
Շահումյանի շրջվարչակազմի ղեկավար. «Ախտահանման գործընթացներ ենք իրականացնում, խանութներում և այլ հասարակական վայրերում»
Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարության երեկվա տարածած հաղորդագրության համաձայն՝ Արցախի 2 բնակչի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս:
Նրանցից մեկը Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի բնակիչ է, որը բուժում է ստանում Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնում:
«Հետքը» կապվել է Շահումյանի շրջվարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսյանի հետ՝ տեղեկանալու, թե ինչ կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկվում շրջանում: «Այն շրջապատը, որի հետ հավանաբար շփվել է վարակվածը, մեկուսացրել ենք՝ ընտանիքը և ընտանիքի հետ կապ ունեցողներին»,- ասաց Գագիկ Մարտիրոսյանը:
Շրջանի ղեկավարն նշեց, որ բոլորին հայտարարել են, որ ինքնամեկուսացվեն:
«Ախտահանման գործընթացներ ենք իրականացնում, խանութներում և այլ հասարակական վայրերում բոլորը դիմակներով են, քիչ հետո էլ ապահովության համար ավտոներն ու փողոցներն էլ կախտահանենք, այդ տների բակերը: Այդպիսի հանձնարարություն է տրվել փրկրարար ծառայությանը: Իրավիճակը վերահսկողության տակ է», - ասաց Գագիկ Մարտիրոսյանը:
Շրջվարչակազմի ղեկավարից նաև տեղեկացնանք, որ ախտորոշման հետազոտության համար 8 փորձանմուշ այսօր կուղարկեն Երևան, որից 5-ը վարակվածի ընտանիքի անդամներն են, 3-ը՝ նրանց հետ անմիջապես շփվածները:
Այսպիսով, Առողջապահության նախարարության երեկվա տարածած հաղորդագրության համաձայն, Արցախում մինչև այս պահը կորոնավիրուս է հայտնաբերվել հինգ անձի մոտ:
լուսանկարը՝ aparaj.am
Մեկնաբանել