HY RU EN

Օֆշորային լաբիրինթոս` հայկական սցենարով

Էդիկ Բաղդասարյան
Քրիստինե Աղալարյան
Արարատ Դավթյան

Սկիզբը

Աշոտ Սուքիասյանն իր ընտանիքին պատկանող «Ձորագյուղ» ա/կ-ի հանձնարարականներով «Ամերիաբանկից» ստացված վարկային գումարից 9 մլն 370 հազար 450 ԱՄՆ դոլար փոխանցել է Կիպրոսի մի քանի օֆշորային ընկերությունների՝ «HELLENIC BANK PUBLIK COMPANY»-ում ունեցած հաշվեհամարներին.

  1. «A.B.S. GLOBAL LIMITED» ՍՊԸ-ին՝ 7 մլն 20 հազար 450 դոլար,
  2. «WLISPERA HOLDINGS LIMITED» ՍՊԸ-ին՝ 350 հազար դոլար,
  3. «STR EMERALD LIMITED» ՍՊԸ-ին՝ 2 մլն դոլար:

Ովքե՞ր են այս ընկերությունների բաժնետերերը: Սրանց մեջ առանցքային դերակատարում ունի «A.B.S. GLOBAL LIMITED»-ը, որին ամենամեծ գումարն է փոխանցվել: Կիպրոսի ընկերությունների գրանցման ռեգիստրի պաշտոնական կայքի տվյալներով՝ «A.B.S. GLOBAL LIMITED» ընկերության բաժնետերերը չորս այլ ընկերություններ են:

Դրանք են՝

  1. «A.K. HOLDINGS LIMITED» - 1000 բաժնետոմս
  2. «BCB HOLDINGS LIMITED» - 1000 բաժնետոմս
  3. «STR EMERALD LIMITED» - 1400 բաժնետոմս
  4. «WLISPERA HOLDINGS LIMITED» - 6600 բաժնետոմս

A.B.S. GLOBAL LIMITED ընկերության բաժնետեր ընկերությունները


Այստեղից երևում է, որ «A.B.S. GLOBAL LIMITED»-ի 66 տոկոս բաժնետերը «WLISPERA HOLDINGS LIMITED»-ն է: Ըստ Կիպրոսի ռեգիստրի պաշտոնական կայքի՝ «WLISPERA HOLDINGS LIMITED»-ի բաժնետերերն են Աշոտ Սուքիասյանը, Տիգրան Սարգսյանը եւ Սամվել Կճոյանը:

A.B.S. GLOBAL LIMITED  ընկերության բաժնետեր ընկերությունների բաժնետերերը


Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ ինքը կապ չունի Կիպրոսում գրանցված ընկերության հետ եւ դիմել է գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե ով եւ ինչպես է գրանցել ընկերությունը: Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը նույնպես հայտարարել է, որ ինքը կապ չունի օֆշորում գրանցված այդ ընկերության հետ: Ոստիկանությունը Աշոտ Սուքիասյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում: Դրանից հետո Աշոտ Սուքիասյանը նամակ է գրել գլխավոր դատախազին, պատճենը ուղարկել «Հետքին»` նշելով, որ ընկերությունը գրանցել է ինքը:

«Ուզում եմ անդրադառնալ օֆշորային կազմակերպությանը` «WLISPERA HOLDINGS LIMITED»-ին: Նախ ասեմ, որ այս կազմակերպության հիմնադիրը ես եմ եւ ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի եւ Ն. Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության եւ առանց նրանց համաձայնության: Դա արել եմ, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից: Չեմ գիտակցել, որ այն կարող է հետեւանքներ ունենալ»,- գրել է Աշոտ Սուքիասյանը:

Աշոտ Սուքիասյանն այժմ դատական վեճի մեջ է Սիերա Լեոնեում գրանցված «GMC GLOBAL (SL) LIMITED» ընկերության հետ: Այս ընկերության սեփականատերերը Աշոտ Սուքիասյանի հրավերով երկու անգամ եղել են Հայաստանում եւ հանդիպել են նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Ընկերության տնօրեն Ռուբեն Մկրտչյանը մասնակցել է այդ հանդիպումներից մեկին: Ստորեւ՝ մի հատված Ռուբեն Մկրտչյանի հետ մեր հարցազրույցից:

Ե՞րբ եք եղել Հայաստանում, և ինչպե՞ս է կայացել Ձեր հանդիպումը վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Ովքե՞ր են եղել այդ հանդիպմանը, խնդրում ենք նշել անունները: Ո՞վ էր կազմակերպել հանդիպումը, ե՞րբ է այն տեղի ունեցել:

Հայաստանում եղել եմ երկու անգամ: Չեմ կարող հստակ ամսաթիվ նշել: Առաջին անգամ եկել եմ իմ գործընկերների հետ: Երկրորդ անգամ ադամանդներ եմ բերել Աշոտին: Առաջին հանդիպումը 2010-ի հուլիսի կեսերին էր: Իմ տպավորությամբ՝ այդ հանդիպումը կազմակերպել էր Աշոտ Սուքիասյանը: Հանդիպմանը ներկա էին վարչապետը, Ն. Կճոյանը և Աշոտ Սուքիասյանը` մի կողմից, ես և իմ գործընկերները` Սերգեյ Տրյուկազյուկն ու Ալեքսանդր Վալչիկովսկին՝ մյուս կողմից: Զրուցել ենք Սիերա Լեոնեի և նախագծի մասին, ընդհանուր ներդրումների մասին: Դրանից հետո` երեկոյան, բոլորս միասին գնացինք «Նոյան Տապան» ռեստորան: Եվ մենք հասկացել էինք, որ Աշոտը լիակատար աջակցություն և ֆինանսներ ունի: Եվ այդ ամենը մեզ վստահություն ներշնչեց, որ ներդրումներ իսկապես կլինեն: Երբ երկրորդ անգամ եկա, նրանք` Աշոտն ու Ն. Կճոյանը, մեկնեցին Կիպրոս: Ես նրանց օդանավակայանում ճանապարհեցի: Աշոտը Սիերա Լեոնեում ընկերություն չունի: Նա պետք է բաժնեմաս ստանար ընկերությունում ներդրումներ կատարելուց հետո: Բայց նա որևէ բաժին չստացավ, քանի որ խոստացված ներդրումների կեսն էլ չկատարեց:

Ինչպե՞ս է սկսվել ադամանդագործության զարգացման պատմությունը

Կառավարության կայքում տեղադրված է մի տեղեկատվություն, որը մեջբերում ենք ամբողջությամբ.

«Ուրբաթ, 7 Նոյեմբեր 2008: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ադամանդագործության և ոսկեգործության բնագավառում մասնագիտացած «Western mines company» ընկերության տնօրեն Շերմոն Սիսիի հետ: Ընկերությունը մտադրություն ունի Հայաստանում ակնագործության և ոսկեգործության ոլորտում փոխշահավետ ներդրումներ կատարել` հայ գործընկերների հետ զարգացնելով համագործակցությունը:

Շերմոն Սիսին ՀՀ կառավարության ղեկավարին տեղեկացրել է, որ մինչ Հայաստան ժամանելը հանդիպում է ունեցել նաև իր երկրի` արևմտյան Աֆրիկայի Սիերա Լեոնեի Հանրապետության նախագահի հետ, ով ևս ողջունել է Հայաստանի հետ գործարար կապեր հաստատելու՝ «Western mines company» ընկերության մտադրությունը և նշել, որ իր երկրի կառավարությունը պատրաստակամ է հնարավորինս աջակցելու այդ ծրագրի իրագործմանը: Սիերա Լեոնեում ոսկու և ադամանդի հանքերի սեփականատեր վերոնշյալ ընկերության տնօրենը հատկապես ադամանդագործության և ոսկեգործության ճյուղերում Հայաստանի հարկային քաղաքականությունը և ներդրումային դաշտը բարենպաստ է համարել գործունեություն ծավալելու համար:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը,  կարևորելով մասնավոր հատվածին աջակցությունը և նաև նկատի առնելով նշված ճյուղերում եղած ավանդույթները շարունակելու և զարգացնելու նպատակադրումը, կցուցաբերի ամենայն աջակցություն գործարար կապերի ամրապնդմանը, որոնք, վարչապետի հավաստմամբ, կարող են էապես խթանել նաև երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների հաստատմանը»:

Վարչապետը բարևում է Շերմոն Սիսիին,
աջից` Աշոտ Սուքիասյանն է:

Կառավարության կայքում այս հանդիպման մասին տեղեկատվությունն առանց լուսանկարի է: Իսկ ահա «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում այս տեղեկատվությունը հրապարակված է լուսանկարով: Լուսանկարում այս պատվիրակության հետ հանդիպմանը ներկա է եղել նաեւ Աշոտ Սուքիասյանը: Այս նույն անձին` Շերմոն Սիսիին, Աշոտ Սուքիասյանը լիազորագիր է տվել «A.B.S. GLOBAL LIMITED»-ի գործերով որպես լիազոր ներկայացուցիչ հանդես գալու, որի վերաբերյալ մեր ձեռքի տակ նոտարով հաստատված փաստաթուղթ կա:

Փաստորեն, Տիգրան Սարգսյանի վարչապետ դառնալուց մի քանի ամիս հետո Աշոտ Սուքիասյանն արդեն պատվիրակություններ էր բերում Հայաստան եւ կազմակերպում հանդիպումներ: Հենց այս հանդիպումից հետո է Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը որոշել զարգացնել ադամանդագործությունը եւ Հայաստանը դարձնել տարածաշրջանային կենտրոն: Հենց այսպիսի տողեր կան «Ամերիաբանկի» կազմած բիզնես ծրագրում:

Անհասկանալի է, թե «Ամերիաբանկն» ինչպես է նման բիզնես ծրագրի առկայությամբ համաձայնել տրամադրել 12 մլն դոլարի վարկ: «Ամերիաբանկը» լռում է, մեր հարցերին չի պատասխանում ոչ բանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, ոչ խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը: Փոխարենը բանկը հապճեպ փորձում է Փայլակ Հայրապետյանի գրավադրած գույքն իրացնել: Բանկին թվում է, որ այդ ճանապարհով կփակվի նաեւ վարկային այս պատմությունը:

Անհասկանալի է նաեւ, թե ինչու Փայլակ Հայրապետյանի փաստաբաններն առայսօր բանկի դեմ դատական հայց չեն ներկայացրել, քանի որ կեղծիքներ կան բանկի իսկ կազմած բիզնես ծրագրում: Ըստ երևույթին, այս վարկի համար ինչ-որ մեկը բանկում բարեխոսել է:

Այս եւ բազմաթիվ այլ հարցերի պատասխանները կարող են տալ իրավապահները: Աշոտ Սուքիասյանը միայն «Ամերիաբանկից» չէ, որ վարկ է վերցրել: Նա 4,5 մլն դոլար վարկ է ստացել նաև «Պրոմեթեյ» բանկից: Օֆշորային ընկերություններից փոխանցումներ կան նաեւ դեպի «Պրոմեթեյ» բանկ:

Շարունակություն