
Կառավարությունն ընդլայնեց 3-րդ միջոցառման շահառուների շրջանակը
Կառավարությունն այսօրվա՝ ապրիլի 16-ի նիստում որոշեց մեծացնել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզեքացման երրորդ միջոցառման շահառուների շրջանակը։
Էկոնոմիկայի նախարարը հիշեցրեց, որ սա ոլորտային աջակցություն է կառավարության կողմից տնտեսության այն ոլորտներում գործող սուբյեկտներին, որոնք առավել մեծ չափով են տուժել կորոնավիրուսի նոր տեսակի տարածման արդյունքում։
Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ այն կազմակերպությունները, որոնք 2019 թվականի ընթացքում ունեցել են 24-500 մլն դրամ շրջանառություն, գործել են մշակող արդյունաբերության, կացության և հանրային սննդի կազմակերպման, փոխադրումների և պահեստային տնտեսության, զբոսաշրջային ծառայությունների, սպասարկման այլ ծառայությունների և առողջապահության ոլորտներում կարող են դիմել կառավարությանը 2019 թվականի գործունեության 10 %-ի չափով, առանց բանկային համակարգի միջնորդության վարկ ստանալու համար՝ դիմելով Ներդրումների աջակցման կենտրոն՝ պայմանով, որ 2019-ին ունեցել են բարվոք հարկային և վարկային պատմություն։
Այսինքն՝ շահառու դառնալու գրավականը նրանց բարվոք հարկային և վարկային պատմությունն է։
«Բարվոք վարկային պատմություն է, երբ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը նախորդ 12 ամիսների ընթացքում չի ունեցել 30 օրը գերազանցող ժամկետանց վարկային պարտավորություններ և հարկային բարվոք պատմության տեսանկյունից չի ունեցել բռնագանձման վարչական վարույթներ։
Եթե, այնուամենայնիվ, որևէ մեկը նախորդ 12 ամիսների ընթացքում ունեցել է վարչական վարույթ բռնագանձումների առնչությամբ, բայց 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պետության նկատմամբ չկատարված հարկային պարտավորություններ չի ունեցել, նա նույնպես համարվում է շահառու՝ պայմանով, որ ավելի բարեխիղճ հարկատուների նկատմամբ պետք է վճարի 1 % հատկացման վճար»,- հայտնեց Էկոնոմիկայի նախարարը։
6 ամիս վարկի մայր գումարի մարում չի նախատեսվում, 2 տարվա ընթացքում վարկը տրամադրվում է 0 % տոկոսադրույքով, 3-րդ տարվա ընթացքում՝ 12 % տոկոսադրույքով։
«Առաջարկում ենք այս շահառու ոլորտների թիվը լրացնել 4-ով՝ նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ), սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ), զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն (էքստրեմալ տուրիզմ, խաղեր և այլն), շենքերի շինարարություն, քաղաքացիական շինարարություն, մասնագիտացված շինարարական գործունեություն»,- նշեց Տիգրան Խաչատրյանը։
Ըստ նախարարի՝ այս գործիքի շրջանակներում յուրաքանչյուր 1 մլն դրամի վարկային ֆինանսավորումը վերաբերում է 1,6 աշխատատեղի։ Այսօրվա դրությամբ այս գործիքի շրջնակներում 167 կազմակերպություններ 1,6 մլրդ դրամ ընդհանուր գումարով հաստատված վարկեր ունեն։
Լուսանկարում՝ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան
Մեկնաբանել