
Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակվածը երիտասարդ կին է, որը թոքաբորբ է ունեցել
Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակված անձը երիտասարդ կին է։ Նա ավելի քան մեկ շաբաթ գտնվել է մարզի հիվանդանոցներից մեկում. նրա մոտ թոքաբորբ է ախտորոշվել։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում նշեցին Գեղարքունիքի մարզպետարանից։
Այնուհետև կինը տեղափոխվել է Երևան՝ «Նորք»-ի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ երեկ թեստավորվել է և հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությունը։
Մարզպետարանից հրաժարվեցին հայտնել, թե մարզի որ բնակավայրից է քաղաքացին, սակայն մեր ունեցած տեղեկություններով նա Մարտունու շրջանի Աստղաձոր գյուղից է՝ 30-35 տարեկան։ Նրա հետ կոնտակտավոր անձանց հիվանդանոցից հորդորել են ինքնամեկուսանալ։
Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության առաջին դեպքը։ Այս տեղեկությունը հաստատել է մարզպետ Գնել Սանոսյանը։
Առողջապահության նախարարությունն այսօր հայտարարել է, որ հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 29 նոր դեպք, առողջացել է ևս 24 քաղաքացի։ Այդպիսով, վերջին տվյալներով` փաստացի բուժվողների թիվը կազմել է 780, առողջացածներինը՝ 173:
Ապրիլի 10-ի դրությամբ` արձանագրվել է մահվան 2 դեպք, որոնցից մեկի մասին երեկ հայտարարվել էր։ Մահվան դեպքերի ընդհանուր թիվը` 13:
Մեկնաբանել