
ԱՄՆ-ում վերջին 24 ժամում գրանցվել է ավելի քան 2000 մահ կորոնավիրուսից
Ջոն Հոփկինսի համալսարանի հետազոտողների տվյալներով՝ ուրբաթ օրը Միացյալ Նահանգներում գրանցվել է 2108 մահ կորոնավիրուսից, իսկ վարակակիրների թիվն էլ գերազանցել է կես միլիոնը։
Երկուշաբթի օրվանից մինչ այսօր կորոնավիրուսից ԱՄՆ-ում ավելի շատ մարդ է մահացել (8800), քան Աֆղանստանի և Իրաքի պատերազմներում մահացած ամերիկացի զինծառայողների թիվն է։
Շաբաթ օրվա դրությամբ՝ ԱՄՆ-ում մահերի թիվը 18 761 է, որն ամենայն հավանականությամբ կիրակի օրը կգերազանցի Իտալիայում գրանցված մահերի թվին՝ 18 849։
Նյու Յորքը շարունակում է մնալ երկրի ամենաշատ վարակակիրներ ունեցող շրջանը։ «The Associated Press»-ի հաղորդմամբ՝ ուրբաթ օրն այստեղ գրանցվել է 777 մահ, իսկ երկուշաբթի օրվանից՝ ավելի քան 3000 մահ։ Սակայն հարկ է նշել, որ հոպիտալացվածների թիվը նվազում է․ անցյալ շաբաթ հոսպիտալացվածների թիվն օրական աճում էր 1000 հիվանդով, իսկ հիմա 290-ով։
«BBC»-ի հաղորդմամբ՝ Նյու Յորքի բնակիչները ցնցված են մռայլ տեսարաններից՝ դատարկ փողոցներով անդադար սլացող շտապօգնության մեքենաներ, դիակներով պարկեր, որոնք հիվանդանոցներից հանում և լցնում են սառցարաններով բեռնատարներ, իսկ հիմա էլ Հարթ կղզում նոր խրամատներ են փորում՝ զանգվածային թաղումների համար։
Հեռավոր գերեզմանատունը, ուր հնարավոր է հասնել միայն նավակով, պատմականորեն հայտնի է իր զանգվածային եղբայրական գերեզմաններով, որոնք չունեն շիրմաքարեր։ Այստեղ թաղում են նրանց, ում դիակները հարազատները չեն պահանջել կամ գտել։
Թաղման բյուրոների տնօրենները պատմում են, թե ինչպես են վախեցել և ընկճվել՝ տեսնելով մահվան այսքան դեպք։ Նույնիսկ մինչ այս շաբաթվա ռեկորդային թվով մահերը, ընտանիքները ստիպված էին սպասել մեկ կամ ավելի շաբաթ, որպեսզի թաղեն կամ դիակիզեն իրենց մահացած հարազատներին։
Վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսի 503 177 դեպք, մահերի թիվը՝ 18 761 է։
Լուսանկարում պատկերված է, թե ինչպես են թաղում մարդկանց Հարթ կղզում, ապրիլի 9, 2020, Լուկաս Ջեքսոն, Reuters գործակալություն
Մեկնաբանել