
Ախտահանիչ նյութերի մեծ խմբաքանակ եւ համապատասխան հանդերձանք՝ Արցախին
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղակատվության համաձայն՝ ԱԻՊԾ տնօրեն, գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին ներկա էին ծառայության ղեկավար կազմը, շրջանային բաժինների և այլ ստորաբաժանումների ղեկավարներ:
Խորհրդակցության ընթացքում ծառայության տնօրենը անդրադարձել է հանրապետության տարածքում հայտարարված արտակարգ իրավիճակում ծառայության ստարաբաժանումների աշխատանքներին:
Կարևորելով նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման աշխատանքների շրջանակներում իրականացվող միջոցառումների պատշաճ կատարումը՝ Վլադիկ Խաչատրյանը հրահանգել է.
- շրջաններում ստեղծված արագ արձագանքման խմբերի պատասխանատուներին՝ պատրաստ լինել, օպերատիվ արաձագանքել և ծավալել համապատասխան միջոցառումներ,
- անձնակազմերի պատասխանատուներին՝ ծառայության կազմակերպումը իրականացնել համաձայն տարվող կանխարգելիչ միջոցառումների՝ նվազագույնի հասցնելով միջանձնային շփումները:
Արցախի Հանրապետության հսկիչ-անցագրային կետերում և հանրապետության բնակավայրերում ախտահանման աշխատանքները մեծ ծավալով իրականացնելու նպատակով ԱԻՊԾ-ն կստանա ախտահանիչ նյութերի մեծ խմբաքանակ, իսկ շուրջօրյա հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները` համապատասխան լրացուցիչ հանդերձանք:
Մեկնաբանել