
Ինֆեկցիոն բաժանմունք չունեցող ԲԿ-ները կներգրավվեն կորոնավիրուսի բուժման գործում, ԱԺ-ն ընդունեց փաթեթը
Խորհրդարանն արտահերթ նիստով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Դեղերի մասին», «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքների նախագծերում փոփոխություն կատարելու վերաբերյալ Կառավարության առաջարկը:
«Դեղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծով դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ժամկետը կերկարաձգվի ևս չորս ամսով` հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով տնտեսվարող սուբյեկտների համար առաջացած դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման գործընթացի կազմակերպման գործնական անհնարինությունը:
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքների նախագծով հնարավորություն կընձեռվի արտակարգ դրությամբ պայմանավորված այն դեպքերում, երբ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու համար չբավարարեն համապատասխան բուժաշխատողները, ապա Կառավարության որոշմամբ` կարող է թույլատրվել որոշ բուժաշխատողների կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորների ներգրավումն անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման իրականացման նպատակով: Կթույլատրվի նաև այն ԲԿ-ների ներգրավումը, որոնք չունեն ինֆեկցիոն բաժանմունքներ:
Խորհրդարանը նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունել էր այսօր առավոտյան:
Մեկնաբանել