HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նահատակ» պոչամբարի պատճառով վաղվանից դադարեցվելու են «Ախթալա ԼՀԿ»-ի աշխատանքները

 «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սամվել Խաչատրյանն այսօր հայտնեց, որ վաղվանից դադարեցնում են կոմբինատի աշխատանքները։  Նրա խոսքով՝ Ախթալայի համայնքապետը հող չի հատկացնում «Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացիան սկսելու համար

«Ախթալա» լեռնահարստացման կոմբինատն այսօր առավոտյան «Նահատակ» պոչամբարում սկսել է իրականացնել պոչամբարի ամբարտակի 30 սմ-ով բարձրացնելու աշխատանքներ: Դա նկատել են Մեծ Այրում գյուղի բնակիչները: Խախտելով կորոնավիրուսի դեմ պայքարի համար երկրում հայտարարված արտակարգ դրության պահանջները՝ գյուղացիներն անմիջապես հավաքվել են պոչամբարի մոտ և սկսել խոչընդոտել ամբարտակի բարձրացման աշխատանքները: Մեծայրումցի Գրիշա Գրիգորյանն այդ մասին տեղեկացրեց նաև մեզ։

«Շտապ  եկեք «Նահատակ» պոչամբարի մոտ»,- խնդրեց Գրիշա Գրիգորյանը: Պոչամբարի տարածք էր մեկնել նաև Ախթալա համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը: Նա մեզ հեռախոսով հայտնեց, որ իր պահանջով դադարեցվել են ամբարտակի բարձրացման շինաշխատանքերը: Համայնքապետը ԼՀԿ-ի տնօրինությունից պահանջել է պոչամբարի ամբարտակի բարձրացման նախագիծ ներկայացնել համայնքապետարան: «Նախագիծը մեր կողմից կքննարկվի, կլինի նաև  հանրային լսում, որից հետո կորոշվի՝ թույլատրվո՞ւմ է պոչամբարի աշտարակը բարձրացնել, թե՞ ոչ»,- ասաց Արկադի Թամազյանը:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հայտնեց, որ մասամբ է տեղյակ «Նահատակի» պոչամբարի մոտ Մեծ Այրումի գյուղացիների այսօրվա բողոքի ակցիային, սակայն գիտի, որ լեռնահարստացման կոմբինատն առաջիկայում պետք է ռեկուլտիվացիայի ենթարկի «Նահատակ» պոչամբարը: «Ռեկուլտիվացիայի համար ԼՀԿ-ն դիմել է Շրջակա միջավայրի նախարարություն: Նախարություն ներկայացված պոչամբարի ռեկուլտիվացիայի նախագիծը հին է եղել, ԼՀԿ-ն արդեն պատվիրել է նոր նախագիծ: Նախագծային աշխատանքներն ավարտելուց հետո այն պետք է քննարկվի նախարարությունում, որից  հետո հանրային քննարկումներ կսկսվեն Ախթալա համայնքում»,- հայտնեց մարզպետ Ա. Ղուկասյանը: Անդրադառնալով պոչանքների չորացման ԼՀԿ-ի նոր արտադրամասին՝ Ա. Ղուկասյանը պարզաբանեց, որ ԼՀԿ-ն պոչանքների չորացման արտադրամասում չի կարողանում վերամշակել կոմբինատի ամբողջ պոչանքները, նոր ներդրումներ պետք է իրականացնի արտադրամասի արտադրական կարողությունները մեծացնելու համար:

Մեծ դժվարությամբ մեզ հաջողվեց հեռախոսային կապ հաստատել Ախթալա ԼՀԿ-ի գլխավոր տնօրեն Սամվել Խաչատրյանի հետ։ «Ես հիմա շրջակա միջավայրի նախարարությունում եմ: Այստեղ մեզնից պահանջում են «Նահատակ» պոչամբարում ստեղծված վիճակի պատճառով դադարեցնել լեռնահարստացման կոմբինատի աշխատանքները: Համայքապետարանը մեզ հող չի տալիս պոչամբարի ռեկուլտիվացիան սկսելու համար: Մենք վաղվանից դադարեցնում ենք Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի մեր աշխատանքները, այդպես էլ գրեք թերթում»,- հայտնեց  տնօրեն Սամվել Խաչատրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter