HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Պարետ. «Հայաստանի մշտական բնակության 12 տոկոսը համարվում է ռիսկային` ըստ տարիքի» (լրացվող)

Խորհրդարանում մեկնարկել է ԱԺ հատուկ նիստը, որի օրակարգում արտակարգ դրության ժամկետի երկարաձգման հարցն է: Նիստին ներկա է Կառավարության գրեթե ամբողջ կազմը: Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն իր ելույթում ընդգծեց` Կառավարությունն առաջարկում է երկարաձգել արտակարգ դրության ժամկետը, քանի որ չեն վերացել այն հիմնական պատճառները, որոնք արտակարգ դրության հայտարարման հիմք են դարձել:

«Համավարակի դեմ պայքարում չկա բացարձակ արդյունավետ ռազմավարություն, անհնար է վարակն ամբողջովին վերացնել մինչդեռ դրա դեմ պատվաստանյութի ստեղծումը հնարավոր կլինի ամիսներ անց, եթե ոչ մեկ տարի անց: Պետությունների ձեռնարկած միջոցառումները մեծ մասամբ միտված են անորոշությունները կառավարելուն: Հասարակությունները կանգնած են կարևոր երկընտրանքի առաջ` փորձել խուսափել մեծաքանակ զոհերից և դանդաղեցնել վարակի տարածման արագությունը, որպեսզի առողջապահական համակարգն ի վիճակի լինի սպասարկելու հիվանդներին` միաժամանակ մեծ վնաս հասցնելով տնտեսությանը, կամ թույլ տալ արագ տարածում մարդկանց մոտ` ձևավորելով դիմադրողականություն և հնարավոր դարձնել արագ վերադարձը բնականոն կյանքին` միաժամանակ ունենալով ավելի մեծ թվով զոհեր»,- ասաց Ավինյանը:

Ըստ նրա` երկու տարբերակներն էլ ունեն իրենց սոցիալական, քաղաքական, տնտեսական գինը, սակայն պետությունների գերակշիռ մասը դեռևս գնում է առաջին ուղղությամբ` չբացառելով որևէ պահի անցնել երկրորդ տարբերակի:

Ըստ պարետի` կարևոր հանգամանք է այն, թե Հայաստանում ժողովրդագրական պատկերն ինչպիսին է` համավարակի տեսանկյունից:

«Հայաստանի մշտական բնակության 12 տոկոսը կամ ավելի քան 353 հազար մարդ համարվում է ռիսկային` ըստ տարիքի` անկախ առողջական վիճակից: Խրոնիկ հիվանդությունների մասով` շաքարային դիաբետ ունեցող անձանց թիվը 77 հազար 418 է, սրտի իշեմիկ հիվանդություն ունեցողներինը` 71 հազար 25, հիպերտենզիա` 145 հազար 408 քաղաքացի: Ընդ որում սրանք միայն հայտնի, գրանցած դեպքերն են: Ամենառիսկային գոտում են գտնվում այն անձինք, ովքեր մի քանի խրոնիկ հիվանդություն ունեն և բարձր տարիքային խմբում են»,- ասաց Ավինյանը:

Տիգրան Ավինյանը ներկայացրեց ըստ Աշխատանքի տեսչական մարմնի գրանցված աշխատողների տվյալները` ընդգծելով, որ ամենամեծ թիվը կրթության, առևտրի և ծառայությունների և մշակող արդյունաբերությունների ոլորտում է: Ըստ այդմ, կրթության ոլորտի աշխատակիցների թիվը 110 179 է, առևտրի և ծառայությունների ոլորտում` 104 270, մշակող արդյունաբերության ոլորտում` 68 506 աշխատակից: Ավինյանի խոսքով` այս վիճակագրության մեջ ներառված չէ գյուղատնտեսությունը, որտեղ զբաղվածությունը ոչ ֆորմալ է:

15-ից 75 տարեկան աշխատանքային ռեսուրսների մեջ զբաղված բնակչության ավելի քան 50 տոկոսը առևտրի և ծառայությունների ոլորտում է: 60 տարեկանից բարձր զբաղվածություն ունեցողների թիվը 137 հազար է:

«Առաջնային քայլերն են եղել որոշել վարակի տարածման կանխարգելման ռազմավարական մոտեցումները, գնահատել կորոնավիրուով վարակված անձանց սպասարկման համար առողջապահական համակարգի պատրաստավածության աստիճանը և կարիքները, նախանշել դեպքերի բացահայտման մեթոդաբանությունը տարբեր սցենարային զարգացումների համար»,-ասաց Ավինյանը:

Նրա խոսքով` կիրառված սահմանափակումները եթե չլինեին, ապա Երևանում արդեն 30  հազար վարակակիր և հարյուրավոր մահեր կլինեին:

«Մեր հիմնական ռազմավարությունն է եղել հնարավորինս հարթեցնել վարակի տարածման դինամիկան` ժամանակի մեջ ապահովելով դրա մարումն առանց անկառավարելի պիկերի, ապահովել առողջապահական համակարգի կայուն արձագանքման հնարավորությունը, չեզոքացնել ռիսկային խմբերի վարակման դեպքերը»,-մանրամասնեց պարետը: Ավինյանի համոզմամբ` գործողությունները պետք է լինեն ոչ թե արձագանքման մակարդակում, այլ կանխարգելող:

«Մենք գործողությունները բաժանել ենք չորս հիմնական փուլի, հիմա երրորդ փուլում ենք, որը ենթադրում է ավելի ինտենսիվ տեղորոշման գործիքակազմի օգտագործում, խիստ սահմանափակումներ և թեստավորման ծավալների աճ»,-ասաց նա:

Ավինյանի խոսքով` սահմանափակումների կիրառումից հետո պարետատունը ունեցել է մի պատկեր, ինչն ապացուցել է, որ սահմանափակումներն արդարացված են: Եթե արտակարգ դրության հաստատումիցվ հետո պիկ ժամերին մարդկանց տեղաշարժը ընկել է 25 տոկոսով, ապա սահմանափակումներ կիրառելուց հետո այն ընկել է քառասուն տոկոսով:

«Եվ վարակի տարածման ինտենսիվության գործակիցը մարտի 23-ին կազմել է 1,2-ից 1,3, իսկ  սահմանափակումներից հետո` մարտի 31-ին` 0,8-ից 0,9»,-ասաց նա:

Ավինյանն անդրադարձավ նաև վարակակիր անձանց հեռախոսային խոսակցությունների միջոցով վերջիններիս շփման շրջանակը պարզելու օրենքին` ասելով, որ տեղորոշման գործիքակազմը գործարկվել է, և համակարգն ավտոմատ տեղորոշում է անձանց շրջանակը, ովքեր կոնտակտ են ունեցել վարակակիրների հետ:

«Այս պահի դրությամբ 315 արձանագրված հիվանդի առնչությամբ գործիքը տվել է 3 հազար 29 ինքնամեկուսացվող  անձանց շրջանակ, նրանց հետ կապ է հաստատվել: Հավելվածի մոտ 60 հազար ներբեռնում ունենք, 4900 թեստի արդյունքներ գտնվել են կարմիր գոտում, կապ է հաստատվել 1600-ից ավելի անձանց հետ, 21 հոգի ուղարկվել են թեստավորման, որից չորսի մոտ հաստատվել է կորոնավիրուս»,-ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter