HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Կարեն Փոլադյան․ «Միջոցներ են ձեռնարկվել մի քանի անձանց, այդ թվում՝ դատավորների թեստավորման համար»

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունն այսօր հայտարարություն է տարածել այն մասին, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրի աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։

Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանից մանրամասներ ենք ճշտել՝ դեպքի, դրան նախորդած և հաջորդած իրադարձությունների վերաբերյալ։

-Դատարանի տեխնիկական աշխատակազմի աշխատակիցը վերջին անգամ ե՞րբ է աշխատանքի ներկայացել։

-Սրանից մոտ տասը օր առաջ աշխատակիցը դատարանում տեղեկացրել էր, որ իր հարազատի մոտ կան կորոնավիրուսի վարակի ախտանշաններ: Աղջկան մեկուսացրել են, չենք փորձել հետաքրքրվել մանրամասներով։ Վարակի հնարավոր ռիսկերը կանխելու նպատակով աշխատակցին հորդորել ենք մեկուսանալ և աշխատանքի չներկայանալ, և նա նախորդ ամբողջ շաբաթ աշխատանքի չի ներկայացել՝ չնայած իր մոտ որևէ ախտանշան չկար։

-Մեր տեղեկություններով՝ դատարանի վարակված աշխատակիցը վերջին անգամ աշխատանքի այցելելուց առաջ եղել է Աշտարակում, որտեղ շփվել է այն անձի հետ, ում մոտ հետագայում հաստատվել է կորոնավիրուսը։ Դուք նման տեղեկություն ունե՞ք։

-Չգիտեմ, թե մեր աշխատակիցը որտեղ է եղել և ում հետ է շփվել, ինձ տեղեկությունը հայտնի դառնալու պահից, իմ պատկերացմամբ, ձեռնարկվել են ճիշտ և անհրաժեշտ գործողություններ։

-Ե՞րբ է հայտնի դարձել դատարանի աշխատակցի մոտ կորոնավիրուս հայտնաբերվելու մասին, դրանից հետո ի՞նչ գործողություններ են կատարվել դատարանում, առողջապահության նախարարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկել։

-Կիրակի երեկոյան հայտնի է դարձել, որից հետո ես կապվել եմ պարետատան հետ, ապա նրանց ուղղորդմամբ կապվել ենք Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ։ Նույն օրը երեկոյան խոսել ենք Էրեբունու նստավայրի բոլոր դատավորների և կազմերի հետ, հորդորել ենք, որ երկուշաբթի, երեքշաբթի օրերին չգնան աշխատանքի, որպեսզի առողջապահական համապատասխան մարմինը թե՛ խորհուրդներով, թե՛ գործողություններով ասեր, թե մենք ինչ պետք է անենք։ Բայց մինչ այդ մեկ շաբաթվա մեջ երկու անգամ ախտահանել ենք դատարանի ամբողջ շենքը։ Ինչ վերաբերում է առողջապահական համակարգի աշխատակիցներին, նրանք դատարան են եկել երկուշաբթի առավոտյան, մեզ հետ համատեղ փորձել են բացահայտել բոլոր կոնտակտավոր անձանց տվյալները, որոնք տրվել են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին։ Այստեղից խոսել են թե՛ դատավորների, թե՛ աշխատակիցների հետ, հարցրել են նրանցից յուրաքանչյուրի որպիսությունը և յուրաքանչյուրին ուղղություններ տվել իրենց հետագա գործողությունների մասին։ Ի վերջո նախանշվել է, որ այնպիսի իրավիճակ չէ, որ դատարանի բնականոն աշխատանքը կազմալուծվի և դատարանի դուռը փակվի։ Այս պահին բնականոն հունով աշխատում է ենք, որևէ խնդիր չկա։

-Երկուշաբթի, երեքշաբթի օրերին դատարանում դատական նիստեր չե՞ն եղել։

-Ես այս պահին չեմ կարող ասել՝ որևէ նիստ եղել է, թե ոչ։ Մենք բոլորին հորդորել ենք չգնալ դատարան, բայց գուցե գտնված լինեն դատավորներ, որոնք գնացած լինեն՝ հրատապ անհրաժեշտությամբ պայմանավորված, որովհետև գործ ունենք անձի իրավունքների հետ, և անկախ ամեն ինչից՝ դատարանի բնականոն գործունեությունը չի կարող խաթարվել։ Ամեն դեպքում, բոլորը, իրավիճակը հասկանալով, կայացնում են բացառապես անհետաձգելի դատական նիստերը։

-ԲԴԽ-ի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում էր, որ դատարանի հինգ աշխատակից կթեստավորվի։

-Այո, միջոցներ են ձեռնարկել մի քանի անձանց թեստավորման գործընթաց կազմակերպելու համար։

-Խոսքը դատավորների՞ մասին է։

-Այո՛, այդ թվում՝ դատավորների մասին է: Փորձում ենք այս պահին այդ գործընթացն ավարտին հասցնել։ Հետևողական ենք վարակի հնարավոր տարածումը կանխարգելելու հարցում, հետևողական ենք նաև մյուս դատարանների ախտահանման  պատշաճ գործընթացը կազմակերպելու համար։

-Դատական համակարգում այս պահի դրությամբ կա՞ այլ մոտահոգիչ դեպք՝ կապված կորոնավիրուսի վարակման կամ հնարավոր վարակման հետ։

-Ամբողջ դատական համակարգում որևէ այլ դեպք չունենք՝ ո՛չ կասկածելի, ո՛չ հիմնավորված, և ո՛չ էլ սպասվող։

Լուսանկարը՝ court.am-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter