
Սերժ Սարգսյանը խորհրդարանում մասնակցում է ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի նիստին
Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է ապրիլյան պատերազմի դեպքերը քննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին:
Մինչ խորհրդարան գալը Սերժ Սարգսյանն իր գրասենյակի միջոցով մեկ նախապայման է առաջադրել` հանդիպման տեսագրությունը պետք է փոխանցվի իրեն:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և Ս. Սարգսյանի գրասենյակի ղեկավարի միջեւ մինչ այս տեղի ունեցած հրապարակային նամակագրության համաձայն՝ Սերժ Սարգսյանը չի ցանկանում, որ հանդիպմանն իր հետ քննարկվի որևէ պետական կամ ծառայողական գաղտնիք:
Սարգսյանի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանը հանձնաժողովի նախագահին ուղղված նամակում գրել է, որ եթե հանձնաժողովը պատրաստվում է Սարգսյանին պետական և ծառայողական գաղտնիք հայտնել, որը վերջինիս անհայտ է, ապա նա հրաժարվում է: «Պետական և ծառայողական գաղտնիքի» մասին օրենքի համաձայն` Հայաստանի քաղաքացին, եթե պետական գաղտնիք կրող չէ, կարող է առնչվել պետական ու ծառայողական գաղտնիքին միայն կամավորության հիման վրա:
Իսկ եթե հանձնաժողովը քննարկելու է այնպիսի տեղեկություններ, որոնց Սերժ Սարգսյանն ի պաշտոնե տիրապետել է, ապա վերջինս դրանք չհրապարակելու պարտավորություն ունի, քանի որ պետական և ծառայողական գաղտնիքին առնչվելու իրավունքի դադարեցումը քաղաքացուն չի ազատում նման տեղեկությունները չտարածելու վերաբերյալ ստանձնած պարտավորությունից:
Հանձնաժողովի նիստից առաջ Սերժ Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է.
«Ապրիլյան պատերազմի հարցը ոչ մի դեպքում չպետք է պառակտի մեր ժողովրդին, թուլացնի մեր միասնությունը և վտանգի մեր պաշտպանունակությունը:
Չորս տարի առաջ մենք հակառակորդի կողմից նենգաբար ենթարկվեցինք հարձակման:
Սանձազերծած քառօրյա լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանը կիրառեց իր զինանոցում եղած գրեթե բոլոր զինատեսակները, բայց պաշտպանության բանակն ու րոպեներ հետո նրան օգնության հասած հազարավոր կամավորականներ հերոսաբար պաշտպանեցին իրենց վստահված տարածքները և խափանեցին հակառակորդի մտադրությունները:
Ես հպարտ եմ մեր բանակով: 2016 թվականի ապրիլին մեր տղաները առանձնակի արիությամբ են մարտնչել:
Ես, որպես Գերագույն գլխավոր հրամանատար, մի քանի անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ ապրիլյան քառօրյայում մեր զինվորներն ու հրամանատարները խիզախությամբ գերազանցեցին արցախյան ազատամարտին մասնակցած իրենց հերոս հայրերին ու պապերին: Նրանք ջախջախեցին և կանգնեցրին Ադրբեջանի էլիտար ստորաբաժանումների առաջխաղացումը և, համաձայն մեր ու արտերկրի մեր որոշ գործընկերների հետախուզական տվյալների, հակառակորդին հասցրեցին անգամներ ավելի կորուստներ, քան մենք ունեցանք:
Իմ մտքերն ու աղոթքները պատերազմում որդիներ կորցրած յուրաքանչյուր ընտանիքի հետ են: Ես խոր ցավով սգում եմ մեր նահատակված տղաների մահը և ափսոսանքով փաստում, որ այս ու ցանկացած այլ պատերազմում անհնարին է փրկել բոլորին: Հողը արյունով են պահում: Եվ փառք բոլոր նրանց, ում արյամբ է ներծծված հող հայրենին: Հանուն հայրենիքի նահատակված մեր զինվորների հարազատները միայն ու միայն մեծագույն հպարտություն պետք է ապրեն իրենց որդիների համար և ոչ մի դեպքում չտրվեն սադրանքների: Ոչ ոք իրավունք չունի կեղտոտ կասկածներով պղտորել նրանց մտքերն ու ավելորդ անգամ ցավեցնել նրանց հոգիները: Առաջին հերթին այդպիսիներին չեն ների գիտակցված մահն ընտրած և անմահացած մեր տղաները:
Հայոց բանակի զինվորները հերթական անգամ դաս տվեցին հակառակորդին` պատճառելով ծանր կորուստներ և առժամանակ զսպելով Ադրբեջանի ռազմատենչ ձգտումները: Սակայն գալու է մի օր, երբ Բաքուն նորից նույնն է փորձելու անել, և երբ նրանք գնան այդ քայլին` կրկին անհնարին է լինելու փրկել բոլորին: Պատճառն այն չէ, որ մեր բանակը վատ է կառավարվել:
Եթե ցանկանում ենք ոչ մի կորուստ չունենալ, ապա պետք է հրաժարվենք մեր իսկ հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու ազգային նպատակից:
Պատերազմից հետո դիվանագիտական ճակատում հակառակորդի հետ բանակցությունները պետք է բերեն խաղաղության և ապահովեն այդ համաձայնության իրագործումը, սակայն ոչ ի հաշիվ մեր ժողովրդի կենսական շահերի: Սա սոցիալական ցանցերի համար նախատեսված «լայվ-շոու» չէ, սա միջազգային ռեալ-քաղաքականություն է` նաև հետնաբեմում ընթացող գործողություններով:
Մենք համազգային նշանակության հարցերում և առաջին հերթին` Արցախի հարցում պառակտվելու իրավունք չունենք: Դա չափազանց թանկ կարող է արժենալ մեր պետականության և ժողովրդի համար: Զգոն լինենք և ցանկացած նման փորձ դիտարկենք հենց այս տեսանկյունից:
Ինքս էլ հարցեր ունեմ պատերազմի բոլոր կանոնների համաձայն՝ հայոց բանակի հաղթանակի վերաբերյալ որոշ ուժերի կողմից հասարակության մեջ մութ կասկածներ սերմանելու, զանազան շահարկումների, ապրիլյան պատերազմի խնդրով խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծման նպատակի և մի շարք այլ թեմաներով:
Սրանց դեռ միասին կանդրադառնանք և եզրակացություններ կանենք:
Իսկ այսօր այդ հանձնաժողովի նիստում պատրաստվում եմ ուղիղ նայելով հանձնաժողովականների աչքերին` ասել այն, ինչ գիտեմ ու նաև այն, ինչ մտածում եմ…»:
2016-ի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը ստեղծվել է նախորդ տարվա մայիսին՝ 47 պատգամավորի դիմում-պահանջով:
Հանձնաժողովն արդեն լսել է մի շարք գործող ու նախկին պաշտոնյաների՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյան, Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզական վարչության նախկին պետ, վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյան:
Մեկնաբանել