
25 միլիոն դրամից բարձրացվել է 50 միլիոնի. խորհրդարանը քննարկեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նախագիծը
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց Կառավարության ներկայացրած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» և հարակից ներկայացված նախագծերում փոփոխություն կատարելու առաջարկը:
Հիշեցնենք, որ խորհրդարանը նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունել է 100 կողմ, 2 դեմ և 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Օրենքը հնարավորություն է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը օրինական եկամտի աղբյուրներով չի հիմնավորվում: Նման գույքի առնչությամբ գործում է ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, որը կարող է պատասխանող կողմից հերքվել` գույքի ձեռքբերումը հիմնավորող ապացույցների ներկայացմամբ: Նշենք նաև, որ այս նախագիծը քրեաիրավական միջոց չէ, այլ` քաղաքացիական հայց ներկայացնելու ինստիտուտ:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով` տարիներ շարունակ Հայաստանի միջազգային գործընկերներն առաջարկել են ներդնել այնպիսի մեխանիզմներ, որով կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության ընթացքում ավելի հասանելի կդառնան գաղտնիք համարվող որոշակի տեղեկություններ:
«Ինչ են արել նախորդ կառավարություններն ու խորհրդարանական մեծամասնությունները, բնականաբար ոչինչ… Երեկ մեղադրում էին խորհրդարանական մեծամասնությանը նախորդ խորհրդարանական մեծամասնության կոնտեքստում նույն դիքորոշումը շարունակելու հարցում, իսկ ինչով է զբաղված ընդդիմությունը, ինչի չի ուզում, որ ներդրվեն բոլոր այն գործիքները, որոնք էֆեկտիվ են կոռուցիայի դեմ պայքարի համար»,-ասաց Բադասյանը:
Նախարարն անդրադարձավ նախագծի` առաջինից երկրորդ ընթերցում կատարված փոփոխություններին:
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շեմի մասով՝ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների և պետական-իրավական հարցերի հանձնաժղովի առաջարկներով՝ գույքի շեմը 25 միլիոն դրամից բարձրացվել է 50 միլիոն դրամի` բացառելու համար այն հնարավոր դեպքերը, որ մտահգություններ էին հնչում, թե արտագնա աշխատողները կարող են ընկել սրա տակ»,- ասաց նախարարը:
Բադասյանի խոսքով` փոփոխություն է կատարվել նաև ապօրինի ծագում ունեցող գույք ձեռքբերող անձանց պաշտպանության հարցով, ըստ որի՝ գույք ձեռքբերողի բարեխիղճ չլինելու ապացուցման բեռը տեղափոխվել է իրավասու մարմնին:
«Եթե պետությունը վկայակոչում է, որ X անձը բարեխիղճ ձեռքերող չէ, ապացուցման բեռը կրում է ինքը: Անձինք, ում գույքը փոխանցվել է որպես ալիմենտ` կյանքին կամ առողջությանը պատճառված հատուցման համար, ազատվում են ստացված գույքը վերադարձնելու պատասխատվությունից»,- ասաց Բադասյանը:
Ռուստամ Բադասյանի խոսքով` ապօրինի ծագում ունեցող գույքի ուսումնասիրության ժամկետը ևս վերանայվել է, արձանագրվել է, որ ուսումնասիրությունը սկսելուց առաջ պետք է նախորդի առավելագույնը տասը տարի:
«Բացառիկ դեպքերում, երբ պահպանվել են գործի համար էական ապացույցները, ավելի երկար ժամանակով, բայց սահմանափակվելով 1991 թվականից հետո ընկած ժամանակահատվածում»,- ասաց Բադասյանը:
Մեկնաբանել