HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղադրանք է առաջադրվել Հայ Առաքելական Եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամետում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում բավարար ապացույցների համակցությամբ 2020 թվականի ապրիլի 13-ին մեղադրանք է առաջադրվել Հայ Առաքելական եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին: Այս մասին հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:

Հիշեցնենք, որ այս գործի մասին «Հետք»-ը դեռևս 2013 թվականին հետաքննություն էր հրապարակել: ԱԱԾ-ի հիշատակած հոգևորականը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանն է:

Ինչպես ասվում է ԱԱԾ տարածած հաղորդագրությունում՝ ստացված փաստական տվյալների համաձայն, վերջինս, 2010 թվականի ամռանն իր հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող անձի հետ նախնական համաձայնությամբ, խարդախությամբ՝ իբրև Աֆրիկայի մայրցամաքում իրեն պատկանող ադամանդի հանքավայրերում 12 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով ներդրում կատարելու դեպքում արտադրողականությունը բարձրացնելու, արդյունահանված ադամանդի հումքը Հայաստանի Հանրապետությունում վերամշակելու և վաճառքի հանելու մտածածին պատրվակով, շահագրգռել է ՀՀ ձեռնարկատերերից մեկին հիշյալ ներդրումը կատարելու հարցում, այնուհետև ձեռք են բերել վերջինիս ու նրա մերձավորներին պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ 11 մլրդ 442 մլն դրամ ընդհանուր արժողությամբ, մի շարք անշարժ գույքերի նկատմամբ իրավունք, դրանց գրավադրմամբ ՀՀ առևտրային բանկից 2010 թվականի հունիսի 28-ից մինչև 2011 թվականի հունիսի 27-ն ընկած ժամանակահատվածում ստացել և անարգել տնօրինել են 3 մլրդ 664 մլն դրամին համարժեք 9 միլիոն ԱՄՆ դոլար և 361,5 միլիոն դրամ գումարի չափով վարկային միջոցներ, մի շարք բանկային և առևտրային գործարքներով, փոխանցումներով, փոխարկումներով թաքցնելով և խեղաթյուրելով դրանց ծագման աղբյուրը, տեղաշարժն ու պատկանելիությունը: Հանցավոր եղանակով ստացված եկամուտներն օրինականացնելու համար օգտագործվել է հանցավոր խմբի անդամների կողմից նախապես՝ 2010թ. գարնանը, օֆշորային գոտում հիմնադրված ընկերությունը, որի 33 տոկոսով բաժնեմասը պատկանել է եկեղեցու հիշյալ սպասավորին:

Ըստ հաղորդագրության՝ վերը նշված հանցագործությունները բացահայտվելուց հետո, 2013 թվականի ընթացքում նշված հոգևորականը, օգնելու խոստումներ տալով, համոզել է հետախուզման մեջ գտնվող հանցակցին ստանձնել ամբողջ պատասխանատվությունը և հանցագործությանն իր մասնակից լինելու ապացույցները կեղծելուն կամ ոչնչացնելուն ուղղված գործողություններ ձեռնարկել: 

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter