիճակը, երաժշտությունը: Եվ, իրոք, պարտադի՞ր է արդյոք տեսնել երաժիշտների դեմքերը, որպեսզի հասկանաս՝ որքան էմոցիոնալ են. բավական է լսել երաժշտությունը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել