HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դանիան բացում է մանկապարտեզներն ու դպրոցները, իսկ իտալացի ու իսպանացի բժիշկները՝ ուսումնասիրում կորոնավիրուսի հնարավոր ախտանիշները

Դանիան դարձել է եվրոպական առաջին պետությունը, որտեղ վերաբացվել են մանկապարտեզներն ու դպրոցները։ Այդ մասին գրում է BBC-ն։ Դեռևս իր աշխատանքներն սկսել է միայն տարրական դպրոցը, որտեղ սովորում են 11 տարեկանից ցածր դպրոցականները։ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը Կոպենհանգենի դպրոցներից մեկում ողջունել է աշակերտներին։

«Մենք բոլորս շատ ենք անհանգստանում և պետք է համոզված լինենք, որ հիգիենայի կանոնները խստորեն պահպանվում են։ Օրվա ընթացքում մենք հաճախ լվանում ենք ձեռքերը։ Դիմակներ չունենք, սակայն պահպանում ենք հեռավորությունը։ Այս ամենը շատ բարդ խնդիր է»,- տարրական դպրոցների բացումը մեկնաբանել է Տարրական դասարանների ուսուցիչների դանիական միության ներկայացուցիչ Էլիզա Ռիմփլերը։

Դանիայում, ի տարբերություն եվրոպական մյուս երկրների, վարակակիրների թիվն այդքան էլ բարձր չէ։ Վերջին տվյալներով երկրում գրանցվել է կորոնավիրուսի 6681 վարակակիր և 309 մահ։ Ի տարբերություն հարևան Շվեդիայի, Դանիայում անմիջապես ձեռնարկվել էին մարդկանց տեղաշարժն սահմանափակող միջոցառումներ։

Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ապրիլի 15-ին ներկայացրել է Եվրոպայում կարանտինային միջոցառումների համակարգված չեղարկման գործողությունների նախագիծը։ Փաստաթղթում նկարագրված են այն չափանիշները, որոնք երկրների կառավարությունները պետք է հաշվի առնեն՝ կարանտինային ռեժիմի մեղմացումից առաջ։ Բացի այդ նշված են նաև այն սկզբունքները, որոնք պետք է պահպանել՝ չեղարկելով սահմանափակման միջոցները։

Գործողությունների այդ ծրագիրը հրապարակվել է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական կայք էջում։ Դրա հիմնական ուղերձներից մեկը գործողությունների փուլային իրականացումն է, որը հնարավոր է իրականացնել COVID-19 կորոնավիրուսի տարածման կրճատման պայմաններում, որին զուգընթաց պետք է իրականացվի նաև երկրում վիրուսի տարածման մշտական մոնիթորինգ։ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կոչ է արել պանդեմիայից հետո Եվրոպայի տնտեսական վերականգնումը դնել Եվրամիության հաջորդ յոթամյա բյուջեի կենտրոնում, որի քննարկումը անդամ երկրները սկսել էին մոտ երկու տարի առաջ։

Զուգահեռաբար Իսպանիայում երկրորդ օրն է արդեն, ինչ նկատվում է մահացության ցուցանիշների անկում։ Ապրիլի 15-ին երկրի առողջապահության նախարարությունը հայտնել էր մահվան 523 դեպքերի մասին, ինչը 44-ով պակաս է նախորդ օրվա տվյալներից։ Իսպանիան կորոնավիրուսով վարակակիրների թվում երրորդն է Իտալիայից և ԱՄՆ-ից հետո։ Այդուհանդերձ, ապրիլի 14-ին երկրում իրենց աշխատանքներն են վերսկսել մի քանի ուղղությունների ընկերություններ։ Շաբաթվա սկզբում իշխանությունները թույլատրել էին աշխատանքի վերադառնալ շինարարներին, գործարանների բանվորներին, որոնք չէին կարող աշխատել հեռահար։

Մեծ Բրիտանիայի վիճակագրությունը վկայում է ծերանոցներում կորոնավիրուսից մահացածների բարձր թվի մասին։ Նախօրեին կառավարությունը հայտարարել էր, որ COVID-19 կորոնավիրուսի վարակակիր է հայտնաբերվել յուրաքանչյուր ութերորդ ծերանոցում։ Ավելի ուշ, «HC-One» հոլդինգի տնօրենների խորհրդի ղեկավարը, որն ունի մի քանի ծերանոցներ, հայտարարել է, որ իրական թիվն առավել մեծ է։ Ծերանոցներում մահացության թվերը ներառված չեն Առողջապահության ազգային ծառայության պաշտոնական վիճակագրության մեջ, քանի որ այնտեղ գրանցվում են միայն հիվանդանոցներում մահացության դեպքերը։ Շաբաթվա սկզբից հոլդինգին պատկանող ծերանոցներում մահացել է առնվազն երեք մարդ, որոնց մոտ հայտնաբերվել են կորոնավիրուսին բնորոշ ախտանիշներ։

Ապրիլի 15-ին բրիտանական կառավարությունը հայտարարել էր ծերանոցների բնակիչների և աշխատակիցների շրջանում կորոնավիրուսի թեստեր անցկացնելու մասին։ Բացի այդ, ծերանոցներին հատկացվելու էին նաև անհատական պաշտպանության միջոցներ։

Իտալացի և իսպանացի բժիշկներն էլ կարծում են, որ ոտնաթաթի մաշկի վրա բծերի առաջացումը կարող է լինեն կորոնավիրուսով վարակման ախտանիշ։ Այդպիսի վարկած, մասնավորապես, առաջ է քաշել Օրթոպեդների իսպանական միությունը։ Ֆրանսիայում, Իսպանիայում և Իտալիայում արձանագրվում են բազմաթիվ դեպքեր, երբ կորոնավիրուսով հիվանդ պացիենտների ոտնաթաթերին նկատվում են բծեր, որոնք նման են ոչ մեծ կապտուկների կամ էլ ջրծաղիկի հետքերի։ Նշվում է նաև, որ այդպիսի բծեր ամենաշատը հանդիպում են երեխաների մոտ։ Ընդ որում, բծերը ոչ բոլորի մոտ են ի հայտ գալիս, սակայն դրանց առկայությունը հիմք է կորոնավիրուսի ստուգման թեստ անցկացնելու համար։

Իտալական Metro պարբերականը նշում է, որ գրեթե միաժամանակ համանման բացահայտում է արել նաև իտալացի մի մաշկաբան։ Բարի քաղաքի մաշկաբան Մացոտա Տրոկոլին նշել է, որ ոտնաթաթի բծերը հայտնվում են յուրաքանչյուր հինգերորդ պացիենտի մոտ։ «Եթե հետագա ուսումնասիրությունների պարագայում հաստատվի, որ սա կորոնավիրուսի կլինիկական ախտանիշ է, ապա այն կարելի է օգտագործել կորոնավիրուսով հիվանդ երեխաներին գտնելու համար, որոնք կարող են դառնալ ուրիշների վարակման աղբյուր»,- նշել է մաշկաբանը։

Վերջին տվյալներով աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 2 034 438 դեպք, ապաքինվածների թիվը հասել է 495 778-ի, իսկ մահացածների թիվը՝ 129 929-ի։

Լուսանկարը՝ Emanuele Cremaschi / Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter