
Արցախի ԿԸՀ նախագահը՝ ինքնամեկուսացած համայնքներում ընտրությունների կազմակերպման մասին
Վաղը՝ ապրիլի 14-ին, տեղի է ունենալու Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով երեկ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Արցախում հայտարարվել է արտակարգ իրավիճակ, ինչը չի նախատեսում ընտրությունների և հանրաքվեների չեղարկում: Ավելի վաղ՝ վարակի տարածումը կանխարգելու նպատակով, ինքնամեկուսացվել են Քաշաթաղի շրջանի Միրիկ, Մոշաթաղ և Ծիծեռնավանք համայնքները (Արցախում կորոնավիրուսի առաջին դեպքն ախտորոշվել է Միրիկ համայնքում):
«Հետքն» այս թեմայի վերաբերյալ մի քանի հարց է ուղղել ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանին:
Տիկի՛ն Արզումանյան, ինչպե՞ս է կազմակերպվելու ինքնամեկուսացված Միրիկ, Մոշաթաղ և Ծիծեռնակավանք համայնքներում ընտրական գործընթացը:
Մարտի կեսերից ձևավորված ընտրական հանձնաժողովներն իրենց լիազորությունները դեռ չեն դադարեցրել, մինչև երկրորդ փուլի վերջնական ամփոփումն իրենց լիազորությունների մեջ են: Ես ունեմ Առողջապահության նախարարության խորհրդատվությունը, որ այդ համայնքների բնակչությունը ինքնամեկուսացված է իրենց տներում: Ինքնամեկուսացված չի նշանակում, որ քաղաքացիների շարժը սահմանափակված է: Եթե պատրաստակամ լինեն իրենց ընտրական իրավունքներն իրացնել, որևէ սահմանափակում չի լինելու:
Այսինքն՝ ընտրատեղամասեր լինելո՞ւ են:
Ընտրատեղամասը միշտ եղել է: Այսինքն՝ ոչ մեկ չի չեղարկել: Ընտրատեղամասերն իրենց լիազորության մեջ են: Եթե ընտրողները և տեղամասային հանձնաժողովի պատասխանատուները հնարավորություն ունենան իրենց ընտրական իրավունքը իրացնել, որևէ խնդիր չի լինելու:
Բայց չէ՞ որ վտանգ կա:
Վտանգի առումով, բնականաբար, կոնկրետ Միրիկ համայնքը համարվում է վարակակիր ունեցող: Գիտե՛ք, որ այնտեղ վարակման դեպք է արձանագրվել: Ինքնամեկուսացումն իրենց տներում՝ խորհրդատվական բնույթի միջոցառումների մեջ է մտնում: Իհարկե, վտանգ կարող է լինել, չի բացառվում: Բայց, ամեն դեպքում, թողնում ենք, որպեսզի ընտրողն ինքնուրույն որոշի: Վտանգի մասին իրազեկված են, տեղեկացված են: Էլի եմ կրկնում՝ հորդոր տրվել է, որպեսզի ինքնամեկուսացվեն, բայց ինքնամեկուսացում չի նշանակում, որ եթե քաղաքացին ցանկություն ունենա դուրս գա, ապա որևէ մեկը խոչընդոտելու է: Խոսքը վերաբերում է համայնքի ներսում տեղաշարժի մասին:
Մեկնաբանել