HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հյուսիսային Կորեան որոշել է խստացնել կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարը

Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը հաստատել է որոշում, որով նախատեսվում է առավել խիստ ազգային գործողություններ, կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, Հյուսիսային Կորեայի բնակչության կյանքի և անվտանգության պաշտպանության համար։ Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ն։ Համապատասխան որոշումն ընդունվել է շաբաթ օրը՝ ապրիլի 11-ին, Կորեայի Աշխատանքային կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի նիստի ժամանակ, որը ղեկավարել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը։ Քաղբյուրոյի նիստի վերաբերյալ հայտարարություն է տարածել Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը։

Քաղբյուրոն կոչ է արել ձեռնարկել «խիստ ազգային հակամիջոցներ, աշխարհում հիվանդության էքսպանսիայի պայմաններում, վիրուսի ներթափանցումը կանխելու համար։ Կորոնավիրուսի պանդեմիան արհավիրք է, որը սպառնում է ողջ մարդկությանը, անկախ սահմաններից և մայրցամաքներից»,- նշվում է քաղբյուրոյի տարածած հաղորդագրության մեջ։ Հանդիպման ընթացքում առաջ է քաշվել այն միտքը, որ կարճ ժամանակահատվածում կորոնավիրուսային վարակի հաղթահարումը դարձել է անհնարին և այն կտարածվի, անկախ սահմաններից և մայրցամաքներից»։ Գործակալության տարածած հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ երկիրը հենց սկզբից ձեռնարկել է բարձր մակարդակի, բավականին խիստ հակահամաճարակաբանական միջոցառումներ։ Այն հնարավորություն է տվել երկրում հաստատել կայուն հակահամաճարակային իրավիճակ։

Բացի այդ հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Քաղբյուրոյի նիստի ժամանակ բարձրաստիճան ղեկավարությունը կոչ է արել իրականացնել քաղաքացիների զանգվածային թեստավորում։ «Նոդոն սինմուն» օրաթերթն էլ հրապարակել է լուսանկար, որտեղ երևում է, որ Քաղբյուրոյի ղեկավարության անդամները նստած են կողք կողքի, առանց հատուկ պաշտպանիչ դիմակների։

Հետաքրքրականն այն է, որ սա առաջին դեպքն է, երբ տարածվել է տեղեկատվություն Հյուսիսային Կորեայի ղեկավարության կողմից կորոնավիրուսի թեմայով քննարկման վերաբերյալ, ինչը լայնորեն լուսաբանվել է հյուսիսկորեական լրատվամիջոցների կողմից։ Ավելի վաղ, հյուսիսկորեական պետական լրատվամիջոցները հերքել էին երկրում կորոնավիրուսով հիվանդների մասին լուրերը։ Ինչպես նշում է «AFP» գործակալությունը, պաշտոնական հաղորդագրություններում, որոնք թարմացվել են ապրիլի 12-ին, այդ մասին չկա որևէ հիշատակում։

Այդուհանդերձ, ինչպես նշվում է հարավկորեական «Yonhap» գործակալությունը, այն փաստը, որ ԿԺԴՀ Քաղբյուրոյի նիստը եղել է շաբաթ օրը, որն ի սկզբանե պետք է տեղի ունենար ուրբաթ օրը, արդես իսկ կասկածի տեղիք է տալիս։ Չկա որևէ պարզաբանում, թե ինչու է օրվա տեղափոխություն կատարվել։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, մինչև ապրիլի 2-ը ներառյալ, Հյուսիսային Կորեայում թեստավորվել է 709 մարդ, ներառյալ 11 արտասահմանցիներ։ Այդ ընթացքում ավելի քան 24 800 մարդու թույլատրվել է դուրս գալ կարանտինից։ Մարտի 27-ի տվյալներով՝ երկրում 2280 քաղաքացի և երկու արտասահմանցիներ շարունակում են մնալ կարանտինի մեջ։

Ավելի վաղ, մարտի 13-ին, Հյուսիսային Կորեայի իշխանությունները ԱՀԿ-ին տեղեկացրել էին, որ երկրում չի գրանցվել կորոնավիրուսի և ոչ մի դեպք։ Հարևան Չինաստանում այդ ընթացքում վարակվել էր 80 000 մարդ, իսկ Հարավային Կորեայում՝ 8 000։ Երկրում հաստատվել էր տրանսպորտի բոլոր տեսակների երկիր մտնելու և երկրից դուրս գալու արգելք։ Դպրոցները և համալսարանները փակվել էին։ Երկրում գտնվող բոլոր արտասահմանցիները հայտնվել էին 30-օրյա կարանտինում։ Սահմանափակումները տարածվել էին նաև դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների վրա և, համաձայն որոշ հաղորդագրությունների, նույնիսկ զինվորականների վրա։

Հարավկորեական «Daily NK» պարբերականը մարտի 9-ին հայտնել էր, որ COVID-19 կորոնավիրուսին բնորոշ ախտանիշներից, Հյուսիսային Կորեայում մահացել է 180 զինծառայող, իսկ զինվորական հոսպիտալներում ախտահանման նպատակներով կիրառվել է մեթանոլ։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter