HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Ալյուրն ու ձավարեղենը թանկացել են․ ՏՄՊՊՀ նախագահը կարծում է՝ գների բարձրացումը կորոնավիրուսով պայմանավորված չէ

«Անվտանգ սնունդ/ Հետք» խմբում մեր ընթերցողներն օրերս դժգոհում էին, որ կորոնավիրուսի համավարակի օրերին թանկացել են սննդամթերքի գները:  Այդպիսի ապրաքների թվում են հնդկաձավարը, ալյուրը և կարագը։

Ուսումնասիրել ենք նաև Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, ինչպես նաև՝ հարցեր ուղարկել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին, ով անդրադարձել է թանկացումներին և հայտնել՝ ինչ է սպասվում արտակարգ իրավիճակում անբարեխիղճ գործունեություն իրականացրած տնտեսվարողներին։

Ազգային վիճակագրական ծառայության տրամադրած սպառողական գների ինդեքսի համաձայն՝ 2020թ․-ի առաջին եռամսյակում 2019թ նույն ժամանակահատվածի համեմատ ՝ վերը նշված որոշ սննդամթերքներ թանկացել են։

Օրինակ, հացաբուլկեղենը մարտ ամսին թանկացել է 1,4 %-ով, հացը՝ 1,2 %-ով, բրինձը՝ 2,6 %-ով, ալյուրն ու ձավարեղենը՝  3,1 %–ով, մակարոնեղենը՝ 3,9%-ով, յոգուրտն ու մածունը՝ 2,9 %-ով։

Եթե ԱՎԾ տվյալները դիտարկենք ամիսների թանկացման կտրվածքով, ապա հացաբուլկեղենը մարտին փետրվար ամսվա համեմատ թանկացել է 0,2 %-ով, ալյուրն ու ձավարեղենը՝ 0,7 %-ով, մակարոնեղենը՝ 0,5 %, բրինձը՝ 0,3 %-ով, յոգուրտն ու մածունը՝ 2,1 %-ով։

Կարագի գինը, ըստ ԱՎԾ-ի, թեև փետրվար ամսվա համեմատ մարտին 1 %-ով թանկացել է, բայց 2020թ․-ի առաջին եռամսյակում 2019թ նույն ժամանակահատվածի համեմատ էժանացել է 5,4 %-ով։

Միևնույն ժամանակահատվածում՝ 31․2 %-ով էժանացել է ձուն, 11 %-ով՝ հավը, հնդկահավը և այլ ընտանի թռչուններ, 7,7 %-ով էժանացել է կաթնամթերքը և պանիրը, 5-6 %-ով ձուկն ու ծովամթերքը։

Թանկացումներ
Infogram

Հայաստանում «պարենային ապրանքների պաշարները բավարար քանակի են», իսկ ապրանքների գների բարձրացումն ու դրանց դինամիկայի ուսումնասիրությունները, ըստ ՏՄՊՊՀ-ի, արվում են միշտ, ինչպես՝ Երևանում, այնպես էլ՝ մարզերում։

ՏՄՊՊՀ-ն հաստատում է, իրենք ևս գրանցել են գների բարձրացման դինամիկա՝ ցիտրուսային մրգերի մասով, օրինակ, նարնջի, բայց մանդարինի դեպքում արձանագրել են 60 դրամի գնի նվազում։ Սա, ըստ ՏՄՊՊՀ-ի, պայմանավորված է բեռնափոխադրման որոշակի հարցերով։

Բացի այդ, ՏՄՊՊՀ-ից հայտնել են, որ արտարժույթի տատանումները ևս կապ ունեն, քանի որ ապրանքները մեծ մասամբ ներկրվում են այլ երկրներից, հիմնականում՝ դոլարով, և դա, բնականաբար, ազդում է գնի վրա։

Միևնույն ժամանակ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը փաստում է, որ տեղական արտադրության ապրանքների գները նվազում են․ դա հիմնականում պայմանավորված է այդ ապրանքների սեզոնային բնույթով․ օրինակ` լոլիկը, վարունգը ավելի ցածր արժեք ունեն, քան փետրվարին, ինչը նաև տրամաբանական է։

Խոսելով ալյուրի գնի մասին՝ Գեղամ Գևորգյանը նշում է, որ վերջերս այն 5 դրամով էժանացել է․

«Ալյուրի գինը թանկացել է մարտի 14-ից սկսած՝ 5 դրամ (290 դրամից դարձել է 285 դրամ, հեղ), այնուհետև այդ գինը պահպանվել է մինչև մարտի 26-ը։ Սա կարող է կապված լինել թե՛ արտարժույթի գնի հետ, որովհետև նույն արտարժույթի գնի նվազման հետ կապված՝ այսօր մենք տեսնում ենք նվազ գին, թե՛ բեռնափոխադրումների որոշակի խնդիրների հետ՝ կապված տարբեր երկրերում կարանտինային տարբեր ռեժիմների հետ»։

Ալյուրի գնի տատանումներին զուգահեռ, հացի գինը, ՏՄՊՊՀ նախագահի խոսքով, Երևանի խոշոր վաճառակետերում որևէ կերպ գին չի փոխել․

«Միակ մտահոգիչ հանգամանքը այն է, որ հացի գների նվազումը և բարձրացումը տեղի է ունեցել համատարած, այսինքն՝ էստեղ տնտեսվարող սուբյեկտները որոշակի համագործակցության եզրեր են ցույց տվել իրար միջև, որը մտահոգիչ է մեր օրենքի տեսանկյունից, սակայն նաև սա էլ պետք է կարողանանք հասականալ՝ քաղաքի կամ աշխարհրագրական տարածքի փոքրության և բիզնեսների կողմից միմյանց ճանաչելու և այդ տրամաբանությամբ աշխատելու մեջ»։

Գեղամ Գևորգյանը նշում է, որ գների բարձրացումը չի եղել կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով, քանի որ դա չի եղել «միանգամից»․ գները բարձրացել են աստիճանաբար․

«Գների բարձրացումը տեղի չի ունեցել միանգամից։ Այս փաստը ևս կարող է վկայել, որ գները բարձացան ոչ թե կորոնավիրուսի կամ պանդեմիայի հետևանքով՝ անմիջապես, այլ՝ որոշակի ժամանակ անց»,- ասում է նա։

Մենք նշեցինք, որ մարդիկ ահազանգում են՝ թանկացել են որոշ սննդամթերքներ՝ ձավարեղենը, ոսպը, հնդկաձավարը և այլն։ Ինչպե՞ս է ՏՄՊՊՀ-ն վերահսկում գնի բարձրացումն, ու ի՞նչ պատասխանատվության են ենթարկվում այն տնտեսվարողները, որոնք արհեստականորեն գին են բարձրացնում։ Գեղամ Գևորգյանն ասաց, որ արդեն իսկ վարույթներ են հարուցված կարագի, շաքարավազի, ձվի շուկայում, և նախատեսում են վարույթներ հարուցել նաև ձեթի, հավի բդի և հավի մսի շուկայում․

«Մենք, բնականաբար, հսկում ենք գների դինամիկան։ Մենք տեսանք, որ ներմուծման գները ոչ այնքան շատ էին բարձրացել, բայց միջնորդների միջոցով մինչև հասնում էր առևտրային ցանց, գինը թանկանում էր։ Այստեղ մենք պրոցես ենք սկսել, որպեսզի հասկանանք՝ ինչու է այդպես տեղի ունենում։ Միջնորդների խնդիրը կոնկրետ մի քանի տնտեսվարողների մեջ չէ, խնդիրը գլոբալ է։ Արդյոք անհրաժեշտություն կա օրենսդրական փոփոխությունների, որպեսզի ապագայում նման դեպքերը բացառվեն»:

Ինչ վերաբերում է տնտեսվարողների կողմից գնի արհեստական բարձրացմանը, ՏՄՊՊՀ նախագահի խոսքով,  արտակարգ իրավիճակի պայմաններում դա դիտվելու է՝ որպես «ծանրացուցիչ հանգամանք»:

«Վարույթների քննությունը, կախված արտակարգ դրության ռեժիմի կարգավորումներով, մենք դրանց համապատասխան պետք է աշխատենք, և պատասխանատվության միջոցները նախատեսված են օրենսդրությամբ։ Դրանք վարչական պատասխանատվության ենթարկելու մեր ունեցած մեխանիզմներն են՝ հասույթի մինչև 10%-ի չափով, որը բավականին մեծ գումար է»,- հայտնեց Գ․Գևորգյանը։

«Հետք»-ի ընթերցողներից մեկը նշել էր, որ «Վրաստանում որոշում կա, որ առաջին անհրաժեշտության մի քանի սննդամթերքի գներ տնտեսվարողները չպետք է բարձրացնեն», և հետաքրքվել՝ հնարավոր է նման փորձ կիրառել նաև Հայաստանում, ինչին ի պատասխան, ՏՄՊՊՀ նախագահը հայտնեց, որ իրենք «գնաճը չեն վերահսկում», իսկ նման փորձն էլ «սխալ է»․

«Նման փորձ մի քանի երկիր ունեցել է, որը, ժամանակը ցույց է տվել, որ բավականաչափ սխալ է, որովհետև դա պարունակում է իր մեջ մի շարք ռիսկեր։ Առաջին ռիսկը՝ հնարավոր է այդ գնոց չկարողանան ձեռք բերել ապրանքն ու ուղղակի դրա դեֆիցիտ առաջանա, երկրորդ ռիսկը՝ սև շուկայի առաջացման ռիսկն է, և երրորդ ռիսկը, որ օրենսդրությամբ նման պահանջ չի կարող իրականացվել։ Խիստ կասկածում եմ, որ որևէ երկիր մատնանշված ձևով իրականացնի։ Աշխարհի փորձը ցույց է տալիս, այդ ռիսկերը շատ ավելի մեծ վնաս են տալիս, քան օգուտ»,- ասաց Գ․ Գևորգյանը։

ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ, անշուշտ, կան անբարեխիղճ տնտեսվարողներ, բայց «չի լինի տնտեսվարող սուբյեկտ, ով խախտել է օրենսդրությունը, պատասխանատվության չենթարկվի»․

«Մենք չենք բացառում, որ կան խնդիրներ, չենք բացառում, որ կան տնտեսվարող սուբյեկտներ, որոնք այս կամ այն ձև կչարաշահեն իրենց ունեցած շուկայական իշխանությունը, բայց այս դինամիկան հստակ պատկեր է ցույց տալիս, նախ՝ արտաքին շուկաների ազդեցությունը Հայաստանում ճիշտ է կիրառվում։ Սա ցույց է տալիս, որ տնտեսվարող սուբյեկտների մեջ կա մրցակցություն, նաև ցույց է տալիս, որ շուկան փորձում է ինքն իրեն կարգավորել»,- ասաց Գ․ Գևորգյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter