HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ինֆեկցիոն բաժանմունք չունեցող ԲԿ-ները ևս կկարողանան ներգրավվել կորոնավիրուսի բուժման գործում. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագծերը

Խորհրդարանն արտահերթ նիստով առաջին ընթերցմամբ ընդունեց «Դեղերի մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքների նախագծերում փոփոխություն կատարելու Կառավարության առաջարկը: Առաջին նախագիծն ընդունվեց 114, երկրորդ` 115 կողմ ձայներով:

«Դեղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծով առաջարկվում է դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ժամկետը երկարաձգել  ևս չորս ամսով` հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով տնտեսվարող սուբյեկտների համար առաջացած դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման գործընթացի կազմակերպման գործնական անհնարինությունը:

Քանի որ մարտի 16-ից Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է արտակարգ դրություն, որի հիման վրա սահմանափակվել են անձանց տեղաշարժի, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների հետ անմիջական շփում պահանջող գործողությունները, ապա այն կարող է խոչընդոտ լինել դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման գործընթացի կազմակերպման հարցում:

Նախագծերը ներկայացնող առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով` փոփոխությունները նրա համար են, որ այժմ լիցենազավորման պարտադիր պահանջն ուժի մեջ չմտնի, և տնտեսվարողները խնդիր չունենան:

Երկրորդ փաթեթի համաձայն, երբ արտակարգ դրությամբ պայմանավորված` բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու համար չեն բավարարում համապատասխան բուժաշխատողները, ապա Կառավարության որոշմամբ` կարող է թույլատրվել որոշ բուժաշխատողների կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորների ներգրավումն անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման իրականացումը` որոշմամբ սահմանված պայմաններով:

Փոխնախարարի խոսքով` այս կերպ կորոնավիրուսով հիվանդացության պացիենտների բուժման համար լրացուցիչ մահճակալային ֆոնդ է ստեղծվում, ինչպես նաև լրացուցիչ մասնագետներ են ներգրավվում: Փոխնախարարի խոսքով` այժմ արդեն իսկ 1400 մահճակալ կա վարակակիր պացիենտների համար, փոփոխությամբ հնարավորություն կընձեռնվի նաև ընդգրկել այն ԲԿ-ները, որոնք չունեն ինֆեկցիոն բաժանմունք:

Փոխնախարարի խոսքով` ներգրավված մասնագետները վերապատրաստվելու են, և նրանց հետ աշխատանքային պայմանագրեր են կնքվելու:

Ավանեսյանը հիշեցրեց, որ 9 ԲԿ արդեն իսկ ընդգրկված է կորոնավիրուսի հիվանդացության դեպքերը բուժելու գործում, ըստ նրա նախարարությունը քայլ առաջ է փորձում նայել և ցանկացած իրավիճակի համար պատրաստ ունենալ մահճակալային ֆոնդ:

Ավանեսյանը նաև հայտնեց, որ բուժաշխատողները և վերապատրաստող մասնագետները անընդհատ կապի մեջ են սփյուռքահայ մասնագետների հետ թե՛ Եվրոպայից, թե՛ ԱՄՆ-ից, թե՛ ՌԴ-ից, շաբաթական մի քանի անգամ տեսակապեր են իրականացնում` քննարկելով բուժման նորագույն մեթոդներ:

Նախագծերի քվեարկությունից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ նախագծերը հատուկ ընթացակարգով են քննարկվում, ըստ որի՝ առաջին ընթերցմամբ քվեարկությունից հետո լինելու է երեքժամյա առաջարկների փուլ, որի ավարտից անմիջապես հետո կոչ արեց հրավիրել գլխադասային հանձնաժողովի նիստ: Ըստ Միրզոյանի մոտավոր հաշվարկների` երկրորդ նիստը կհրավիրվի 15:30-ից 16:00-ի միջակայքում:

Միրզոյանը նաև հիշեցրեց, որ Կառավարությունը նիստ է հրավիրել, որի օրակարգում արտակարգ դրության ժամկետի երկարաձգման հարցն է ընդգրկված: Միրզոյանի խոսքով` նախագիծը խորհրդարան հասնելուց անմիջապես հետո հատուկ նիստ է հրավիրվելու, ուստի Միրզոյանը կոչ արեց պատգամավորներին մնալ ԱԺ շենքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter