HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Շուտով ևս մի քանի ոլորտների գործունեություն, հնարավոր է, թույլատրվի

Հայաստանում մինչև հաջորդ շաբաթվա սկիզբ կամ այս շաբաթվա վերջ գործունեության նոր տեսակներ նույնպես կարող են թույլատրվել, որոնք կորոնավիրուսի տարածման հետևանքով արգելվել էին։ Այս մասին այսօրվա ասուլիսին հայտարարեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։  

Ըստ նրա՝ ամեն ինչ կախված է մարդկանց տեղաշարժի սահմանափակումներից և ընդհանուր իրավիճակից։ Թե որ ոլորտների մասին է խոսքը, նախարարի տեղակալը չմանրամասնեց։

«Փուլային տարբերակով բոլոր տեսակներն էլ կթույլատրվեն»,- ասաց նա։ 

Անդրադառնալով հանրային տրանսպորտի ու տաքսիների ոլորտի տնտեսվարողների ու աշխատակիցների բողոքներին՝ Վարոս Սիմոնյանը նշեց, որ  հանրային տրանսպորտն ու մետրոն ամենառիսկային փոխադրամիջոցներն են համարվում. «Այդ պարագայում վերջիններիս թույլատրումը կառաջացնի լրացուցիչ ռիսկեր ու կնպաստի համավարակի տարածմանը։ Նրանց գործունեությունը դադարեցված է, միայն տաքսիներ են թույլատրվում։ Արգելված են գործունեության մի շարք տեսակներ, եթե չկա տեղաշարժ, արգելված է նաև հանրային տրանսպորտի աշխատանքը։ Այս ամենն ուղղված է միայն համավարակի տարածման կանխմանը»։

Ինչ վերաբերում է այս ոլորտին աջակցություն տրամադրելու հարցին, ըստ Էկոնոմիակայի նախարարի մյուս տեղակալ Ավագ Ավանեսյանի՝ ոլորտում կան գործունեություն իրականացնողներ, որոնք գրանցված չեն, հետևաբար՝ պետությունը չի կարող նրանց նույնականացնել և համապատասխան աջակցություն ցուցաբերել։

«Եթե մեզ առաջարկեն մեխանիզմ, որով թիրախային և տեսանելի կլինի աջակցությունը, հասցեական և այն անձանց, ովքեր իսկապես աշխատել են, հիմա ունեն խնդիր, ապա դա հնարավոր է քննարկել»,- նշեց նա։

Մի քանի ապրանքների ներմուծման մաքսատուրքերը կարող են զրոյացվել կամ նվազեցվել 

ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներն այժմ քննարկում ու մշակում են այն ապրանքների ցանկը, որոնք երրորդ երկրներից ԵԱՏՄ տարածք կներմուծվեն կամ զրոյական  մաքսատուրքով կամ կնվազեն ներկայում գործող մաքսատուրքերը։ Ըստ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի՝ շուտով առաջարկ կներկայացվի, թե որ ապրանքատեսակները կարող են ներառվել այդ ցանկում։ Նախապատվությունը տրվելու է այն ապրանքներին, որոնք արդյունաբերության ոլորտում որպես հումք են ծառայում։

«Դա թույլ կտա խթանել արդյունաբերությունը։ Այս համատեսքտում ներկայում քննարկումները շարունակվում են, թե ինչ ապրանքատեսակներ կարող են մտել այդ նախագծի մեջ։ Ցանկը կկազմվի և կքննարկվի ԵԱՏՄ անդամ երկրների հետ, որից հետո արդեն որոշում կկայացվի»,- ասաց նախարարի տեղակալը։

Ըստ նրա՝ այսօր արդեն իսկ մի շարք ապրանքներ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշմամբ, ազատվում են մաքսատուրքերից։ Նրանց շարքում են գյուղատնտեսական և պարենային որոշ ապրանքներ, օրինակ՝ կարտոֆիլ, գազար, բրինձ, հնձդակաձավար և այլն։ Ընդգրկված են նաև դեղամիջոցների համար որպես հումք ծառայող ապրանքներն ու բժշկական պարագաները, անհատական պաշտպանիչ միջոցները։

Թե՛ սպասվող, թե՛ ներկայում գործող ապրանքերի մասով մաքսային վճարների զրոյացումը կամ նվազեցումը միայն ժամանակավոր բնույթ է կրելու՝ մի քանի ամսով։

Աջակցություն դրսից

Եվրամիության կողմից Հայաստանին այս պահին որոշված է հատկացնել ընդհանուր առմամբ 92 մլն եվրո աջակցություն, որն ուղղվելու է առողջապահական համակարգին, ճգնաժամից առավել տուժած քաղաքացիներին ու ՓՄՁ-ներին։ Գործիքակազմն ու աջակցության չափը դեռևս քննարկվում է։ Այս մասին հայտարարեց Վարոս Սիմոնյանը։

«Կա նաև Արևելյան գործընկերության վեց երկրների շրջանակներում տրամադրվող աջակցություն ԵՄ-ի կողմից, որն այս պահին կազմում է 80 մլն եվրո, և տեղաբաշխվելու է վեց երկրների մեջ»,- ասաց նա։

Գյուղատնտեսության ոլորտում ևս ԵՄ-ի կողմից աջակցություն է տրամադրվում՝ 456.5 հազար եվրոյի շրջանակներում։ 

Ընդհանուր առմամբ, ըստ Էկոնոմիկայի նախարարության, միջազգային դոնորների և գործընկերների կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության ծավալները պարբերաբար թարմացվում են։ Դրանք պետք է ուղղվեն կորոնավիրուսի տնտեսական ու սոցիալական բացասական հետևանքները չեզոքացնելուն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter