HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Լենա Նազարյանի ելույթը` պետական պաշտոնյաների պարգևավճարների վերաբերյալ

Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ պետական բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների հարցին: Նազարյանը նախ հիշեցրեց, որ ԱԺ աշխատակազմի և պատգամավորների ապրիլ, մայիս և հունիս ամիսների պարգևավճարների ֆոնդն ուղղվել է Կառավարություն` կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու նպատակով:

Նազարյանն անդրադարձավ այն քննադատություններին, որ պաշտոնյաների վարձատրության հարցը պետք է դիտարկել այլոց՝ նույն պետական համակարգի ներսում և այլ հանրային ոլորտներում աշխատողների՝ ուսուցիչների, բուժաշխատողների, իրավապահ համակարգի ծառայողների աշխատավարձերի բարձրացման համատեքստում։

«Իհարկե, դա է ամենաարդար մոտեցումը. բարձրացնել բոլորի աշխատավարձը՝ համաչափ ու բոլորինը միանգամից։ Շատ լեգիտիմ հարցադրում է, և սրան իմ պատասխանը հետևյալն է` այս պահին Կառավարությունը կադրային քաղաքականության հարց է լուծում, որի վերջնական նպատակը բոլորի բարեկեցությունն է»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:

Նազարյանն անուններ չհնչեցրեց, սակայն պնդեց, որ մի` արդեն նախկին բարձրաստիճան պաշտոնյա մեկնել է արտագնա աշխատանքի հոր առողջական խնդիրների համար:

«Մի պաշտոնյա, որի աշխատանքի արդյունքում վերջին երկու տարում ավելացել է համայնքային բյուջեն, և ավելացել են մանկապարտեզների դաստիարակների աշխատավարձերը, հարազատ հոր առողջական խնդրի լուծման նպատակով ստիպված է մեկնել արտասահման՝ գումար վաստակելու։ Կասեք, բայց շատ մարդիկ կան, որոնք ընտանիքի և հարազատների կարիքների համար արտագնա աշխատանքի են մեկնում։ Այո, բայց ո՞վ պետք է նպաստի այլոց խնդիրների ինստիտուցիոնալ լուծմանը, եթե ոչ հենց այդ նույն պաշտոնյան։ Կամ՝ ո՞վ պետք է մշակի ու կյանքի կոչի համընդհանուր առողջապահական ապահովագրության համակարգը, որպեսզի ոչ ոք Հայաստանում իր ծնողների, իր կամ զավակների կյանքի ու առողջության փրկության համար չմեկնի արտագնա աշխատանքի կամ չվաճառի վերջին ունեցածը»,- ասաց նա:

Ըստ Նազարյանի` Կառավարության անդամները, երբ ստանձնել են պետական ծառայություն՝ հրաժարվելով մասնավոր ոլորտում իրենց մի քանի անգամ բարձր աշխատավարձից, դա արել են գիտակցաբար ու ոլորտի զարգացման մեջ ներդրում ունենալու մղումներով։

«Բնականաբար, դա չեն արել՝ սպասելով շնորհակալությունների, այլ արել են այն գիտակցումով, որ բոլորիս համատեղ ներդրման արդյունքում ընդհանուր բարեկեցության պայմաններն ենք զարգացնելու՝ ինստիտուցիոնալ լուծումներ բերելով, երկիրը զարգացնելով։ Իմ ասելիքն այն է, որ այսօր պետք է այս մարդկանց կայուն աշխատելու պայման ապահովենք, որպեսզի բարեփոխումներն ի վերջո կայանան»,- ասաց նա:

ԱԺ փոխխոսնակի կարծիքով`շատ ավելի արդար կլիներ, եթե բոլորի աշխատավարձը բարձրանար համաչափ և միանգամից, սակայն դա չի կարող արվել ռեսուրսների սղության պատճառով: Նազարյանը վստահեցրեց` այսկերպ չի առաջ քաշում նախարարների բարեկեցության հարցը, այլ` կադրային քաղաքականության հարցը, որի նպատակը քաղաքական բարեփոխումները առաջ տանելն է և հանրային բարեկեցության աճը։

Նազարյանի խոսքով` ԱԺ-ն նախկինում բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության հարցը երբեք չի քննարկվել։

«Մենք երբևէ հետաքրքրվե՞լ ենք, թե որքան աշխատավարձ է ստանում պաշտոնյան` ո՛չ։ Ինքնըստինքյան հասկանալի էր, որ պաշտոնյաները իրենց աշխատավարձի հույսին չեն. նրանք բազմապատիկ ավելի ստվերային եկամուտներ ունեին` իշխող կուսակցության, բիզնեսի կամ կոռուպցիայի հովանոցի տակ լինելով։ Հետևաբար նախկինում պետական պաշտոնյան կախյալ վիճակում էր իր կուսակցական վերնախավի քմահաճույքից, օլիգարխիկ կոռուպցիոն համակարգից։ Այժմ նոր իրականություն է, որտեղ պաշտոնյայի գործառույթը հանրային շահի սպասարկումն է, հետևաբար նա մեծ հաշվով պետք է կախյալ լինի հանրային թափանցիկ, օրինական միջոցներից, այն է՝ իր աշխատավարձից ու պարգևավճարներից, օրենքի շրջանակում այլ միջոցներից։ Ահա, հարցի այս կողմն է, որ կարևորում եմ այս քննարկման մեջ»,- ասաց նա:

Նազարյանի խոսքով` համավարակի ճգնաժամի այս օրերին հանրությունը տեսնում է Կառավարության աշխատանքի բնույթը, ճկուն արձագանքն ու ներդրված ջանքերի ծավալը։

«Եվ հանրությունը պետք է թույլ տա այս խնդիրը լուծել, ինչպես արդեն ասացի, համընդհանուր բարեկեցության աճի, հանրային ծառայությունների որակի բարձրացման և այլ բարեփոխումները շարունակելու նպատակով»,- եզրափակեց իր ելույթը Լենա Նազարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter