HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատախազությունն ու տուժող կողմը բողոքարկել են Վահագն Աբգարյանին 15 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը

Դատախազությունը պահանջում է նորից կալանավորել օրեր առաջ գրավի դիմաց ազատ արձակված Վահագն Աբգարյանին, որը հայտնի է «Ալավերդցի Վահագն» անունով։ «Հետք»-ի հարցին ի պատասխան՝ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն ասաց, որ Աբգարյանին 15 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկվել է։

Վահագն Աբգարյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, ակոսափող հրազեն հանդիսացող 2 ատրճանակներ ձեռք բերելու, Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու և սպանության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանին առանձնապես խոշոր, իսկ քննիչ Արտակ Հովհաննիսյանին՝ խոշոր չափով կաշառք տալու մեջ։

Տուժող Կամո Փիրուզյանի իրավահաջորդի ներկայացուցիչներից Երվանդ Վարոսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք ևս բողոքարկել են Աբգարյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասին դատավոր Սուսաննա Գզոգյանի որոշումը։

«Կարծում ենք, որ մեր բողոքը պետք է քննության առնվի անգամ այն պայմաններում, երբ Վճռաբեկ դատարանի կողմից 18.09.2019թ. Թաթուլ Շուշանյանի վերաբերյալ գործով կայացված որոշմամբ արտահայտվել է այն իրավական դիրքորոշումը, թե տուժող կողմը չի կարող բողոքարկել այս որոշումը։ Համոզված ենք, որ Վճռաբեկ ատյանի կողմից կայացված այդ ակնհայտ սխալ, տուժողի իրավունքները անհարկի սահմանափակող որոշումը պետք է վերանայվի ու հաղթահարվի»,- ասաց Երվանդ Վարոսյանը։

 Նշենք, որ Վճռաբեկ դատարանը նման դիրքորոշում է հայտնել այն ժամանակ, երբ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը բողոքարկել էին առաջին ատյանի դատարանի որոշումը՝ առանձնապես խոշոր չափով  կաշառք ստանալու մեջ մեղադրվող Թաթուլ Շուշանյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ։

Վարոսյանը նշեց նաև, որ վերաքննիչ բողոքի կազմման ընթացքում, ծանոթանալով ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտին, իրենք որոշել են դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով դիմել նաև Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովին։

«Դատարանի որոշումն, ըստ էության չունի պատճառաբանական մաս, որոշման մեջ անգամ նշում չկա գործով այն վկայի ցուցմունքներից, ով մանրամասն նկարագրել էր, թե ինչ ճնշումներ են իր վրա իրականացվել նախաքննական ցուցմունքներից դատարանում հրաժարվելու համար։ Այդ ցուցմունքը դատարանում ներկայացրեց մեղադրող դատախազը։ Իսկ կարգապահական հարցերով հանձնաժողովին դիմելու համար հիմք է հանդիսացել ոչ միայն դատավորի կողմից բացարձակ չպատճառաբանված որոշման կայացումը, այլ դատավորի կասկածելի վարքագիծը ողջ դատաքննության ընթացքում, դատավորի կողմից նշված վկայի ցուցմունքները ստանալուն ամեն կերպ ընդդիմանալը, դատավորի կողմից կատարված տարբեր արտահայտություններ և այլն»,- ասաց Երվանդ Վարոսյանը։

Վերջինիս խոսքով՝ փաստաբանական իր ողջ պրակտիկայում սա առաջին դեպքն է, երբ ազատության մեջ է հայտնվում առանձնապես ծանր հանցագործություն մեջ մեղադրվող մի անձ, ում պարագայում, ըստ պաշտպանի, առկա է ոչ միայն հիմնավոր ենթադրություն, որ նա կարող է խոչընդոտել գործի քննությանը, այլ գործում առկա ապացույցներով հիմնավորված են ամբաստանյալի կողմից ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում դատավարության մասնակիցների նկատմամբ ապօրինի ազդեցության մասին աղաղակող փաստեր։

Նշենք, որ  «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում տեղադրվել են Վահագն Աբգարյանին գրավի դիմաց ազատ արձակելու՝ նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանի միջնորդության հիմքերը, միջնորդության վերաբերյալ դատավարության կողմերի արտահայտած դիրքորոշումներն ու ու դատարանի դատական ակտի պատճառաբանություններն ու եզրահանգումը։

Մասնավորապես, ըստ Դատալեսքում առկա տեղեկատվության, 2020 թվականի մարտի 11-ին Աբգարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը ներկայացրել է միջնորդություն՝ Աբգարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելու կամ գրավով փոխարինելու վերաբերյալ՝ հայտնելով, որ իր պաշտպանյալն արդեն երկու տարուց ավելի է, ինչ գտնվում է նախնական կալանքի տակ, նրան մեղսագրված է առանձնապես ծանր հանցագործություն, որն ակնհայտ շինծու է: Պետրոսյանը նշել է նաև, որ իր պաշտպանյալն ունի առողջական խնդիրներ, նրա նկատմամբ կատարվել է մահափորձ, ստացել է ծանր մարմնական վնասվածքներ, դեռևս 2017 թվականի սեպտեմբեր ամսին ստացվել են փաստաթղթեր, որ նա իր բուժումը կիսատ է թողել, ունի լուրջ բուժման անհրաժեշտություն, որը բավականին երկար պետք է տևի, և այդ պայմաններում նա շարունակում է մնալ անազատության մեջ քրեակատարողական հիմնարկում, մինչդեռ անհրաժեշտ է թույլ տալ, որ նա հնարավորություն ունենա լուծել իր առողջական խնդիրները, որը վերջին դեպքերի հետ կապված վատթարացել է։

Պաշտպանը նշել է, որ վերջերս քրեակատարողական ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որ Վահագն Աբգարյանի նկատմամբ տեղի է ունեցել մահափորձ, այդ հոդվածով հարուցված է քրեական գործ։ Այսինքն, ըստ պաշտպանի, Աբգարյանի կյանքը վտանգված է։ Պաշտպանը տեղեկացրել է նաև, որ Աբգարյանը երկու շաբաթ գտնվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, հայտնել է, որ Աբգարյանը «շաքարային դիաբետ» հիվանդություն է ձեռք բերել։

Աբգարյանին ազատ արձակելու միջնորդության մեջ Ինեսսա Պաշտպանը, հղում կատարելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2020 թվականի փետրվարի 24-ին հրապարակված կորոնավիրուսի վերաբերյալ զեկույցին, նշել է, որ մահվան և ծանր հիվանդացման ռիսկայնության տակ են նաև շաքարային դիաբետ և հիպերտոնիա ունեցող մարդիկ, հետևաբար  Վահագն Աբգարյանը ստեղծված պայմաններում գտնվում է առավել խոցելի վիճակում:

Դատալեքսում առկա տեղեկատվության համաձայն՝ մեղադրող Տիգրան Ենոքյանն առարկել է պաշտպանի միջնորդության դեմ: Նա նշել է, որ միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ Վահագն Աբգարյանի առնչությունն իրեն մեղսագրվող արարքին հիմնավորվում է նախ և առաջ գործի շրջանակներում իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումներով, վկա Արթուր Մնացականյանի՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքներով: Ըստ մեղադրողի՝ դեռևս առկա են կալանավորման հիմքերը, այն է՝ Աբգարյանի՝ վարույթն իրականացնող մարմնից թաքնվելը, նոր հանցանք կատարելը և գործի քննությանը խոչընդոտելը, ինչը, ի թիվս այլոց, հիմնավորվում է ամբաստանյալին մեղսագրվող արարքների հանրային վտանգավորության աստիճանով։ Բացի այդ, մեղադրողը նշել է, որ վկա Արթուր Մնացականյանը ցուցմունքներ է տվել մեկ այլ քրեական գործի շրջանակներում՝ հայտնելով, որ իրեն համոզել են դատարանում հրաժարվել Վահագն Աբգարյանի դեմ իր նախաքննական ցուցմունքներից, Մնացականյանը հայտնել է նաև, որ Վահագն Աբգարյանի ազատության մեջ հայտնվելը խնդրահարույց է:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանը, առարկելով միջնորդության դեմ, նշել է, որ գործում առկա գաղտնալսումները և վկա Արթուր Մնացականյանի ցուցմունքները վկայում են այն մասին, որ Վահագն Աբգարյանն ազդեցություն է ունեցել վկաների վրա, Աբգարյանի հրամաները կատարվել են անշեղորեն, նրա կողմից ղեկավարվել է նաև սպանության առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքը: Վարոսյանը դիրքորոշում է հայտնել, որ որևէ նյութական միջոց ի զորու չէ կանխելու Վահագն Աբգարյանի պատշաճ վարքագիծը:

Դատարանը գրավի միջնորդությունը բավարարելու որոշմամբ արձանագրել է, որ դեռեւս առկա են ամբաստանյալ Վահագն Աբգարյանին կալանքի տակ պահելու պայմանները և հիմքերը: Մասնավորապես, հիմնավոր կասկածն առ այն, որ ամբաստանյալ Աբգարյանն առչություն ունի իրեն մեղսագրված արարքին: Միաժամանակ դատարանը փաստել է, որ գործով արդեն իսկ հարցաքննվել է  առանցքային վկան՝ Արթուր Մնացականյանը, և դատարանում հետազոտվել է գաղտնալսումների գերակշիռ մասը, ուստի դրանով չեզոքանում է քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով դատարանում գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը: Ինչ վերաբերում է ամբաստանյալի՝ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և նոր հանցանք կատարելու հանգամանքին, դատարանը համարում է, որ գրավի կիրառման միջոցով հնարավոր է չեզոքացնել ամբաստանյալ Աբգարյանի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման հնարավոր ռիսկերը:

Դատական ակտում նշված է, որ ամբաստանյալ Աբգարյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի` գրավի կիրառումը ճանաչելով թույլատրելի` դատարանը հաշվի է առնում նաև վերջինիս ընտանեկան վիճակը՝ այն, որ նա ունի երկու երեխա, առողջական վիճակը՝ այն, որ վերջինս ունի մի շարք հիվանդություններ։ Բացի այդ, 2020 թվականի մարտի 5-ին հարուցվել է քրեական գործ, նույն օրն Աբգարյանը ճանաչվել է տուժող․ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակ նրա նկատմամբ ենթադրաբար գործադրվել է բռնություն, որի հետևանքով ստացել է վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն:

Անդրադառնալով գրավի առարկային` դատարանը, ի թիվս այլոց, հաշվի առնելով մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքների բնույթը, ամբաստանյալի անձը, և նկատի ունենալով, որ գրավի գումարի սահմանումը չունի վնասը հատուցելու նպատակ կամ նշանակություն, համարում է, որ պաշտպանության կողմի՝ որպես գրավի առարկա առաջարկած նախընտրելի գումարի չափը` 10.000.000 ՀՀ դրամը տվյալ դեպքում, գործի քննության այս փուլում, բավարար երաշխիք չի կարող լինել ամբաստանյալի պատշաճ վարքագիծն ապահովելու համար: Դատարանը կարծում է, որ տվյալ դեպքում 15 մլն ՀՀ դրամ գումարի վճարումը կարող է ապահովել ամբաստանյալ Աբգարյանի պատշաճ վարքագիծը քրեական գործի դատաքննության ընթացքում, ուստի որոշել է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել  գրավով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter