HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Վիտամին C, D, յոդ և թեյ՝ «COVID-19-ի բուժման» անվան տակ, կամ ինչպես «բիզնես անել» կորոնավիրուսի օրերին

Մարտի կեսերից հետո, երբ Հայաստանում հաստատվեց կորոնավիրուսի ևս մի քանի դեպք, սոցիալական ցանցերում ակտիվացան տարբեր վիտամինների,  դեղերի և սննդատեսակների գովազդները։

Այսօր արդեն կարելի է հանդիպել անբարեխիղճ տնտեսվարողների, ովքեր իրենց ապրանքները ներկայացնում են իբրև «COVID-19 բուժման» միջոց։

Մենք ուսումնասիրել ենք այդ գովազդներից մի քանիսն ու խոսել սննդագետի հետ՝ պարզելու՝ արդյոք այդ վիտամինները, սննդամթերքը կամ յոդը «կարող են կանխարգելել» վարակի տարածումը։

 

«Մեկուսացումը այն համախտանիշի դեպքում, որի բուժումը կա, սխալ բժշկական մոտեցում է․․․ Մի թույլ տվեք, որ վախը պատի Ձեզ․․․․ Խորը շունչ քաշեք․․․օգտագործեք Ձեր ուղեղն ու գիտելիքը, որ մարդ տեսակը դարերով հավաքել է»։

Այսպես է սկսում «COVID-19 բուժման» համար ապրանքներ վաճառող Go Green Armenia էջի գրառումը։  Գրառման մեջ նշվում է, որ «COVID-19-ը ուղղակի մի սովորական փշավոր վիրուս է և մահացու չէ», մահացուն թոքաբորբն է, որը կարելի է բուժել՝ օգտագործելով մեծ քանակությամբ վիտամին C և լուգոլի յոդ։ 

Ընդ որում, վիտամին C-ն, ըստ գրառման, պետք է խմել այնքան ժամանակ, մինչև «փորլուծություն առաջանա», իսկ յոդը՝ շնչել։ Նույն գրառման մեջ որպես բուժման աղբյուր հղում է արված orthomolecular.org կայքում 2009թ․ հրապարակված ինչ-որ հոդվածների։

Այս ապրանքներն, իհարկե, առկա են Go Green Armenia-ում։

Մենք ներկայացանք որպես գնորդ և խնդրեցինք, մեկնաբանել՝ այդ ի՞նչ «հրաշք միջոց է» վաճառում ընկերությունը, եթե աշխարհում կորոնավիրուսի համար բուժման հստակ միջոցներ դեռևս չկան։

Ընկերության տնօրեն Քերոլին Բաղումյանը մեզ հետ զրույցում շարունակեց պնդել իրենց էջում արված գրառման իսկությունը՝ շեշտելով, որ «բուժումը վաղուց կա», պարզապես այն չեն հանրայնացրել։ «Մենք արդեն 10 տարի է՝ արտադրում ենք լուգոլի յոդը, շատ մեծ օգուտ են տարել մարդիկ»,-հայտնեց նա՝ հավելելով, որ վիտամին C-ի մասին վաղուց ամեն ինչ «հայտնի է»։

Երբ խնդրեցինք երաշխավորել՝ արդյոք վիտամին C և լուգոլի յոդ գնելու դեպքում կապահովագրենք մեզ կորոնավիրուսով վարակվելուց, Ք․ Բաղումյանն ասաց, որ ինքը, իր աղջիկը, իրենց խանութի աշխատակիցներն ու հաճախորդներն օգտագործում են այդ միջոցները և մինչ օրս չեն վարակվել։

«Հիմա մեր հաճախորդները վիրուս չունեն։ Մենք չենք լսել, որ մի հոգի վերցնի ու վիրուս ստանա, անպայման կբողոքեին մեզ»,- հայտնեց Ք․ Բաղումյանը։

Էջի առաջարկած «բուժման կուրսի» արժեքը՝ մեկ ամիս տեւողությամբ, մեկ անձի համար 4000-6000 դրամ է։

Ընկերության տնօրենին հայտնեցինք, որ անբարեխիղճ գրառում է արել, քանի որ, հիմնվելով 2009թ. հոդվածի վրա, մոլորեցնում է մարդկանց՝ «կորոնավիրուսի բուժման» անվան տակ վաճառելով իր ապրանքները, բացի այդ՝ «կոչ անում» դուրս գալ տնից այն դեպքում, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերոպությունն ու Հայաստանի առողջապահության նախարարությունը կոչ են անում մեկուսանալ և տանը մնալ։ Վերջինս պնդեց, որ չի մոլորեցնում, պետք է դուրս գալ եւ «իմունիտետ ձեռք բերել»։

«Խաբեություն չի, կարող եք էդ ամեն ինչը, որ մենք գրել ենք ձեզ համար, կարդաք ու ձեր լոգիկան գործածեք»,-հայտնեց Ք․ Բաղումյանը՝ նշելով, որ իրենք դիմել են Առողջապահության նախարարություն, նախարարի հետ տեսակցություն են խնդրել, որպեսզի վերը նշված ապրանքները ներկայացնեն։

Ընկերության տնօրենը դարձյալ պնդեց, որ իրենց փաստարկները «ճիշտ են»՝ հիմնված «ուսումնասիրությունների վրա», ինքն էլ բժիշկ է և ամեն ինչ շատ լավ հասկանում է։ 

Ք․ Բաղումյանն ատամնաբույժ է։ Go Green Armenia էջն ապրիլի 13-ի դրությամբ ունի 6619 հետևորդ։

«COVID-19» գովազդային վահանակով «Վիտամին C» է վաճառում նաև «Alfa-Pharm» դեղատների ցանցը։

«Հավելումներ, վիտամիններ ԱՄՆ-ից» ֆեյսբուքյան էջում վերջերս տեղադրված էր medlinks.ru կայքից ինչ-որ հոդված՝ «Недостаток витамина D повышает риск заражения COVID-19» («Վիտամին D-ի պակասը մեծացնում է COVID-19-ով վարակվելու ռիսկը») վերնագրով․ էջն առաջարկում էր գնել իրենց վաճառքում առկա վիտամին D-ն։

Գրառման տակ մեկնաբանություն թողեցինք այն մասին, որ անբարեխիղճ ձևով են փորձում գրավել հաճախորդներներին, ինչից հետո արգելափակվեցինք։ Հետագայում այդ գրառումը ջնջվել էր էջից, բայց «իմունիտետ բարձրացնող» վիտամինների վաճառքն այդ էջով մինչ օրս շարունակվում է։

«Mountea» թեյերի արտադրողը գովազդում է իր ապրանքը՝ հղում անելով բժիշկներին, որոնք «COVID-19-ի զարգացումը կանխելու համար» խորհուրդ են տալիս «տաք հեղուկներ» խմել։

Այս գրառումը դրվել է որպես գովազդ «Facebook» և «Instagram» սոցիալական ցանցերում։

Սննդագետ. «Ոչ մի վիտամին կամ սնունդ չի կարող ապահովագրել կորոնավիրուսից»

Չկա որևէ հատուկ ուտելիք «կորոնավիրուսի դեմ»։ Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց «Էկոկենտրոն»-ի սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար, սննդագետ Դավիթ Պիպոյանը։

Նա հետևում է կորոնավիրուսի ժամանակ սնուցման հարցերի միջազգային փորձին և հավաստիացնում, որ միևնույն ժամանակ սնունդը չի կարող հանդիսանալ նաև կորոնավիրուսի  վարակման պատճառ։

Վիտամինների մասին խոսելիս Դավիթ Պիպոյանն ընդգծում է, որ կարևոր է հասկանալ, թե ինչ նպատակով է մարդը դրանք օգտագործում և ինչ աղբյուրներից ստանում։

«Մենք այս օրերին տարբեր հայտարարություններով ենք հանդես գալիս, ասում ենք՝  կոճապղպեղը, սխտորը կամ վիտամին C-ն չեն կարող լինել COVID-19-ի յուրահատուկ բուժում, և միայն մեկ տեսակի սննդամթերքով կամ վիտամինով դուք չեք կարող ապահովագրվել, որպեսզի կորոնավիրուսով չվարակվեք։ Դա չի նշանակում, որ չպետք է հետևել օրգանիզմի դիմադրողականությանը, աղեստամոքսային տրակտի աշխատանքին, բայց դրանց պետք է հետևել տարին 365-366 օր, ոչ թե միայն համավարակների ժամանակ»,-ասում է Դ. Պիպոյանը՝ նշելով, որ պետք չէ հույսը դնել միայն օրգանիզմի դիմադրողականության վրա։

Նա ընդգծում է, որ վիտամինների դեպքում շատ կարևոր է հաշվի առնել օրգանիզմի համար անհրաժեշտ չափաքանակը, քանի որ դրա գերդոզավորումը ևս վտանգավոր է․

«Բոլոր նյութերը, որոնք ունեն օրական թույլատրելի չափաքանակներ, իսկ վիտամիններն ունեն, շատ կարևոր է, որ մենք հետևենք դրանց։ Անգամ սննդամթերքի չափից շատ օգտագործումից մարդու մոտ կարող է գերդոզավորում լինել։ Օրինակ՝ գազարի հյութը չի կարելի չարաշահել,-ասում է սննդագետը։- Վիտամին C-ն, եթե օգտագործվում է որպես դեղամիջոց, ունի օրական թույլատրելի չափաքանակ՝ 90 մգ տղամարդկանց և 75 մգ՝ կանանց համար։ Հատուկենտ դեպքերում է, որ վիտամին C-ն նշանակվում է մաքսիմալ դոզայով, այն էլ՝ 10-15 օր, այլ ոչ 30»։ Դ․ Պիպոյանը հղում է անում Go Green Armenia էջի առաջարկած օրական 10գ վիտամին C 30 օր խմելու խորհրդին։

Նույնը վերաբերում է այս օրերին հաճախ գովազդվող վիտամին D-ին։

«Եթե դուք վիտամին D-ի կարիք չունեք, անալիզ չեք հանձնել, բժիշկը կոնկրետ դոզա չի նշանակել, ինչու՞ եք խմում»,-ասում է Դ Պիպոյանը։

Ինչ վերաբերում է լուգոլի յոդին, Դավիթ Պիպոյանը նշում է, որ յոդը հիմնականում օգտագործվում է որպես ախտահանիչ արտաքին մակերեսների համար, իսկ եթե տնտեսվարողն այն առաջարկում է օգտագործել որպես բուժիչ միջոց, ապա պետք է ունենա համապատասխան թույլտվություն․ «Լուգոլի յոդը կոնկրետ որոշակի տոկոսով պատրաստվող լուծույթ է, բայց մենք, եթե արդեն գործ ունենք մի միջոցի հետ, որը նախատեսված է մարդաբուժության պրակտիկայում կիրառության համար, բնականաբար, այն պետք է ունենա համապատասխան գրանցում, արտադրության թույլտվություն, որը կարող է ստանալ բացառապես անվտանգության բոլոր փորձարկումները, այդ թվում՝ կլինիկական, անցնելուց հետո»։

Անիմաստ և ոչ նպատակային դեղորայք խմելուց, ըստ նրա, հետագայում մարդիկ կարող են շատ ավելի լուրջ խնդիրներ ունենալ, քան հիմա՝ կորոնավիրուսային վարակից։ Դավիթ Պիպոյանի կարծիքով՝  այս օրերին կարևոր է, որ պարետատունը ևս ուշադիր հետեւի նման գովազդներին։

«Երբ որ մարդն իր ինքնախաբեության մեխանիզմով հույս է ներշնչում, որ այս սննդամթերքն ուտելով՝ ինքը չի վարակվի, ես այդ մարդուն չեմ ասի անընդհատ՝ վայ, գիտես, դա չի օգնում, որովհետև կարող է նույնիսկ պլացեբո էֆեկտով էլ այդ մարդու դիմադրողականությունը բարձրանալ։ Օրինակ, եթե մարդը որոշել է, որ քրքումով կամ կոճապղպեղով թեյ պետք է խմի, դրանից ոչ մի վնաս չի լինի, հետևաբար ավելորդ կարիք չկա նրան ասել՝ գիտես, այդ կոճապեղպեղով թեյը քեզ չի օգնելու »,-ասում է Դ․ Պիպոյանը։

Մենք շարունակելու ենք ուսումնասիրել թեման և ներկայացնել անբարեխիղճ տնտեսվարողներին։ Եթե դուք էլ եք նկատել նման գովազդներ, գրեք մեզ՝ [email protected] հասցեին կամ մեր ֆեյսբուքյան էջին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter