
Բարաք Օբաման իր աջակցությունն է հայտնել Ջո Բայդենին
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի օրը՝ ապրիլի 14-ին, հայտարարել է, որ 2020 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ կաջակցի դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենին։ Օբամայի նախագահության տարիներին (2009-2017թթ.) Բայդենը զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը։
Ապրիլի 8-ին Բեռնի Սանդերսի նախագահական ընտրապայքարից դուրս գալուց հետո՝ 77-ամյա Բայդենը դարձել է հանրապետական Դոնալդ Թրամփի հավանական մրցակիցը՝ նոյեմբերին կայանալիք ընտրությունների ժամանակ։ Սպասվում է, որ դեմոկրատների պաշտոնական թեկնածուն կներկայացվի ամռանը։
I’m proud to endorse my friend @JoeBiden for President of the United States. Let's go: https://t.co/maHVGRozkX
— Barack Obama (@BarackObama) April 14, 2020
«Հպարտ եմ, որ իմ աջակցությունն եմ հայտնում ընկերոջս՝ Ջո Բայդենին, ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարում»,- իր տեսաուղերձում հայտարարել է Բարաք Օբաման։ Տեսաուղերձը տեղադրվել է նախկին նախագահի Twitter-ի պաշտոնական էջում։ Օբաման հավելել է, որ Բայդենն ունի բոլոր այն հատկանիշները, որոնք պետք է ունենա յուրաքանչյուր նախագահ։
Barack — This endorsement means the world to Jill and me. We’re going to build on the progress we made together, and there’s no one I’d rather have standing by my side. https://t.co/0mAjPZeYmd
— Joe Biden (@JoeBiden) April 14, 2020
«Բարաք՝ նրա աջակցությունը բացառիկ կարևոր է իմ և Ջիլի (Ջո Բայդենի կինը, խմբ) համար։ Մենք պատրաստվում ենք շարժվել զարգացման այն ուղով, որին հասել ենք միասին, և չկա մեկ այլ մարդ, որի աջակցության կարիքը ես ավելի շատ ցանկանայի, քան նրա»,- Օբամայի տեսաուղերձին արձագանքել է Բայդենը։
Մինչ օրս Բարաք Օբաման միայն կողքից էր հետևում փրայմերիզին և իր աջակցությունը չէր հայտնել թեկնածուներից և ոչ մեկին։ Թրամփն էլ մի քանի անգամ հայտարարել էր, որ Բայդենն արժանի չէ Օբամայի աջակցությանը, չնայած 8 տարի նրանք միասին աշխատել էին Սպիտակ տանը։
Լուսանկարը՝ Bloomberg գործակալության
Մեկնաբանել