HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կառավարությունը 90 մլն դրամ կտրամադրի թոքերի արհեստական շնչառական սարքավորումների նախագծման համար

«Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխարհում շնչառական սարքերի դեֆիցիտը և դրանից բխող խնդիրները՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարել էր թոքերի արհեստական շնչառական սարքավորումների նախագծման, ամբողջական կամ մասնակի արտադրության գաղափարների հավաքագրման գործընթաց, որի արդյունքում ստացվել են շուրջ 300 հայտ և առաջարկներ»: Այս մասին Կառավարության ապրիլի 16-ի նիստում հայտնեց նախարար Հակոբ Արշակյանը։

Կառավարությունը որոշեց «Ինժեներական Ասոցիացիա» ՀԿ-ին տրամադրել 90 մլն դրամի դրամաշնորհ՝ կազմակերպելու թոքերի արհեստական շնչառական սարքերի նախագծման, մակետային նախատիպի մշակման, մակետի լաբորատոր փորձարկումների իրականացման, համակարգի նախագծի շտկման, 5 օրինակ ինժեներական նմուշի մշակման, կոնստրուկտորական փաստաթղթերի ձևավորման աշխատանքները՝ ապահովելով արտադրական ամբողջական ցիկլին հասնելու գործընթացը:

Ըստ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի՝ առաջարկվող դրամաշնորհի գինը հիմնված է եղել ընկերությունների կողմից ներկայացված գնառաջարկների և կատարվող աշխատանքների ծավալի վրա։

«Ինժեներական Ասոցիացիա»-ն պարտավորվում է ուսումնասիրել ներկայացված գաղափարները, կապ հաստատել հետաքրքրություն հայտնած անհատ ինժեներների, համալսարանական լաբորատորիաների, ինժեներական և արտադրական գործունեություն իրականացնող ընկերությունների հետ՝ քննարկելու իրենց ներկայացրած համագործակցության առաջարկները, արտադրական գաղափարները և մասնագիտական հնարավորությունները:

«Այս ծրագրի իրականացման արդյունքում հնարավորություն կունենանք թոքերի արհեստական շնչառական սարքավորումների ներքին պահանջը բավարարելու, աջակցելու առողջապահական համակարգին, նոր կորոնավիրուսի ակտիվ տարածման արդյունքում ինտենսիվ բուժման փուլում գտնվող թոքաբորբով հիվանդ քաղաքացիներին բուժում ստանալու հնարավորությունների նպատակով»,- նշեց Հակոբ Արշակյանը։

Նախարարի խոսքով՝ 4-6 ամսվա ընթացքում հնարավոր կլինի հասնել արտադրական վիճակի և ունենալ արդեն իսկ աշխատող սարքավորում։ Հնարավորություն կունենանք ամսական շուրջ 40-50 սարքավորում արտադրելու։

«Այս պահին աշխարհում 800,000-ից ավելի նման ապարատների պահանջ կա, և օր օրի աճում է։ Սա նաև հնարավորություն է, որպեսզի հայկական ինժեներական ընկերությունները կարողանան հնարավորություն ստանալ մուտք գործելու բժշկական սարքերի արտադրման շուկա»,- հայտնեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը։

Առողջապահության նախարարն էլ կարևորեց թոքերի արհեստական շնչառական սարքավորումների արտադրությունը և նշեց, որ սովորական սեզոններին, երբ դեռ կորոնավիրուսը չկար, հաճախ Երևանի հիվանդանոցներում կար նման սարքավորումների պակաս։

Լուսանկարում՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter