HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսպանիայի իշխանությունները մշակել են «Նոյյան տապան» անունը կրող ինքնամեկուսացման ծրագիր

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Իսպանիայի իշխանությունները մշակել են ինքնամեկուսացման յուրօրինակ ծրագիր։ Քաղաքացիները, որոնք մեծ հավանականությամբ կարող են վարակվել COVID-19 կորոնավիրուսով և դառնալ դրա վարակակիր, սակայն ինչ-ինչ պատճառներով չեն կարող ինքնամեկուսանալ տանը, առաջարկվում է տեղավորվել այդ նպատակով հատուկ պատրաստված հյուրանոցներ, հանրակացարաններ և հանգստի բազաներ։ Այդպիսի ինքնամեկուսացվածների կեցությունը կլինի անվճար, նրանք ստիպված կլինեն վճարել միայն սննդի մի մասի համար։ Իսպանիայի առողջապահության նախարարության այս ծրագիրը ստացել է «Նոյյան տապան» անվանումը։

Իսպանիայի առողջապահության նախարարության սույն ծրագիրը կամավոր է։ Դրանից կարող են օգտվել առաջին հերթին բժշկական ոլորտի աշխատակիցները, որոնք աշխատանքի բերումով մշտապես շփվում են COVID-19 կորոնավիրուսով հիվանդների հետ և կարող են վարակվել կամ վարակել իրենց հարազատներին։ «Նոյյան տապան»-ի ծառայություններից կարող են օգտվել նաև COVID-19 կորոնավիրուսի այն վարակակիրները, որոնց մոտ չկան հիվանդության վառ ախտանիշներ, սակայն թեստավորման արդյունքում նրանց մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Չնայած այդ մարդիկ չունեն հիվանդության ակնհայտ ախտանիշներ, այդուհանդերձ, նրանք վտանգավոր են շրջապատի համար։ Ծրագրից կարող են օգտվել նաև այն մարդիկ, որոնք ենթադրաբար վարակվել են, սակայն դեռ չեն ստացել թեստի պատասխանները։

Իսպանիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ ծրագիրը գտնվում է նախնական փուլում։ Որոշ շրջաններում այն արդեն իսկ գործում է, մյուսներում դեռևս կազմվում են այն հյուրանոցների ցանկերը, որտեղ տեղավորվելու են պացիենտները։ Նախարարությունից նշել են, որ որոշ շրջաններ հրաժարվել են ծրագրին ընդգրկվելուց։ Ծրագրից հրաժարվել է Կանարյան կղզիները, որտեղ հիվանդների թիվը քիչ է, և բոլոր մեկուսացվածներին կարելի է տեղավորել հիվանդանոցների դատարկ բաժանմունքներում։

Որոշ շրջաններում ծրագրի հապաղումը պայմանավորված է ֆինանսավորման խնդիրներով։ Այդուհանդերձ, Արագոնի և Վալենսիայի ինքնավար շրջաններում ամեն ինչ պատրաստ է ծրագրի իրականացման համար։ Այն արդեն կիրառվում է Նավարայում և Բալեարյան կղզիներում, ինչպես նաև Իսպանիայի մայրաքաղաքում։ Մադրիդում, որտեղ Առողջապահության նախարարության գնահատականներով, «ստեղծվել էր բարդ համաճարակաբանական իրավիճակ», «Նոյյան տապան» ծրագրում ներառվել է 21 հյուրանոց։ Վերջին տվյալներով այնտեղ տեղավորվել է շուրջ 1 600 մարդ։

«El Mundo»-ն գրել է, որ պաշտոնական Մադրիդը կարողացել է արագ նախապատրաստել «տապանները», քանի որ մայրաքաղաքային շրջանի ղեկավար Իզաբել Դիաս Այուսոն չի սպասել նախարարությունից ֆինանսավորման տրամադրմանը։ Պարբերականի տվյալներով՝ Այուսոն իր աշխատասենյակում հավաքել է մայրաքաղաքի հյուրանոցային բիզնեսի ղեկավարներին և խնդրել ցուցաբերել համերաշխություն՝ անվճար տրամադրելով կեցավայր ինքնամեկուսացում ցանկացողներին։

Մադրիդի կառավարության ֆինանսներն սահմանափակ են, այդ իսկ պատճառով տեղական հովանավորները, ինչպես նշում է «El Mundo» պարբերականը, ամբողջությամբ վճարում են սպասարկման ծախսերը և «տապաններում» սննդի ապահովման ծախսերի կեսը։ Նախատեսվում է, որ առաջիկայում Մադրիդում «տապանների» թիվը կավելանա։ «El Confidencial»-ի փոխանցմամբ՝ թիվը կարող է հասնել 283-ի, որտեղ կարող է տեղավորվել շուրջ 11 000 մարդ։

Լուսանկարը՝ «Ֆրանսպրես» գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter