HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայր Աթոռի անդրադարձը՝ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանին առաջադրված մեղադրանքին

Մայր Աթոռը անդրադարձ է կատարել ԱԱԾ-ի կողմից Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանին մեղադրանք առաջադրելուն, այն ներկայացնում ենք ստորեւ.

«2020 թվականի ապրիլի 15-ին ԱԱԾ-ի և վերջինիս հղված տեղեկատվական աղբյուրներից ինչպես ողջ հանրությունը, այնպես և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տեղյակ դարձավ, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում 2020 թվականի ապրիլի 13-ին մեղադրանք է առաջադրվել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերշ. Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին: 

Կոչ ենք ուղղում հանրությանը, այդ թվում՝ պաշտոնատար անձանց և լրատավամիջոցներին, հարգել անձի` օրենսդրությամբ երաշխավորված անմեղության կանխավարկածը և ձեռնպահ մնալ անհարկի, շտապողական մեկնաբանություններից ու անհիմն գնահատականներից:

Հարկ է արձանագրել, որ քրեական գործով արծարծվող թեման զանգվածային լրատվամիջոցներով շրջանառվել է տակավին 2013 թվականից, իսկ հիշյալ քրեական գործը հարուցվել է տարիներ առաջ: Այս համատեքստում տարակուսելի է, որ հիշյալ քրեական գործով Տ. Նավասարդ արք. Կճոյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին հրապարակայնացումը ուղղակիորեն հաջորդում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից կորոնավիրուսի համավարակի պայմաններում խոցելի խմբում գտնվող կալանավորների, այդ թվում և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ դիրքորոշման հանրայնացմանը: 

Թեև սույն պարագան առաջացնում է որոշակի մտահոգություններ, այսուհանդերձ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ցանկանում է հուսալ և հետամուտ է լինելու, որ քրեական գործով իրականացվի անաչառ, լրիվ ու բազմակողմանի քննություն: 

Հիշյալ գործով Տ. Նավասարդ արք. Կճոյանի իրավական պաշտպանությունն իրականացվում է փաստաբանների կողմից, որոնք գործի առնչությամբ, ըստ անհրաժեշտության, կներկայացնեն համապատասխան լուսաբանություններ ու պարզաբանումներ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter