HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանը քննարկում է ԿԲ նախագահի թեկնածության հարցը

Խորհրդարանի հերթական նիստում այսօր քննարկվում է Կենտրոնական բանկի նախագահի միակ թեկնածուի` Մարտին Գալստյանի առաջադրման հարցը: Նրա թեկնածությունն առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը:

Գալստյանն իր ելույթը կառուցեց երկու հարցի շուրջ` կորոնավիրուսի հետևանքով ստեղծված տնտեսական իրավիճակ և ԿԲ-ի ներկա ու ապագա գործունեություն:

«Ամբողջ աշխարհն իրական ժամանակում հետևում է մարդկային ողբերգության, փորձ է արվում ինչ-որ հույս գտնել, իսկ բոլոր երկրների կառավարություններն անում են հնարավորը` մարդկային կյանքերը փրկելու համար` չկանգնելով տնտեսական ահռելի կորուստների առաջ»,- ասաց Մ. Գալստյանը:

Նրա խոսքով` բազմաթիվ տնտեսագետների կանխատեսումներով՝ տնտեսական անկումն ամբողջ աշխարհում լինելու է շատ ավելի խորը, քան 2008-2009 թվականների համաշխարհային տնտեսական ճգնաժամի ժամանակ էր:

«ԿԲ-ն դեռևս մարտի սկզբին առևտրային բանկերի ղեկավարների հետ կայացած հանդիպմանը քննակել էր հնարավոր զարգացումները և հորդորել վարկառուներին անհատական մոտեցում ցուցաբերել: Բանկերին և վարկային կազմակերպություններին հնարավորություն է տրվել վերանայել վարկավորման պայմաններն այնպես, որ առկա իրավիճակում ուշացումները բացասաբար չանդրադառնան քաղաքացիների վարկային պատմության վրա: Մարտի 17-ին ԿԲ խորհուրդը որոշում կայացրեց նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը»,-ասաց ԿԲ նախագահի թեկնածուն:

Գալստյանի խոսքով` առաջին հայացքից սա շատ սպասելի և տրամաբանական քայլ էր, սակայն ոչ բոլոր երկրների կենտրոնական բանկերն են այս ճանապարհն ընտրել, օրինակ՝ Վրաստանի ու Ռուսաստանի ԿԲ-ները չեն իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքները, Ղազախստանի ԿԲ-ն նույնիսկ բարձրացրել է այն:

Ինչ վերաբերում է Հայաստանի ԿԲ-ի ապագա անելիքներին` Մարտին Գալստյանը նշեց. «Վստահության կամուրջի կառուցումն է միակ գրավականը, որ մենք կունենանք արդյունավետ` շահառուների համար ընկալելի քաղաքականություն, և քաղաքացիներն ու գործարարներն է'լ ավելի կվստահեն մեր ազգային արժույթին: Կարծում եմ, որ դրամավարկային քաղականության արդյունավետության ամենակարևոր չափանիշը հասարակության վստահությունն է դրա նկատմամբ: Միայն այդ պարագայում է հնարավոր արդյունավետորեն խարսխել հասարակության գնաճային սպասումները: Վստահության բարձրացման հիմնական գրավականն իրականացվող քաղաքականության թափանցիկության հետևողական բարձրացումն է: Չափազանց կարևոր է հասարակության ու պրոֆեսիոնալ հանրության հետ երկխոսությունը ռազմավարության վերաբերյալ»,-ասաց Գալստյանը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հետաքրքրվեց, թե արդյոք հայաստանյան իրականությունում կա ակտուալ հարց, ըստ որի՝ ԿԲ մանդատի լիազորությունների ընդլայնում է հարկավոր, ինչպես անում են շատ երկրներ` օժտում են այնպիսի գործառույթներով, որոնք միտված են  նպաստելու տնտեսական աճին:

Մարտին Գալստյանն արձագանքեց` կան տեսական քննարկումներ, թե արդյոք ԿԲ-ի մանդատը պետք է լինի գների կայունությունն ու ֆինանսական կայունությունը, թե գների կայունությունն ու, օրինակ, գործազրկությունը, ինչպես ԱՄՆ ֆեդերալ ռեզերվում է:

«Երբ ԱՄՆ-ի ֆեդռեզերվը որպես երկրորդ նպատակ ֆիքսում էր գործազրկությունը, խոսքը գործազրկության մինիմալ մակարդակի մասին էր, որի պարագայում գների կայունությունը  չի խաթարվում: Այսինքն՝ ոչ թե առանձին նպատակ է, այլ նպատակից բխող գործողությունների պլան է: Այդ առումով մեր երկրի ներկայիս վիճակում մանդատը ճիշտ է ընտրված, որը վերաբերում է ֆինանսական համակարգի կայունությանն ու գների կայունությանը, որոնք իրար փոխլրացնող են»,-ասաց Գալստյանը:

Գալստյանի խոսքով` ԿԲ-ի կողմից կայուն միկրոմիջավայրի ստեղծումը նպաստում է տնտեսական աճին, որովհետև ստեղծում է կանխատեսելիության այն միջավայրը, որտեղ ներդրողները ցանկանում են ներդրում անել:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը հետաքրքրվեց վարկերի տոկսադրույքներով` ասելով, որ քաղաքացիները շատ դեպքերում տեղեկացված չեն լինում տոկոսադրույքներից, իսկ բարձր տոկոսադրույքներն էլ իրենց հերթին խորացնում են աղքատությունը: Գալստյանը պատասխանեց, որ սպառողների իրավունքների պաշտպանությունը ևս ԿԲ-ի տիրույթում է, ուստի այս խնդրի պաշտպանության համար մի շարք որոշումներ են ընդունել: Գալստայնի խոսքով` յուրաքանչյուր սպառող պետք է տեղեկացված լինի իր վարկի փաստացի տոկոսադրույքից, այն պետք է արտացոլված լինի պայմանագրի առաջին էջում, սպառողը պետք է ստորագրի այդ էջի տակ:

Պատգամավոր Գևորգ Պապոյանը, կարևելով անկանխիկ գործարքները, միջնորդավճարների տոկսադրույքների իջեցման հնարավորության հարցն առաջ քաշեց:

ԿԲ նախագահի թեկնածուն ևս կարևորեց անկանխիկ գործառնությունների ծավալի մեծացումը և նկատեց, որ ծավալների ավելացման դեպքոմ բանկերը կսկսեն մրցակցել, որպեսզի այդ  ծավալներն իրենց մոտ կենտրոնացվեն, ինչն էլ իր հերթին կբերի  սակագնի իջեցման:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ նկատեց, որ նոր իշխանությունները զրո հարգանք ունեն քաղաքացիների անձնական տվյալների` բանկային հաշիվների նկատմամբ: Ըստ Մարուքյանի` եթե նախկին իշխանություններն ապօրինություններով էին տիրապետում բանկային գաղտնիքին, ապա նոր իշխանությունները չեն ուզում ապօրինություն անել և համապատասխան փոփոխություններ են անում ու պարզում, թե ով ինչքան փող ունի: Մարուքյանի խոսքով` բարձրագույն իշխանությունը անգիր գիտի՝ վերջին հավաքարարից մինչև առաջին բիզնեսմեն, թե ով որքան փող ունի:

Պատգամավորը հետաքրքրվեց, թե այս ամենից հետո ինչպես է ապահովվելու ներդրումային միջավայրը:

Մարտին Գալստյանն արձագանքեց` տրված որոշ հարցեր իր տիրույթից դուրս են եւ իրավապահների հետ են առնչվում:

«Եթե ինչ-որ մարդ կա Հայաստանում, որ գիտի՝ ով, որտեղ, ինչքան փող ունի, դա մի քիչ ուրիշ խոսակցություն է, որին չեմ ուզում մասնակցել: Ինչ վերաբերում է այն նախագծերին, որոնք վերաբերում են բանկային գաղտնիքին: Էն օրենքը, որն այս պահին ՍԴ-ում է, ունի հստակ կարգավորումներ, հստակ նշված է այն գործերի շարքը, որոնցով կարելի է ինչ-որ գործողություն սկսել: Ինչ վերաբերում է բանկային գաղտնիքի թուլացմանը, հետևյալ մոտեցումը կա՝ ֆիլտրները, որոնք դրված են, եթե ժամանակին պետք է լիներ մեղադրյալ կամ կասկածյալ, հիմա այդ ֆիլտրը հանվել է, բայց դրա փոխարեն կա այն, որ գլխավոր դատախազը կամ իր տեղակալը պետք է միջնորդություն ներկայացնի դատարան, ունենա դատարանի վճիռ, նոր կարողանա այդ գործերի շրջանակում գնա ինչ-որ բանկային գաղտնիքի հետևից»,-ասաց Գալստյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter