HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Զինվորական հանցագործություններն ու զինված ուժերի մահվան դեպքերը. Դատախազության 2019-ի զեկույցը

2019 թվականին զինվորական հանցագործությունները 2018-ի համեմատ նվազել են 171-ով կամ 23.5%-ով: Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության գործունեության 2019 թվականի զեկույցից:

Հայաստանի և Արցախի զինված ուժերում 2019-ի ընթացքում արձանագրվել է 49 զինծառայողի մահվան դեպք:

 

49 զինծառայողից 20-ի մահվան դեպքերը կապված են եղել զինվորական ծառայության հետ:

 

 29 դեպք տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում:

 

2018-ին հայկական երկու պետությունների զինված ուժերում արձանագրվել էր 63 զինծառայողի մահվան դեպք:

Ըստ դատախազության զեկույցի` 2019-ին արձանագրված 31 առանձնապես ծանր հանցագործություններ են որակվել հակառակորդի կողմից կատարված սպանությունները (4 դեպք), համածառայակցի կողմից կատարված սպանությունները (3 դեպք), անհայտ անձի կողմից կատարված սպանությունը (1 դեպք), հակառակորդի կողմից կատարված սպանության փորձը (18 դեպք), համածառայակցի կողմից կատարված սպանության փորձերը (4 դեպք),  ոստիկանի կողմից պայմանագրային զինծառայողի նկատմամբ խոշտանգումը (1 դեպք):

2019-ին ևս, ինչպես նախորդ տարիներին, զինվորական հանցագործությունների մեջ առավել տարածված են զինվորական ենթակայության կարգի և զինծառայողների կանոնագրքային փոխհարաբերությունների դեմ ուղղված (Քրեական օրենգսրքի 356-360-րդ հոդվածներ) հանցագործությունները, ինչպես նաև զինվորական ծառայություն կրելու կարգի դեմ ուղղված հանցագործությունները (361-364-րդ հոդվածներ):

Այսպես՝ եթե 2018թ. ընթացքում արձանագրվել է Քրեական օրենսգրքի 356-360-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների 395 դեպք, իսկ 361-364-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների 194 դեպք, ապա 2019թ. դրանց թիվը համապատասխանաբար կազմել է 309 և 145:

Զինվորական ենթակայության կարգի և զինծառայողների կանոնագրքային փոխհարաբերությունների դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 21,8%-ով, զինվորական ծառայություն կրելու կարգի դեմ ուղղված հանցագործությունները՝ 25,2%-ով, հատուկ ծառայությունների կրման կարգի դեմ ուղղված հանցագործությունները՝ 81,8%-ով, զինվորական պաշտոնեական հանցագործությունները՝ 31,9%-ով, կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունները՝ 11,5%-ով, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները՝ 28,6%-ով, սեփականության դեմ ուղղված հանցագործությունները՝ 11,1%-ով, հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները՝ 38,6%-ով: Փոխարենը աճել են ռազմական գույքն օգտագործելու և պահպանելու, զենքի, ռազմամթերքի, ինչպես նաև շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելու հետ կապված հանցագործությունները՝ 6,25%-ով, ռազմական տեխնիկայի օգտագործման կարգի դեմ ուղղված հանցագործությունները՝ 21,4%-ով, հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված հանցագործությունները՝ 58,8%- ով:

2019թ. ընթացքում զինվորական քննչական մարմինների վարույթում քննվել է զինվորական ծառայությունից խուսափելու (327-րդ հոդված)  հատկանիշներով հարուցված 3089 քրեական գործ, որոնցից 436-ը փոխանցվել է 2018 թվականից, 961-ը հարուցվել է հաշվետու տարում, 10-ը ստացվել են այլ մարմիններից, 1682-ով նախաքննությունը վերսկսվել է:

Այդ քննվող քրեական գործերից 1544-ի նախաքննությունն ավարտվել է: Դրանցից 19-ը մեղադրական եզրակացություններով ուղարկվել են դատարաններ, 1525-ով վարույթները կարճվել են:

Գլխավոր դատախազությունը 2019-ի ընթացքում արձանագրել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 154 դեպք, որոնց վերաբերյալ զինվորական դատախազության դատախազների դատավարական ղեկավարմամբ և դատախազական հսկողությամբ նախապատրաստված նյութերից 145-ով հարուցվել են քրեական գործեր: Դրանցից 63-ը հարուցվել է պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ իշխանության անգործության, 29-ը՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, 27-ը՝ վատնման կամ յուրացման եղանակով տարբեր չափերի հափշտակություններ կատարելու, 11-ը՝ կաշառք ստանալու կամ տալու, 8-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 3-ը՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված խարդախության, 3-ը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու, 1-ը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելու հատկանիշներով:

Ընդհանուր առմամբ 2019թ. ընթացքում Քննչական կոմիտեի զինվորական քննչական մարմինների վարույթում քննվել է կոռուպցիոն բնույթի 296 քրեական գործ: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 64 քրեական գործ՝ 102 անձի վերաբերյալ։ Դատարան ուղարկված գործերի քանակը 2018 թվականի ցուցանիշից ավելի է 50 տոկոսով:

Պարզվել է նաև, որ 2019թ. ընթացքում քննչական մարմինների վարույթում քննված, ավարտված, ինչպես նաև տարվա ընթացքում քննվող կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով և նախապատրաստված նյութերով արձանագրվել է 786 մլն ՀՀ դրամի վնաս, որից վերականգնվել է 410մլն դրամը, իսկ մի մասով քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:

Տեղեկացնենք, որ Դատախազության հաղորդումը նախ քննարկվելու է Ազգային ժողովի ոլորտային հանձնաժողովներում, ապա լիագումար նիստում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter