HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշտարակցի գյուղատնտես. «Այս վարկային ու բանկային համակարգով չի կարելի գյուղատնտեսություն զարգացնել»

Աշտարակում ապրող և գյուղատնտեսությամբ զբաղվող Գնել Մխիթարյանը կորոնավիրուսի պատճառած վնասները հաղթահարելու համար գյուղատնտեսական աշխատանքներին նոր թափ է հաղորդել, թեև կասկածում է, որ տարին գյուղատնտեսության համար բարենպաստ կլինի: Ասում է` իր երկարատև փորձը ցույց է տվել, որ գյուղատնտեսությամբ զբաղվողն անընդհատ վնասներ է կրում: Այս տարին ևս բացառություն չի լինի:

Գնելը մասնագիտությամբ գյուղատնտես է, առաջնորդվում է «մթերք՝ առանց քիմիայի և թունաքիմիկատների» կարգախոսով: Ուզում է  օրգանական մթերքի մշակումը զարգացնել Հայաստանում: Նախկինում բարձրարժեք բանջարատեսակներ է մշակել, 50 տեսակի մշակաբույսեր, հիմնականում` էկզոտիկ: Նրան գրավել էր նաև եթերայուղատու բույսերի մշակումը, սակայն հետո իրացման շուկաների սակավության պատճառով ուղղվածությունը փոխել է  եւ սկսել մշակել տեղական շուկայում ավելի լավ իրացվող տեսակներ:

Այս տարի 3 hա հող է մշակում, նաև՝ 1 հա պտղատու այգի: Ջերմոցներում լոլիկ է աճեցնում:

Գնելը կարծում է, որ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում 0 տոկոսով վարկային արտոնությամբ տրամադրվող միջոցներն արդեն ուշացած են, քանի որ գյուղատնտեսական աշխատանքները վաղուց սկսված են, իսկ կլիմայական այս պայմաններում գյուղատնտեսությունը դժվար կլինի զարգացնել:

«Գալիքը մի փոքր ավելի շատ խնդիրներ կունենա, ես այդ տագնապները և գյուղատնտեսության վիճակը տեսնում եմ: Մեր գյուղատնտեսությունը կոմայի մեջ է: Զբաղվողները շատ քիչ են: Այս պահին, եթե ցանկացած մեկը փորձեր զբաղվել գյուղատնտեսությամբ, այս կլիմայական պայմաններում և գյուղտեխնիկայի բացակայության պատճառով դժվար է հիմա գյուղատնտեսությանը զարկ տալը»,- ասում է նա:

Քանի որ վստահելի վարկառու չէ, ինքը նույնպես չի կարողանա օգտվել 0 տոկոսով գյուղվարկերից: Երկու բանկում պարտավորություններ ունի ընդհանուր 7000 դոլարի չափով: Այդ պարտավորություններն առաջացել են գյուղատնտեսության ոլորտում իր ներդրումների և դրանց համարժեք եկամուտ չստանալու պատճառով, չի կարողացել ժամանակին մարել վարկերը:  

«Գյուղատնտեսությունն ուժեղացնելու պարագա է պետք: Երբեմն 1000 դոլարը քեզ 10 000 դոլարից գցում է, երբ էդ պահին չկա: Իսկ էս մարդիկ նոր են որոշումներ ընդունում»,- ասում է նա:

Հեղափոխությունից հետո ձևավորված նոր կառավարությունից մեծ ակնկալիքներ չունի, որովհետև կարծում է, որ ոլորտում լուրջ ուսումնասիրություններ չեն իրականացվել, նախորդ իշխանությունների վարած քաղաքականությունը շարունակվում է` ուղղվածությունը մի որոշակի խմբի համար:

«Բանկային ցինիզմ կա, երբ հայ արտադրողը ենթարկվում է բանկային ցինիզմին և քմահաճություններին, դա չի կարող գյուղատնտեսություն զարգացնել: Այս վարկային ու բանկային համակարգով չի կարելի գյուղատնտեսություն զարգացնել: Ուղղակի ափսոսում եմ, որ լուրջ ռեսուրսներն էլի մսխվում են»,- ասում է գյուղատնտեսը:

Գնելը չի ուզում դժգոհել և ապակառուցողական մտքեր հայտնել նոր կառավարության մասին: Ասում է, որ խարխուլ հնի վրա նորը կառուցելը հեշտ չէ: Դեռևս գյուղատնտեսության գոյատևումն է նույնիսկ խնդիր, իսկ մեկ-երկու խելացի անասնագոմերը կամ կաթիլային ոռոգմամբ դաշտերը, ըստ նրա, հարց չեն լուծում գյուղատնտեսության ոլորտում, որովհետև սովորական գյուղացու մոտ, մեծ հաշվով, բան չի փոխվում:

Գնելը շտապում է դեպի իր ջերմոցներ և արտեր: Սպասվող ցրտահարությունից պետք է բույսերը փրկել, կրակ վառել և համապատասխան այլ միջոցներ ձեռնարկել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter