HY RU EN

Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը

Արարատ Դավթյան
Էդիկ Բաղդասարյան
Քրիստինե Աղալարյան 

Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը (տես ներքեւում): Այս ընկերությունն ուղղակի առնչություն ունի գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ:

Աշոտ Սուքիասյանը 2010թ. հունիսի 25-ից մինչև 2011թ. հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունից մաս-մաս ստացել է 10 միլիոն 700 հազար ԱՄՆ դոլար վարկ: Բայց վարկի դիմաց նա բանկում գրավադրել է գործարար Փայլակ Հայրապետյանին եւ նրա որդուն պատկանող ընկերությունները:

Ստանալով գումարը՝ Աշոտ Սուքիասյանը չի կատարել վարկային պայմանագրերով ու բիզնես-ծրագրով նախատեսված պարտավորությունները, բայց սա չի խանգարել, որ «Ամերիաբանկ»-ն անարգել շարունակի գումարները փոխանցել Կիպրոսում գրանցված մի քանի ընկերությունների բանկային հաշվեհամարներին:

«Ամերիաբանկը» «Ձորագյուղ» ա/կ-ի հանձնարարականներով վերջինիս բանկային հաշվեհամարին փոխանցված վարկի գումարներից շուրջ 9 մլն 370 հազար 450 ԱՄՆ դոլար փոխանցել է Կիպրոսի «HELLENIC BANK PUBLIK COMPANY»-ի մի քանի օֆշորային ընկերությունների հաշվեհամարներին: Վարկային միջոցները փոխանցվել են.

1.         «A.B.S. GLOBAL LIMITED» ՍՊԸ-ին՝ 7 մլն 20 հազար 450 դոլար,

2.         «WLISPERA HOLDINGS LIMITED» ՍՊԸ-ին՝ 350 հազար դոլար,

3.         «STR EMERALD LIMITED» ՍՊԸ-ին՝ 2 մլն դոլար:

Ներկայացնենք ուշագրավ եւս մեկ փաստ: Կիպրոսի օֆշորային ընկերություններին փոխանցված գումարների մի մասը նույն ժամանակահատվածում հետ է փոխանցվել «Ձորագյուղ» ա/կ-ի՝ «Ամերիաբանկի» հաշիվներին: Մասնավորապես՝ «STR EMERALD LIMITED»-ը փոխանցել է 3 մլն 233 հազար, իսկ «WLISPERA HOLDINGS LIMITED»-ը՝ 2 մլն 99 հազար 773 դոլար:

Իսկ ո՞վ է Աշոտ Սուքիասյանը: Հայաստանյան լրատվամիջոցներում տարբեր առիթներով հիշատակումներ են եղել նրա մասին: Դրանցից մեկի համաձայն՝ նրա քավորը Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն է, եւ Կճոյանին թանկարժեք «Բենթլի» ավտոմեքենան նվիրել է հենց Աշոտ Սուքիասյանը:

«Ձորագյուղ» ա/կ-ն հավասար բաժնեմասերով պատկանում է Աշոտ Սուքիասյանին, նրա կնոջն ու դստերը: Հայտնի է, որ նա բազմաթիվ մարդկանց պարտք է ոչ միայն Հայաստանում, այլեւ Աֆրիկայում եւ Ռուսաստանում: Այժմ վերջինս ընատնիքով լքել է Հայաստանը: Առայժմ մեզ չի հաջողվել կապ հաստատել նրա հետ:

Ոստիկանությունում վերը նշված վարկային պատմության առթիվ հարուցվել է քրեական գործ, սակայն որեւէ մեկի նկատմամբ դեռեւս մեղադրանք առաջադրված չէ: Հանցագործության մասին հաղորդում ներկայացրածներից մեկն էլ գործարար Փայլակ Հայրապետյանն է: Նա պատմում է, թե ինչպես է հայտնվել այս պատմության կիզակետում ու կանգնել ունեզրկման եզրին:

«2009 թ. Հայաստանում ադամանդագործության եւ ոսկերչության զարգացման պետական ծրագրի շրջանակներում հիմնեցի ձեռնարկություն եւ բացեցի 400 աշխատատեղ: Մեծ գումարներ ծախսեցի՝ 3,5 մլն դոլար, կառուցեցի գործարան եւ հիմնեցի ուսումնարան՝ մասնագետների պատրաստման համար: Մեկ էլ մի օր ինձ զանգեց Էկոնոմիկայի նախարարության Առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ Գագիկ Քոչարյանը եւ կանչեց վարչապետի մոտ՝ ոլորտին վերաբերող շտապ խորհրդակցության»,- պատմում է Փայլակ Հայրապետյանը:

Վերջինս նշում է, որ երբ հասել է նախարարություն, վարչապետն արդեն խորհրդակցությունից դուրս էր եկել, ու նրան հանդիպել է աստիճանահարթակին: Մտել է խորհրդակցական սենյակ, նստած են եղել էկոնոմիկայի այն ժամանակվա նախարար Ներսես Երիցյանը, նրա կողքին՝ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, իսկ մյուս կողքին՝ Աշոտ Սուքիասյանը:

Նախարարը հանդիպմանը ներկա ոսկերչության եւ ադամանդագործության ոլորտում գործող 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարներին տեղեկացրել է, որ ՌԴ-ն Հայաստանին տրամադրելիք 500 մլն ԱՄՆ դոլարի վարկից 100 միլիոնը հատկացնելու է ադամանդի հումքի տեսքով: Ընդ որում՝ Ռուսաստանը համաձայնվել է, որ մեր երկիրը վարկի տվյալ մասը վերադարձնի հենց ապրանքի՝ մշակված ադամանդի տեսքով: Նախարարը ներկայացրել է Կառավարության պահանջը՝ խորհրդակցությանը ներկա արդյունաբերողներն այս վարկավորման շրջանակներում պետք է աշխատանքով ապահովեն 10 հազար մարդու:

«Մեկ էլ նախարարը խոսքը փոխանցեց Աշոտ Սուքիասյանին, եւ նա ասաց, որ ինքը Աֆրիկայի Սիերա Լեոնե պետությունում ոսկու եւ ադամանդի հանքեր ունի եւ պատրաստ է բարձրորակ հումքով ապահովել Ռուսաստանի առաջարկածից 15 տոկոսով էժան,- պատմում է գործարար Հայրապետյանը,- բոլորն ուրախացան, Երիցյանը, թե՝ ընկերներ, մեզ ձեռնտու է: Պայմանավորվեցինք, եւ 20 օր հետո Աշոտը բերեց ադամանդի հումքի նմուշը: Այս հանդիպմանն արդեն ներկա էին 17-18 գործարար, բոլորն իրենց մասնագետներով էին եկել: Իսկապես ադամանդի հումքի որակը շատ բարձր էր»:

Սուքիասյանը, սակայն, նշել է, որ հայ գործարարներին տարիներ շարունակ նման հումք կարող է մատակարարել, եթե իր աֆրիկյան հանքերում 12 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կատարվի՝ անհրաժեշտ տեխնիկա ձեռք բերելու համար: Հանդիպման մասնակիցներն Առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ Գագիկ Քոչարյանի ուղեկցությամբ գնացել են «ԱրմՍվիսԲանկ»:

«Քանի որ նման մաշտաբի պետական ծրագիր էր, ես էլ ներկաներից տարիքով ամենամեծն էի, ասացի, որ կարող եմ միանգամից իմ գույքը գրավադրել, որպեսզի մյուսներն էլ ամեն մեկն առանձին-առանձին իր ունեցածը գրավ չդներ: Ժամկետն էլ երկար չէր՝ 3 տարով պետք է վարկը տրվեր»,- պատմում է Փայլակ Հայրապետյանը:

Որոշ ժամանակ անց Աշոտ Սուքիասյանը տեղեկացրել է, որ «ԱրմՍվիսբանկը» հրաժարվել է վարկը տրամադրելուց, սակայն վարչապետի, նախարար Երիցյանի եւ արքեպիսկոպոս Կճոյանի միջնորդությամբ անհրաժեշտ գումարները համաձայնվել է տրամադրել «Ամերիաբանկը»: Աշոտ Սուքիասյանն իրեն տրված լիազորագրով «Ամերիաբանկում» գրավադրել է Փայլակ Հարյապետյանին պատկանող մոտ 33 մլն դոլար ընդհանուր արժեքով գույքը եւ բանկից ստացել 10,7 մլն դոլարի վարկ:

«Բիզնես ծրագիրը, որի հիման վրա բանկը գումարները տվել է, կազմել է հենց «Ամերիաբանկը»: Դրա համար Աշոտ Սուքիասյանը վճարել է 6 հազար դոլար»,- ասում է Փ. Հայրապետյանը:

Նշյալ բիզնես նախագիծը շատ նման է 2008 եւ 2013 թթ. ՀՀ կառավարության ծրագրերին: Սա եւս մի հավակնոտ ծրագիր է, եւ այս դեպքում խոսքը «Հայաստանը աշխարհը ադամանդի հղկման և վաճառքի կենտրոններից մեկը դարձնելու» մասին է: Իհարկե, այս անգամ խոստացողը վարկառուն է, ըստ բիզնես նախագծի՝ «Ձորաղբյուր» ՍՊԸ-ն: Մինչդեռ բանկը գումարները փոխանցել է նույնանուն ա/կ-ին, մի անուն, որի մասին բիզնես նախագծում ընդհանրապես ոչ մի նշում չկա:

Ինչո՞ւ կամ ո՞ւմ հանձնարարականով է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն այս կերպ վարվել: Ինչո՞ւ չի վերահսկել, թե ինչի վրա են ծախսվել վարկային միջոցները, մանավանդ, որ գումարը փոխանցել է մաս-մաս եւ կարող էր, ասենք, 7-րդ փոխանցումը չկատարել ու վարկի տրամադրումը կասեցնել, քանի որ նախորդ 6 փոխանցումներից եւ ոչ մեկով վարկառուն որեւէ պարտավորություն չէր կատարել: Ավելին՝ բանկը «աչք է փակել» այն հանգամանքի վրա, որ իր փոխանցած գումարների մի մասը նորից հետ է փոխանցվել հենց «Ամերիաբանկում» բացված՝ «Ձորաղբյուր» ա/կ-ի հաշվեհամարներին: Ի հեճուկս այս ամենի՝ «Ամերիաբանկը» սեփականության իրավունքով իր անունով է գրանցել Փայլակ Հայրապետյանին պատկանող գրավադրված ամբողջ գույքը:




շարունակություն