
Նիկոլ Փաշինյան. «Կարանտինի ժամանակ պետք է հմտություններ ձեռք բերենք՝ ապրել վիրուսի հետ զուգահեռ»
Հայաաստանի կառավարության ռազմավարությունն է` սովորել ապրել կորոնավիրուսի հետ զուգահեռ: Այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցադրմանը: Պատգամավորը հետաքրքրվել էր, թե որն է լինելու Կառավարության քաղաքականությունը ապրիլի 20-ից հետո, երբ տնտեսական ձեռնարկության որոշ ճյուղերի աշխատանքը թույլատրվի, օրինակ երբ տեքստիլ արդյունաբերությունում վարակի դեպք հայտնաբվերվի, այն փակվելու՞ է, թե՞ ոչ:
«Մենք այժմ ունենք արտադրական ձեռնարկություններ, որոնք իրենց կարգավորումների բերումով այս ամբողջ ընթացքում աշխատել են, ընդ որում՝ նրանց աշխատակիցների շրջանում գրանցվել է վարակի դեպք, բայց դեպքը մուտք չի գործել արտադրական տարածքներ: Եվ ունենք հակառակը` վարակակիրների էսքան թիվ ունենք հիմնականում երեք ճյուղի պատճառով, որոնցից երկուսը արտադրական ձեռնարկություններն են»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով` Կառավարությունը փորձում է հաջողված ձեռնարկությունների փորձը կիսել մյուսների հետ, սակայն ընդգծում է, որ այնտեղ որտեղ դեպքը գրանցվել և չեզոքացվել է, այդ ընկերությունները չեն ուզում իրենց անունը շոշափվի նման կոնտեքստում:
«Պարետատան առաջ խնդիր եմ դրել, որ հաջողված փորձը փոխանցենք մյուս ընկերություններին: Մեր ռազմավարությունն այն է, որ պետք է սովորենք կորոնավիրուսի հետ զուգահեռ ապրել, կարող է՝ մի տարի տևի էս իրավիճակը, չենք կարող փակվել մի տարի, բայց էս կարանտինի ժամանակ պետք է հմտություններ ձեռք բերենք՝ ապրել վիրուսի հետ զուգահեռ»,- ասաց նա:
Փաշինյանի խոսքով` կյանքը կորոնավիրուսից հետո բոլոր բնագավառներում փոխվելու է, նախկինը չի լինելու, պետք է լինեն նոր կանոններ:
«Հույս ունենք, որ եղանակը կտաքանա, միջանցք կվերցնենք, բայց հնարավոր է այդ միջանցքը լինի մինչ սեպտեմբեր-հոկտեմբեր, և հոկտեմբերից նորից սկսենք ամեն ինչ զրոյից: Երկրորդ, երրորդ ալիքին ավելի պատրաստված պետք է լինենք»,-նշեց կառավարության ղեկավարը:
Մեկնաբանել